Ես Մարինեն եմ: Ապրում եմ Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկում` Ջուջևանում: Այստեղ է գտնվում մեր չքնաղ այգին` տասնամյա խնձորենիներով: Այգին ողջ ընտանիքով ենք մշակում, և աշխատանքի մեծագույն վարձատրությունը կարմրաթուշ խնձորներն են: Մինչև բերքի հասունացումը երեք-չորս անգամ ջրում ենք: Շատ եմ սիրում նստել ջրվող ծառի կողքին, նայել, թե ինչպես է ջուրը թափանցում չորացած հողի փշրանքների մեջ, լցնում ճեղքերը, ինչպես է հողը հագենում և ծառը պայծառանում: Բացի ջրելը, ծառերին անհրաժեշտ է նաև ամենամյա բուժիչ սրսկումներ, և ամեն անգամ սրսկումից հետո սրտի տրոփյունով ես սպասում եմ, որ հանկարծ անձրև չգա: Սակայն արդեն չորս տարի է, չնայած հոգատար խնամքին, այգին ոչ մի հատ խնձոր չի տվել: Գարնանը` ծառերի ծաղկման շրջանում, սպիտակ ծաղիկները ծածկվում են սպիտակ ձյան փաթիլներով ու թափվում: Հայրս որոշել է այս տարի չմշակել այգին:
Գարուն է, ես սկսել եմ փխրեցնել ծառերի հիմքի հողը, հաճույքով եմ անում այդ ամենը, բայց միայնակ ամբողջը չեմ կարողանա:
Մենք շատ ենք սիրում մեր այգին, և համոզված եմ , որ հայրս էլ իմ եռանդից կոգևորվի և ևս մեկ անգամ կփորձի վաստակել բնության բարեհաճությունը: