lilit hovsepyan

Չստացված հարցազրույց

Կիրակի էր, և ըստ մեր սովորության, ես ու մայրս որոշեցինք գնալ  պապիկիս տուն։ Այս անգամ ես նաև նպատակ ունեի նրանից հարցազրույց վերցնելու, այդ պատճառով շտապում էի նրա մոտ։ Պապիկս մենակ է ապրում, հայրենասիրության պատճառով թե ճակատագրի՝ դա ոչ ոք չգիտե, բայց նա չի էլ բողոքում, ոչինչ չի ասում: Նրա ընտանիքը գտնվում է արտերկրում, և չնայած նրանց հորդորներին, որ ինքն էլ գնա իրենց մոտ, գերադասում է մնալ մենակ և սպասել նրանց վերադարձին։ Պապիկիս կարգախոսն է` «Մի կտոր հաց իմ հողի վրա», ու որ տունը չի կարելի դատարկ թողնել։ Եվ չնայած, որ 60-ն անց է, կարողանում է համեղ պատրաստել, նույնիսկ ստեղծել իր իսկ բաղադրատոմսերը, ինչպես նաև հմուտ է իր արհեստում։ Բայց իմ պապիկի ամենագնահատված ու բոլորի կողմից սիրված տաղանդն է հումորի և տակտի զգացումը։ Պապիկս ասում է. «Պետք չէ կոպիտ խոսել որևէ մեկի հետ, երբեմն կարող ես հումորով մարդուն մտցնել ցեխը ու հանել»։

Վերջապես հասանք, նա շենքի դիմաց մեզ դիմավորեց իր բարի ժպիտով։

Ամեն անգամ իմ` «Կարոտել էի, պապ» խոսքերից հետո ոչինչ չէր ասում ու թողնում էր գործը իր թախծոտ, կարոտած աչքերին, որոնք ամեն անգամ մի պատմություն էին պատմում։ Միասին բարձրացանք տուն, ընթացքում խոսելով կենցաղային թեմաներից։ Հասնելուն պես ես չդիմացա ու միանգամից հայտնեցի ցանկությունս նրանից հարցազրույց վերցնելու: Պապս ոչինչ չասաց, դուրս եկավ սենյակից և գնաց մայրիկիս մոտ։ Ես մտածեցի, թե ոչինչ, մի անգամ էլ կասեմ, հաստատ կհամաձայնվի։

Անցավ մեկ ժամ, հետո երկու, ընթացքում ես նույնիսկ հասցրեցի դասերս անել, բայց այդ թեման այդպես էլ չշոշափվեց։

Արդեն ժամը վեցն էր, պատրաստվում էինք գնալ տուն։ Վերելակով իջնում էինք այդ 13 հարկը, ու ես մի քիչ հիասթափված ու տխուր դեմքով նայում էի այս ու այն կողմ։ Երբ արդեն իջել էինք, ու պապիկը իր սովորության համաձայն, փնտրում էր իր տաքսիստ ընկերներից մեկի ավտոմեքենան, որպեսզի մեզ ճանապարհի տուն, մի պահ աչքերս լցվեցին։ Ես հասկացա, որ պապիկս ինչ֊ որ հարկավոր էր ինձ, տվել էր՝ իր սերն ու ջերմությունը։ Իսկ գնալուց ասաց, որ հարցազրույց չի ուզում տալ, քանի որ նկարահանումներ չի սիրում ու եթե սիրեր, հիմա շուտվանից էր դերասան դարձել ու համբուրելով ճակատս ավելացրեց.

֊Մի նեղացիր, միգուցե իննսուն տարի հետո փոխեմ կարծիքս։

Եվ իր տաքսիստ ընկեր Սերոժ պապիկը ժպտալով ասաց.

֊Վա՜յ Հրաչ, Հրաչ,ամեն մի բառդ իմաստ ունի։

Ես  հարցազրույց չարեցի։ Դրա տեղը գրեցի պատմություն, որի համար նկարահանումներ պետք չեկան։