sona zaqaryan

Պայքարելու և հուսալու մասին

2015 թվականն էր, երբ իմացա մի ծրագրի մասին, որը երկու տարի հետո փոխելու էր կյանքս: Խոսքը Ֆլեքս (FLEX- Future Leaders Exchange program) ծրագրի մասին է: Հետո իմացա, որ նախորդ տարիների Ֆլեքս շրջանավարտները ճամբար են կազմակերպում Սիսիան քաղաքում և որոշեցի մասնակցել: Ճամբարում շատ նոր բաներ իմացա Ֆլեքսի մասին և այդ օրվանից անհամբերությամբ սպասում էի, թե երբ պետք է սկսվեն քննությունները, որ մասնակցեմ:

Եկավ շատ սպասված օրը, շատ լարված էի, մտածում էի, որ դժվար կլինի, ու անգամ առաջին փուլը չեմ կարողանա անցնել, բայց հաղթահարեցի:

Երկրորդ փուլն ավելի բարդ էր, բայց հույս ունեի, որ կանցնեմ (առհասարակ՝ ես միշտ հույս ունեմ, թեկուզ շատ չնչին ու փոքր): Հույսերս չարդարացան, որովհետև չկարողացա հաղթահարել երկրորդ փուլը: Հույսերը չարդարանալն ու հուսահատվելը տարբեր բաներ են: Իսկ ես չհուսահատվեցի: Մտադրվեցի, որ մյուս տարի անպայման նորից պետք է մասնակցեմ: Նույն ապրումների միջով անցնելով՝ հաղթահարեցի առաջին փուլը, երկրորդը՝ նույնպես:

Մեկ տարվա ընթացքում ես զգում էի, թե ինչքան եմ հասունացել, զգում էի առաջընթացս: Եվ, ահա, սկսվեցին երկար ու ձիգ հինգ ամիսները, որոնց ավարտից հետո պետք է իմանայի՝ արդյո՞ք ծրագրի հաղթող եմ ճանաչվել, թե՞ ոչ: Այդ ամիսների ընթացքում ամեն րոպե դրա մասին էի մտածում, կարծես ամեն ինչ ինձ հիշեցներ Ֆլեքսի մասին: Տարբեր կերպ էի տրամադրվում ու մտածում. «Սոնա, պատկերացնո՞ւմ ես զանգեն ու ասեն, որ անցել ես»: «Սոնա, իսկ եթե ասեն, որ չես անցել, ուրե՞մն… Ուրեմն մյուս տարի նորից կփորձեմ, կտխրեմ, բայց չեմ հուսահատվի»:

2017 թվականի մարտի 15-ն էր: Օրս հետաքրքիր և ուրախ էր սկսվել: Այդ օրերին անընդհատ զանգի էի սպասում, ամեն մի հեռախոսազանգ լսելիս՝ սիրտս արագ էր աշխատում: Դպրոցում էի, ՆԶՊ-ի ժամն էր, և հանկարծ հեռախոսազանգ եմ ստանում. «091-ով սկսվող համար է, պետք է որ «Ֆլեքսի» համար զանգեն»: Վերցրեցի հեռախոսը. «Սոնա, պատրաստ եղիր, կանցնես՝ շատ լավ, չես անցնի՝ ուրեմն, դա է ճիշտը»:

-Ալո, բարև ձեզ, Սոնայի հե՞տ եմ խոսում:

-Այո:

-Շնորհավորում եմ, դուք դարձել եք «Ֆլեքս» ծրագրի հաղթող:

Չգիտեմ՝ հետս ինչ կատարվեց, արցունքները ակամա գլորվեցին աչքերիցս.

-Սո՞ն, անցե՞լ ես,- բացականչեց Անին:

Գլխով արեցի, բոլոր ընկերներս եկան ու գրկեցին ինձ: Իմ կյանքի ամենահուզիչ պահերից մեկն էր, և ես լաց էի լինում: Կարծես երազ լիներ, մի քանի օր չէի կարողանում ուշքի գալ: Բոլորը շնորհավորում էին, տարբեր հարցեր տալիս:

Հետո սկսվեցին պատրաստությունները, ժողովները, հանդիպումները մյուս հաղթողների հետ: Կարող եմ վստահորեն ասել, որ հիմա մենք մի մեծ ընտանիք ենք, «Ֆլեքսի» հաղթողներից յուրաքանչյուրը մի վառ անհատականություն է, և համոզված եմ, որ ապագայում մեծ հաջողությունների է հասնելու:

Ֆլեքսը այն ծրագրերից մեկն է, որի շնորհիվ ես համոզվեցի, որ արդարությունը, ազնվությունը և տքնաջան աշխատանքը միշտ գնահատվում են, և որ միշտ պետք է հետևես երազանքներիդ՝ դրանք դարձնելով նպատակներ, ու երբեք չհիասթափվես:

Մեկ ամսից ես արդեն ԱՄՆ-ում կլինեմ՝ հեռու Հայաստանից, հարազատներից ու ընկերներից: Մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում դրան ու գիտակցում, որ սա կյանքի մի փուլ է լինելու, որը պետք է պատվով հաղթահարեմ: «Դրական տրամադրվենք և համբերատար լինենք»՝ ահա իմ կարգախոսը: Հուսամ, որ այդ կարգախոսը կյանքում ինձ շատ կօգնի:

Իսկ դուք սպասեք իմ հետաքրքիր նյութերին՝ արդեն ԱՄՆ-ից: