anna baghdasaryan lori

Չուղարկված նամակների փոխարեն

Վազում ենք…

Վազում ենք կյանքի երկար ու բարդ ճանապարհներով, երբեմն շրջանցելով խորը ջրափոսերը, երբեմն՝ պարզապես չնկատելով։
Մենք միշտ թաքցնում ենք, թաքցնում ամենն, ինչը մերն է, թաքցնում երջանկությունը, դժբախտությունը։ Չնայած՝ մարդիկ երբեմն դժբախտությունը ի ցույց են դնում՝ իրենց դարձնելով «խղճալու առարկա», ինչն իրենց, կարծում եմ, դուր է գալիս։
Ես էլ եմ թաքցնում.․. Ես թաքցնում եմ գիրքը, որը սիրում եմ ամենից շատ, երգը, որը ամեն օր լսում եմ առաջին անգամվա հաճույքով, կարծես չգիտեմ բառերն ու նոր եմ զգում, ֆիլմը, որի ավարտը անգիր գիտեմ, բայց ամեն անգամ նայելիս՝ զարմանում եմ էդքան հրաշալի լինելու վրա։ Էնքան եմ կարդացել նույն բանը, լսել նույն բանը, նայել նույն բանը, որ դրանք ինքնաբերաբար իմն են դարձել։ Իմն են դարձել, ու ես թաքցնում եմ, որովհետև իմն են միայն ու միգուցե կխանդեմ՝ տեսնելով ուրիշների մոտ։
Ես թաքցնում եմ մտքերս, որոնք կցանկանայի ասել կամ գրել ինչ-որ մեկի, բայց հիմա չեմ թաքցնի։
Մի տարօրինակ երգչի.
«Բարև։ Գիտե՞ս, ես միշտ քեզ տեսնում եմ՝ երազում, հեռախոսիս էկրանին, բացում եմ սենյակիս դուռը, էլի քեզ եմ տեսնում, բացում եմ էսքիզներիս գիրքը՝ միայն դու ես։ Տեսնես ինչի՞ց է։ Երևի նրանից է, որ մարդը չի կարող լինել այնքան հրաշալի, որքան դու ես։ Ես քեզ մի քանի հարցով եմ գրել, որոնք միշտ տանջել են ինձ. «Ինչո՞ւ ես դու հրաշալի», «Ինչո՞ւ ես քեզ երբեք իրականում չեմ տեսնում», «Ինչո՞ւ ես էդքան անկեղծ քո երգերում», «Ինչո՞ւ ես ուրիշ»։ Չէ, ես բոլորովին չեմ դժգոհում, որովհետև դու ուրիշ ես, ու ես սիրում եմ քեզ, երգերդ ու առհասարակ, ես սիրում եմ քո աշխարհը ու կուզեի գոնե մեկ անգամ լինել այդտեղ։ Մեկ-մեկ ամաչում եմ քո բարությունից։ Խե՞նթ եմ։ Չէ՜, խենթ չեմ, ուղղակի դու ես չափազանց բարի։ Ուզում եմ ասել, որ դու իմն ես դարձել, որ ես սիրահարվել եմ երգերիդ ամեն մի բառին։ Դու մեկը չես։ Դու չորս մարդ ես, բայց դուք ոնց որ մեկը լինեք։ Մի եղեք այդքան կատարյալ, երբ այդքան հեռու եք ինձնից։ Դուք ոչինչ չեք թաքցնում, չէ՞։ Դուք անկեղծ եք, դուք անհետացող տեսակ եք Երկրի վրա»։
Չեմ նշի խմբի (կամ երգչի կամ իրենց կամ բոլորի) անունը, որովհետև նրանք դարձել են իմը, իսկ իմը միշտ իմն է մնում, և եթե աշխարհի վրա մեկ մարդ էլ ավել իմանա իրենց մասին, ես ավելի կհատնեմ։

Աննայի մտքերը խառնվել են, էս ի՞նչ եմ գրել…