Պապիկս. . .

Մեր ազգանունը ամբողջ մարզում միակն է: Բայց պապիկս ասում է, թե այս ազգանունը ամբողջ Հայաստանում է միակը` Կուրեխյան: Եվ դրա համար է, որ բոլորը նրան դիմում են ազգանունով` Կուրեխյան: Վայքում և հարակից գյուղերում չես գտնի 40-ն անց մի մարդ, որ չճանաչի պապիկիս, նույնիսկ, երբ հարևանները տաքսի են պատվիրում, ասում են` եկեք «ավտոբուսի շոֆեռ Հայկազենց տան մոտ»: Պապիկիս անուն-ազգանունը սկզբից եղել է Հայկազ Բաղդասարյան: Այն գյուղում, որտեղ ինքն է ապրել, եղել է նաև Վաչիկ Կուրեղյան անունով մարդ: Նրանք եղել են նույն տարիքի: Վաչիկ Կուրեղյանը ինչ-ինչ պատճառներով անհետ կորավ:

Բանակում ծառայելուց հետո պապս վերադարձավ հայրենիք: 20 տարեկան հասակում, երբ արդեն պապիկը գնաց անձնագիր ստանալու, նրա անուն-ազգանունը շփոթեցին և գրեցին Վաչիկ Կուրեղյան` Հայկազ Բաղդասարյանի փոխարեն: Նա ստիպված եղավ ծառայության մեկնել  նորից արդեն որպես Վաչիկ Կուրեղյան: Նա ծառայել է 4 տարի 3 ամիս: Այնտեղ նրանից խլեցին անձնագիրը, մի կերպ վերադարձավ տուն և դիմեց նոր անձանգիր ստանալու: Արդեն ինքն ուզեց, որ գրեն ոչ թե Հայկազ Բաղդասարյան կամ Վաչիկ Կուրեղյան,այլ` Վաչիկ Կուրեխյան: Ինչո՞ւ Կուրեխյան, ոչ թե` Կուրեղյան, նա բացատրում է այսպես`«Հոպարս ասում էր, եթե ուզում ես դնել Կուրեղյան. բեր ղ տառը փոխենք խ-ով, թող դառնա Կուրեխյան,Կուրեխ  համ էլ մեր պապի անուննա», էդպես էլ արեցին: Ի վերջո, Բաղդասարյան Հայկազը դարձավ Կուրեխյան Վաչիկ: Ծառայության ժամանակ նա սովորեց ավտոդպրոցում, եղավ հրամանատարի անձնական վարորդը: Վերադարձավ տուն, մի քանի տարի աշխատեց հովիվ, հետո 60-ական թվականներին սկսեց վարել տարբեր տեսակի բեռնատար մեքենաներ, բայց տեսնելով, որ այդ գործը իր համար շատ հոգնեցուցիչ է, խնդրեց իրեն տալ ավտոբուս` որևէ ուղղությամբ վարելու համար: Նրան չմերժեցին` ստացավ ավտոբուս և սկսեց վարել Ազիզբեկով-Ջերմուկ ուղղությամբ մոտ 2 տարի (Ազիզբեկովը Վայքի հին անունն է): Հետո տեսնելով, որ պապիկս շատ լավ վարորդ է, նրան  հանձնեցին ավելի լավ ավտոբուս` արդեն Ազիզբեկով-Երևան ուղղությամբ վարելու համար: Բացի դրանից վարել է նաև տուրիստական ավտոբուս: Ընդհանուր թվով, պապիկս վարել է երեք ավտոբուս, մեկ տաքսի, երեք բեռնատար մեքենա և մեկ «Վիլիս» մակնիշի ավտոմեքենա: Վերջին մեքենան եղել է դեղին գույնի «Պազիկ» ավտոբուսը: Պապիկը դա վարում էր այն ժամանակ, երբ արդեն ԽՍՀՄ-ը փլուզման եզրին էր: Սովորության համաձայն, նա միշտ իր մեքենաները կանգնեցնում էր տան մոտ, ոչ թե  ավտոպարկում, բայց մի գիշեր որոշում է կանգնեցնել այնտեղ, քանի որ նրան ասել էին, թե ստուգողներ պիտի գան: Ցավոք, դա սուտ էր: Հենց այդ գիշեր կայանատեղից գողացան նրա ավտոբուսը: Պապիկիս խոստացան, որ կվերադարձնեն ավտոբուսը, սակայն շուտով ԽՍՀՄ-ը  փլուզվեց: Իհարկե, պապիկի պատմությունը այս ամենով չի ավարտվում: Ես դրանք կպատմեմ հաջորդիվ: