Պապիս ապրած և չապրած տարիները

Լուսանկարը` Գոհար Փարսյանի

Լուսանկարը` Գոհար Փարսյանի

Յուրաքանչյուրի մասին կարող ես խոսել, թե՛ ծանոթների, թե՛ անծանոթների, բայց հարազատներիդ մասին և հատկապես պապիդ մասին, բառեր չես կարող գտնել՝ խոսելու կամ գրելու համար:

Պապս՝ Աշոտը, ճաղատ, միշտ թախծոտ աչքերով մարդ էր: Ճիշտ է, վերջին 8 տարիների ընթացքում նա դժվարանում էր քայլել, սակայն այդ վիճակում ևս, նա չէր դադարում ուրիշների մասին մտածել:

Դժվարանում եմ պապիս մասին անցյալով խոսել, որովհետև նա մեզ հետ է, կապ չունի, որ ֆիզիկապես լքել է մեզ, նա հոգեպես մեր կողքին է և պաշտպանում է մեզ ցանկացած փորձությունից:

Պապս՝ Փարսյան Աշոտը, ծնվել է 1941թ.-ի նոյեմբերի 4-ին, մեր հին ու չքնաղ Հալիձորում: Հին գյուղում էլ ստացել է 8-ամյա կրթություն, այնուհետև ուսումը շարունակել է Շինուհայրում: Դպրոցն ավարտելուց հետո նրան չեն տանում բանակ. ծնողները ծեր էին, պապիս խնամակալության տակ, սակայն 2 տարի հետո, զինակոչվում է, ծառայությունն ավարտելուց հետո վերադառնում է հայրենիք և ամուսնանում տատիս՝ Ռոզայի հետ (եթե հիշում եք, տատիս մասին էլ եմ գրել):

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Երբ տատիս հարցրի, թե ինչպես են ծանոթացել, ամուսնացել, տատս նայեց ինձ, աչքերը մի փոքր լցրեց ու լռեց: Ճիշտ է, այդպես էլ չիմացա, բայց գիտեմ, որ մի հետաքրքիր ձևով ծանոթացած կլինեն:

Ամուսնանալուց հետո պապս և տատս մեկնում են Բաքու, որտեղ ծնվում է մորաքույրս՝ Ալինան, այնուհետև վերադառնում են Հին Հալիձոր: Երեք տարի հետո ծնվում է քեռիս՝ Ռոբերտը:

Ինչպես նշել էի տատիս մասին հոդվածում, 1960-ական թվականներից Հին Հալիձորից մարդիկ բարձրանում էին ներկայիս գյուղ: Տատս ու պապս առաջիններից էին, ովքեր նոր Հալիձորում սեփական ձեռքերով տուն կառուցեցին: 1972 թվականին տեղափոխվեցին նորակառույց տուն, բայց շարունակեցին մշակել նաև հին գյուղի այգիները:
Նոր գյուղում նոր տանը ծնվում է մայրս՝ Իրան: Այս շրջանում պապս պահեստապետ էր, այդ ժամանակ Գորիսում ինչքան խանութ, բուֆետ կար, իրենց սնունդը պապս էր բաժանում:
Մայրիկիս ծնվելուց երեք տարի հետո էլ ծնվում է մյուս քեռիս՝ Վարդանը:

Տատս ու պապս, 4 երեխաներին էլ շատ սիրում, խնամում, պատրաստված դպրոց էին ուղարկում:

Պապիս մասին անվերջ կարելի է նստել և խոսել, մայրիկս հաճախ է պատմում պապիս մասին, ասում է.
-Պապիկդ ամեն օր մեր դասերը ստուգում էր: Մի օր, երբ ստուգելու ժամը գալիս է, իսկ մենք դաս սովորած չեն լինում, ասում ենք, որ պատմությունը կարդալ է տվել, պապիկդ էլ թե բա՝ էշի մեկերը, ո՞վ ա տեսել պատմությունը կարդալ տան (ի դեպ, «էշի մեկերը» պապիս սիրած բառերից էր):

Մայրս նաև պատմում է, թե ինչպես էր օգնում պապիկիս հաշվապահական աշխատանքներում: Այն ժամանակ փայտի համրիչներով էին հաշվում, և այդտեղից էլ մայրիկիս մեջ սեր ծնվեց դեպի հաշվապահությունը և այդ ուղղությամբ էլ սովորեց:

Հիշում եմ, երբ գնում էի պապիկենց տուն, պապիկս ասում էր, որ Իզան փողոցի սկզբում ա լինում, ես միանգամից իմանում եմ, էնքան բարձր ա խոսում:
Դե, ես փոքր ժամանակ հայտնի էի բարձր խոսելով:

Պապիս քույրը՝ Թամարա տատիկը, ասում էր, որ երբ ինքը փոքր էր, պապիկս գնում էր խոտ հնձելու, ինքն էլ էշին էր տանում, որ խոտը լցնեն վրան ու տանեն տուն:

Փոքր ժամանակ, բոլոր թոռներս գիտեինք, թե պապիս անունը Փարսյան է: Դե իրեն բոլորը Փարսյանով էին դիմում: Այնքան հիշողություններ կան, որ չգիտեմ, որը գրել, որը՝ թողնել:

Պապիս բոլորը սիրում և հարգում էին: Նա մեզ համար հիանալի օրինակ է թե՛ իր մարդ տեսակով, թե՛ իր աշխատասիրությամբ: