Պայքարն արվեստում

Երբ հուլիսի 25-ին ինստագրամում մի հրապարակում տեսա, տակնուվրա եղան մտքերս, ու մտովի մի էսքիզ արեցի։ Հրապարակումն արվել էր «Իմփաքթ Հաբ»-ի կողմից։ Եթե անկեղծ լինեմ, կազմակերպության մասին երբևէ չէի լսել և նրանց չէի հետևում սոցիալական ցանցերում, բայց հիմա ամեն ջանք թափում եմ, որպեսզի նրանց հրապարակումների մասին առաջինը ես իմանամ։ Ինստագրամյան այդ հրապարակումն ասում էր, որ կազմակերպությունը որոշել է հայտարարել միջազգային մրցույթ արվեստով հետաքրքրված մարդկանց համար։ Մրցույթի մասնակիցները պետք է ստեղծեին հակակոռուպցիոն պոստերներ։ Երբևէ չէի հետաքրքրվել պոստերներով, բայց որոշեցի այս անգամ փորձել, չնայած՝ հայտերի ընդունման ավարտին մնացել էր մի քանի ժամ։

Երեք ամիս անց ես այն սակավաթիվ հաջողակների թվում էի, որոնք միջազգային ժյուրիի գնահատանքից հետո անցել էին վերջին փուլ։ Հանրային բաց քվեարկությունից հետո՝ իմ պոստերը հանրության նախընտրածն էր։

Իրականում մասնակիցներից շատերը միգուցե մասնակցում էին ճանաչում, նոր ծանոթություններ կամ փորձ ձեռք բերելու նպատակով։ Բայց իմ նպատակը մեկն էր՝ լսելի դարձնել իմ ձայնը և ունենալ իմ ներդրումը հակակոռուպցիոն պայքարում։

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Այսօր տեսնում եմ իմ ժողովրդի ամենօրյա պայքարը։ Տեսնում եմ, որ ցույցի գնալը դարձել է սովորական քայլ, քանի որ բոլորն էլ գիտակցում են՝ ինչի համար են պայքարում։ Պայքարում են ոչ միայն ներկա իշխանությունների, այլև կոռուպցիայի, անարդարության, անհավասարության դեմ։ Մարդիկ պայքարում են իրենց երազանքների, նպատակների, իրավունքների, բարեկեցիկ կյանքի իրավունքի ու հաջորդ սերունդների ապագայի համար։

Ուրախ եմ, որ ամիսներ առաջ արել եմ իմ ուրույն պայքարի քայլը՝ փորձելով դարձնել կարծիքս բարձրաձայնված, փորձելով փրկել երազելու իրավունքս։ Ուրախ եմ, որ անում եմ քայլս մինչև այսօր։