tatev telunts

Պայթյունն ավարտվեց ծաղիկներով

Հետաքրքիր է, որ ամեն օր մենք վեր ենք կենում ու ոչնչի մասին չմտածելով՝ սկսում ենք վարել մեր սովորական կյանքը, չիմանալով, թե ինչ փոփոխություն կբերի օրը մեր կյանքում։ Փոփոխություններ, որ միգուցե կարթնացնեն մեր սրտի քնած անկյունները իրենց զիլ հնչյուններով։

Ամառ էր։ Ես գտնվում էի «NPRC Creative English Camp»-ում՝ Հանքավանում։ Հավաքվել էին Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերից 60 երիտասարդներ, ովքեր National Poetry Recitation Contest ասմունքի մրցույթում զբաղեցրել էին 1-ին հորիզոնականը, տարբեր ազգերից կամավորներ ու շատ հետաքրքիր ու փորձառու մարդիկ, որոնց հետ աշխատելը շատ հետաքրքիր էր ու երևի դա է պատճառը, որ հիմա անսահման կարոտում եմ այդ ամեն ինչը։ Ճամբարում էր նաև մի իռլանդացի պոետ՝ Damian Gorman-ը, ում ասած տողերը փոխեցին իմ կյանքի շատ էջեր։

Ճամբարում խաղ էինք խաղում, իսկ ես չէի հասցրել լսել խաղի կանոննեը։ Խաղի նպատակն էր գտնել այն մարդկանց, ովքեր իրենց մեջքի վրա ունեին կպցրած այն նույն գույնի կպչուկը (ստիկեր), որից ունես նաև դու։ Բոլորը զբաղված էին իրենց «ստիկերակից» ընկերոջը գտնելով, իսկ ես, բանից «բեխաբար», նայում էի էդ շփոթված մասսային ու ավելի շփոթվում, որ չգիտեի, թե ինչ պետք է անեի։ Ես, անկեղծ ասած, էդպես էլ չգտա։ Խաղի վերջում չինացի և կամբոջացի կամավորներն ասացին, որ դա կոչվում է մարմնի լեզու՝ body language, որին Տաթևը չի տիրապետում։

Դե, ես ընդհանապես շատ վատ ու հոգեմաշ բնավորության գիծ ունեմ․ հոգիս ամեն ինչ ծանրացնում է, իսկ բոլորի ծանր հայացքները՝ էլ ավելի։ Երբեք չէի զգացել բառերի ներգործությունն էնքան շատ, որքան էդ անգամ, ու հասկացա, որ բառերի հետ շատ զգույշ պետք է լինել։ Այդ պահերին ես մտածում էի, որ աշխարհում ամեն ինչ շատ վատ է, մարդիկ չեն հասկանում, թե ինչ են ասում, ու մյուսների զգացմունքների հաշվին՝ իրենք իրենց գործն են ուզում առաջ տանել ու մնացածին ավելի հասկանալի դարձնել։ Մի խոսքով, ես ինձ այդ պահին զգում էի աշխարհի տխրագույն էակը, ով ուզում էր մենակ մնալ։ Ես ապրում եմ գրքերի ու մտքերի աշխարհում, ու միակ բանը, որ հոգիս կարողանում է թեթևացնել՝ դա արվեստն է՝ ստեղծագործելը, գրելը։ Այդ պահերին ինձ թվում էր, թե ներսիցս մի բան կպայթի։ Ու պայթեց։ Պայթեցին մտքերս դատարկ թղթի վրա։ Չէի մտածում, թե ինչ էի գրում։ Ուղղակի գրում էի պահը հաղթահարելու համար։ Փաստորեն այդ գրվածքի մեջ ես ցանկանում էի մի նոր սկիզբ ու խուսափում այն ամեն ինչից, ինչը երբևէ պատահել էր ու ուզում էի, որ մարդիկ հասկանան իրենց ասածների ողջ իմաստն ու հետևանքները։ Չէի նկատում, որ կողքիս երեխեքի մի խումբ գոռգոռալով խաղ էր խաղում, որոշները վազվզում էին, շատերը էդ սիրուն տեղով հիանում։

Բարեբախտաբար, էնտեղ մեկը կար, ով կհասկանար ինձ, ու ես կյանքում առաջին անգամ գրածս պատռելու փոխարեն տվեցի մեկին ու խնդրեցի պարզապես կարդալ։ Դրա պատճառն այն էր, որ հոգուս խորքում ես հասկանում էի, որ ուզում եմ մեկի հետ խոսել ու միգուցե այդկերպ հասկանալ, թե ես ինչ եմ իրականում ուզում։ Մեր մոտ հաջորդ դասընթացն էր՝ բանակցությունների մասին, ու ես համարյա դասընթացի ավարտին տեսա նրան՝ գրածս ձեռքին։ Հայտարարվեց, որ հացի ժամն էր, բոլորը վազեցին ճաշարան, իսկ պոետը ցանկացավ խոսել ինձ հետ։ Դա խոսակցություն էր, որի մեջ անսահման շատ անկեղծություն կար ու հասկացողություն։ Դա խոսակցություն էր, որտեղ ասված բոլոր բառերը սերմեր էին, որ լցվում էին սիրտս ու մինչև հիմա ծաղկում են ու կյանքիս բազում պահերի սիրտս ծաղիկներով են լցնում։ Մեր խոսակցությունից հետո ես հասկացա, որ ես կարևոր եմ ու ոչ միայն ես, այլ նաև ամեն մարդ էս աշխարհում; Ես մտածում էի, թե մարդիկ միշտ դիտավորյալ են բառեր ասում, բայց հետո հասկացա, որ երբեմն չենք հասկանում, թե ինչ ենք ասում ու պարզապես դրա մասին չենք մտածում։ Ես այն պահին մտածում էի, թե մենակ եմ, բայց պոետն ինձ ասաց․ «Եթե դու այնտեղ կանգնեիր ու ասեիր, որ քեզ պետք է մեկը, ում հետ դու կցանկանայիր խոսել, վստահ եմ, որ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, կցանկանային քեզ հետ զրուցել»։ Մենք երբեք էլ մենակ չենք լինում, դա զգացողություն է, որը կանգնեցնում է մեզ նույն տեղում ու մթնեցնում մեր շուրջը եղած ամեն ինչ, բայց երբ այդ մթության միջից մենք գլուխներս բարձրացնենք, կտեսնենք, որ հեռվում՝ երանելի մի տեղում, շատ լույսեր կան մեզ համար, որոնց ուղղակի պետք է գտնել ու հետևել։

Ինձ հետ երբեմն էլի այդպիսի պահեր պատահում են, բայց նմանատիպ պահերին ես արդեն ոչ թե փակվում եմ իմ աշխարհում ու մտածում, որ ինձ նոր սկիզբ է պետք, այլ կարծում եմ, որ ամեն ինչի համար ժամանակ է պետք։ Ժամանակի մեջ չկոտրվելը ու համբերատար պայքարելը օգնում են ինձ հասկանալ, թե ով եմ ես և ինչ եմ ցանկանում։ Պոետը մեր խոսակցությունը հավերժացրեց հետևյալ խոսքերով․ «Քո պատմությունը կարևոր է։ Եվ ոչ միայն քեզ համար, այլ նաև ուրիշների, քանի որ այն շարժվում է դեպի ուրիշ մարդկանց պատմությունը՝ որպես օգնության մեկնված ձեռք»։