milena araqelyan

Չհասկացված կարոտ

Այստեղ մարդիկ կարոտի մասին չգիտեն: Նրանց լեզուն «կարոտ» երևույթը արտահայտում է «դու ինձ պակասում ես» (tu me manques) արտահայտությամբ: Ահա, թե ինչու է նրանց ժամանակը միշտ պլանավորած, գծագրած ու միշտ անխախտելի: Նրանք միշտ կառուցում են իրենց ժամանակն այնպես, որ իրարից չպակասեն: Ֆրանսիայում մարդիկ միշտ լիքն են իրարով: Նրանք վախենում են այդ «պակաս»-ից: Իսկ մե՞նք: Մենք դա անվանել ենք կարոտ ու սովորել, որ այդ պակասը ընդհանրապես վախենալու չէ: Որ սովորական է կարոտել մեկին, սարսափելի չէ զգալ մեկի քիչ լինելը, պակասելը, կամ առավել ևս՝ չլինելը: Մենք մեզ առանց կարոտի չենք պատկերացնում: Իրարով լիքն ենք հենց այդ պակասի շնորհիվ: Դու կիլոմետրերով հեռու ես քեզ ամենալավը հասկացող մարդկանցից, բայց մեկ է, հասկացվում ես հենց այդ կարոտի շնորհիվ, որովհետև կարոտի մեջ հարց ու պատասխան չկա: Հենց այդ մարդկանց պակասն է քեզ ստիպում առաջ շարժվել ու լցվել հույսով, որ օր է գալու՝ էլ չեն պակասելու: Դրանով ենք մենք ուժեղ այս մարդկանցից, ովքեր դեմ առ դեմ կարոտին հանդիպած չկան: Մենք նրան առերեսվել գիտենք ու որ ամենակարևորն է՝ հաղթել գիտենք: Երևի դրա համար էլ այսքան տխուր լինել գիտենք: Իսկ Ֆրանսիայում մարդիկ երջանիկ են, մարդիկ չեն հաշտվում պակասի հետ, մարդիկ կարոտել չգիտեն…