milena araqelyan

Չհայրենիք

01.10.18: Հայաստան: Օդանավակայան: Պատկերացում չունեմ՝ ինչպես են լքում հայրենիքը: Հա, ամպագոռգոռ բառեր կարդացել եմ տարբեր գրվածքներում, ոչինչ չեմ զգացել, սառը հայացքով կարդացել եմ՝ կարծես էդպիսի երևույթ չի կարող պատահել: Օդանավակայանում հավաքվել են ընկերներս՝ միմյանցից ծայրաստիճան տարբեր, հավաքվել են մի նպատակով, հավաքվել են իրենցից մեկին ճանապարհելու՝ հույսով, որ մի օր հենց իրենք են ժպիտախառը դեմքերով դիմավորելու: Նայում եմ, հերթով նայում եմ նրանց դեմքերին, որ ձևացնում են՝ ուրախ են: Նայում եմ՝ անհագ նայելու ցանկությամբ: Վայ, գրեթե գիտակցում եմ, որ էլ չեմ տեսնելու, հասկանո՞ւմ եք, ոչ թե մեկ-երկու օրով, շաբաթներով կամ ամսով, չէ: Չեմ տեսնելու ու վերջ: Մեզ չեն բաժանում ընդամենը երեք-չորս կանգառները, բաժանելու են հազարավոր կիլոմետրերը, որոնց հաղթելը, չեմ ուզում գիտակցել, որ դժվար է լինելու:

Գրկախառնություն: Փորձում ես վերջին անգամ քո մի մասնիկը տալ նրանց ու վերցնել նրանցից: Չէ, քեզ խոսք ես տվել, լաց չես լինելու, մինչդեռ ուղեղումդ  անընդհատ պտտվում է Անահիտի՝ ‘«ու այդպես էլ մի կարգին հրաժեշտ չենք ունենում՝ օդանավակայաններում մի ծովաչափ լաց լինելով»: Ինքս ինձ խոստացածը մի վայրկյանում ցնդեց, երբ Լիլիթը ականջիս կրկնում էր. «Ամեն բան լավ է լինելու, լինելու է էնպես, ինչպես դու ես ուզում: Մենք միշտ կողքիդ ենք, մեզ կիլոմետրերը չեն հաղթելու»: Ախր, հենց այդ պահին հրաժեշտ երևույթ կոչվածը մտավ ուղեղս, ուժեղ հարվածեց: Մինչ այդ ես գիտեի, որ ամեն բան լավ է, չկան կիլոմետրեր, որ իրենք կողքիս են,  չկա «հեռացում» բառի գործողություն դառնալը: Ու արցունքները, առանց իրար հերթ տալու գլորվեցին:

Վերջ: Գնում եմ՝ արդեն գիտակցված: Էլ չեմ կարողանում նայել ընկերներիս դեմքերին: Փախչում եմ հայացքներից, մտքերումդ դաջվող ու ցավեցնող հայացքներից: Գնում եմ, առանց հետ նայելու:

Ինքնաթիռ: Ինձ թվում էր՝ արդեն համակերպվել եմ գնալ գաղափարի հետ: Չէ: Ականջակալներումս մեկը անընդհատ կրկնում է “save me from me”, ու հանկարծ ինքնաթիռը օդ է բարձրանում: Բարձրանալու հետ արցունքներս իջնում են: Արդեն հասկանում եմ ամպագոռգոռ հրաժեշտների մասին բոլոր գրվածքները:

***

Վայրէջք: Կիև: Չհայրենիք: Սառնությունից բացի ոչինչ չեմ զգում:

***

Նորից ինքնաթիռ: Նպատակակետիդ ավելի ես մոտենում: Ականջակալներումդ էլի նույն տողերն են, բայց հստակ գիտակցում ես, որ քեզ փրկողը միայն դու կարող ես լինել, ուրիշ ոչ ոք:

***

Վայրէջք: Փարիզ: «Չհայրենիք»: Համակերպվում ես զգացածդ սառնությանը: Ասում ես՝ հասել եմ, չանհանգստանաք, ու զգում, որ վերջ, դու արդեն հեռացել ես, ու մի օր նրանց անհանգստանալն էլ է հեռանալու:

Ուրիշ քաղաք: Ուրիշ-ուրիշ մարդիկ: Ուրիշ օդ, որը էդպես էլ չի հերիքելու: Համակերպվում ես: Տարբերակ չունես: Չես կարոտում: Քեզ հրահանգել ես՝ չկարոտել: