Չմոռանաք կարդալ. Դեկտեմբերը 17-ում

Այնպես ստացվեց, որ երբ 17-ի աշխատակազմը ամփոփում էր 2017-ի դեկտեմբերը 17-ում, իմի բերելով բոլորի կողմից հավանված նյութերը, որոնք գուցե ձեր աչքից վրիպել էին, կամ դեռ չեք հասցրել կարդալ, կամ էլ, պարզապես մեր նշելուց հետո կուզենաք վերընթերցել այլ աչքով, դրանց թիվը հենց 17-ն էր:

Դե ինչ, ազատ օրերը շատ են, և կհասցնեք կարդալ, մանավանդ որ իսկապես արժանի են: Նախ, ասենք, որ դեկտեմբերին բազում նոր թղթակիցներ միացան 17-ին. անգամ թղթակիցների նոր լուսանկարներից ու նոր անուններից կարող եք դա նկատել: Բոլոր նոր թղթակիցներին բարի երթ ենք մաղթւմ: Սպասում ենք գալիք տարում ձեզ տեսնել լավագույն թղթակիցների մեր շարքերում:

Իսկ որ մեկ տարվա մեջ կարելի է առաջին անվարժ թղթակցություններից հասնել իսկապես լրագրողական, հրապարակախոսական նոր մակարդակի, վկայում են այս ամիս հրապարակված շատ նյութեր:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Եթե դեռ չես կարդացել, ապա խորհուրդ ենք տալիս ընթերցել Միլենա Խաչիկյանի «Աննկատ, բայց ոչ մոռացված. Մաշտոց 45-ի գրախանութը», Անի Ավետիսյանի «Սև ու սպիտակ տրամադրություններ «հիշողության ձեղնահարկում» հարցազրույցները մեր կողքին ապրող մարդկանց մասին, ովքեր իրենց գոյությամբ, աշխատանքով, թեև աննկատ, բայց մեր կյանքին հաղորդում են նոր գույներ, անգամ սև ու սպիտակի մեջ:

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի

Հաճախ, երբ խոսում ենք լրագրողի դերի, նրան վերապահված չորրորդ իշխանության կոչման մասին, կամ ոգևորվում ենք, կամ հիասթափվում: Ոմանք ակնկալում են, որ լրագրողը պետք է լուծի բոլոր կնճռոտ հարցերն իր գրիչով,  մի մասն էլ, ավելի «սթափ» հայացքով խորհուրդ է տալիս գրել ավելի «վեհ բաների» մասին, սակայն լրագրողը հասարակության աչքն է, ականջը, ձայնը, նա արձագանքում և մեր ուշադրությունն է հրավիրում ցավոտ ու հուզող հարցերի վրա: Սա փոփոխության ու զգոնության առաջին քայլն է, առաջին, բայց շատ կարևոր: Անպայման կարդացեք Միլանա Գևորգյանի «Մահվան վերելակների ռեվոլյուցիան», Մարիամ Տոնոյանի «Մասնագիտությամբ խոպանչի», Աննա Մեսրոպյանի «Մեծ մարդը» հոդվածները:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

17-ը տարբերվում է մյուս լրագրողական կայքերից, նախ նրանով, որ մենք առաջին հերթին գրում ենք մեզ համար, մեր հասակակիցների համար, ու գրում ենք մեր մասին, մեր ընկերների ու մեր հարազատների մասին: ՄԵՆՔ ԻՆՔՆԱԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆՔ, որովհետև ունենք դրա պահանջը: Ուստի պատահական չէ, որ շատ ու շատ նյութեր հուզում են մեզ մինչ մեր սրտի խորքը: Հուզել. մի՞թե սա չէ ամենակարևորը. երբ ասելիքդ մտածելու, ապրումակցելու, ընթերցել-վերջացնելուց հետո «10 րոպե ավելի մեծ» դառնալը չէ: Եթե այո, ապա խորհուրդ ենք տալիս ընթերցել Անուշ Մկրտչյանի  «Անվերնագիր», Անուշ Աբրահամյանի «Հիշողությունների ցուցահանդես-վաճառք», Աստղիկ Հունանյանի «Հեչ էլ ռոմանտիկ չի», Անուշ Ջիլավյանի «Իմ 5-ը արժեզրկվեց արտագրողների պատճառով», Աստղիկ Քեշիշյանի «Մի կտոր իմ իրականությունից», Մարգարիտ Ուդումյանի «Անվերադարձ»,  Միլենա Բարսեղյանի «Ամանորը դեկտեմբերի 31-ը չէ», Թինա Մաքոյանի «Գիտեմ, չեք կարդալու»  (ի դեպ, Թինայի նյութը նաև դեկտեմբեր ամսվա ամենաընթերցված նյութն է) հրապարակումները:

Դեկտեմբերը նաև ամփոփումների ամիս է, մենք խնամքով ծալում, մեր հիշողության պահոցներն ենք ուղարկում լավագույնը, որ ունեցել ենք տարվա ընթացքում, լավագույնը, որ մեզ թվում է, վաղն այլևս չի կրկնվի, կարևորը, որը պետք է նաև մեկ անգամ էլ իմաստավորել: Ահա այդպիսի հոդվածներ են Սերյոժա Առաքելյանի «Բաղնիքը վառեք, գալիս ենք» եւ Աստղիկ Հունանյանի «Վարք Նարեկի»  հրապարակումները:

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Իսկ քանի որ դեկտեմբերի անբաժան մասն են կազմում նաև Նոր տարին ու Ձմեռ պապը, չենք անտեսել նաև սա մեր էջերում: Խորհուրդ ենք տալիս կարդալ Նաիրա Մխիթարյանի «Խորհուրդներ Ձմեռ պապին» եւ Վալենտինա Չիլինգարյանի «Նոթեր Ձմեռ պապիկի գոյության էվոլյուցիայի մասին» սրամիտ և աշխույժ նյութերը: 

Ի դեպ, ուրախ կլինենք, եթե դուք էլ ամեն ամիս մեզ գրեք, թե որն էր այդ ամսվա ձեր  հավանած նյութը և ինչու: Չէ որ մենք չենք դոփում տեղում, սովորում ենք, լսում խորհուրդներ ու առաջ ընթանում:

Դե ինչ, կհանդիպենք 2018-ին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: