Meri Dadyan

Պապիս խաղերից կպատմեմ

Ամենաշատը սիրում եմ սպասել կապույտ փղիկին… Փղիկի սիրահարը կանգառում երեսուն րոպե սպասելուց չի էլ տրտնջում։ Իմ երթուղայինը կապույտ փղիկն է, մնացածին առանց գույնի անվանում եմ փիղ կամ փղիկիկ՝ կախված չափից։

Վերջապես երթուղայինս եկավ, իմ միակը, բայց և դավաճանը։ Երթուղայինս միաժամանակ միավորում է շատերին, այնքան է միավորում, որ անգամ ինչպես ասում են՝ ասեղ գցելու տեղ չի լինում։ Շատ հաճախ պատահում է, որ ոչ միայն ինձ, այլ մի ամբողջ ինձպեսների դավաճանում է և կես ճանապարհին թողնում։«Կներեք, անցնեմ, էլի», մեկ էլ՝ «Այ աղջիկ ջան, մի քիչ առաջ գնա` մենք էլ բարձրանանք»,կամ էլ՝ «Մեռնեմ քեզ, իջնո՞ւմ ես»։ Իմ օրը առանց այս արտահայտությունների չեմ էլ կարող պատկերացնել: Հա՜, մոռացա ավանդականը. «Մի հատ սա փոխանցեք»։

Այլևս սովորություն չունեմ երթուղային բարձրանալ ականջակալներով:

Մեկ ամիս առաջ էր… Վարժարանից դուրս գալով՝ սովորությանս համաձայն, առաջինը մոտեցա գիրք վաճառով պապիկին.

-Այս գիրքն ի՞նչ արժե:

-600 դրամ,- չգիտեմ թե ինչու, պատասխանեց կոպիտ, երևի պատճառն այն էր, որ ամեն անգամ մոտենում եմ, ինձ հետաքրքիր գիրք չգտնելով՝ հեռանում։

-Սա է՞լ է 600 դրամ։

-Չէ՛, աղջիկ ջան: Ո՞նց ես կարծում, էդ գիքն ու էս նույն գնի կլինե՞ն,-ձեռքը վերցրեց երկու գիրք՝ մեկը մոտավորապես հարյուր էջանոց, մյուսը՝ավելի։ Այդ ավելիին մի տեսակ զգուշությամբ բռնեց. դե, համեմատած թանկ էր… Գրքերից մինչև կանգառ մտածում էի, որ իզուր էլ հարցրեցի, թե ինչ արժե: Մի՞թե, հարյուր էջանոց գիրքը անզգույշ կարելի է բռնել, կամ էլ վատնէ չորս հարյուր էջանոցից:

Կարծում եմ, պետք է վերանայել արժեքները….

Երեսուն րոպեից երթուղայինս եկավ, բարձրացա: Կանգնել էի նստարանին սեղմված, և չնայած դրան, ականջակալներով էի, իսկ հեռախոսով էլ զբաղվում էի այն պահին, երբ վիրտուալ ընկերներս հիշում էին ինձ: Ականջակալները չէին խանգարում լսել կողքիս պապիկի խոսակցությունը:

-Բա մեր ժամանակով սե՞նց էր,- հարցը մնաց անպատասխան,-զարմանում եմ, էս երեխեքը ի՞նչ են գտել էդ հեռախոսների մեջ,հա տկտկացնում են:

Երթուղայինիս բնակիչները ուշադիր նայում էին ինձ. պապիկը խոսում էր հենց իմ մասին:

-Մեր ժամանակով սենց չէր, տո խաղալ էլ գիտեինք, լսել էլ, էս օրվա պես հիշոմ եմ…,- պատասխանեց իր անպատասխան հարցին:

Պապիկը պատմում էր, թե ինչերէ արել, երբ իմ տարիքին էր, հետո էլ անցավ թոռանը.

-Թոռանս անընդհատ պատմում ու պատմում եմ, թե մենք՝ ընկերներով, մանկության տարիներին ինչեր ենք արել: Հետո էլ ավելացնում, որ մեծանաս՝ երեխեքիդ չասես, որ փոքր տարիքում անընդմեջ հեռախոսով ես խաղացել: Պապիդխաղերի մասին կպատմես:

Խոսում էր ու խոսում, իսկ ես՝ կարմրում ու ամաչում: Հաջորդ կանգառին իջա, կարծես փախա խոսակցությունից:

Հիմա մտածում եմ, թե երեխեքիս ի՞նչ եմ պատմելու: Հարյուր էջանոց և չորս հարյուր էջանոց գրքերի՝ անզգույշ կամ զգույշ բռնելու մասի՞ն, թե՞ հեռախոսը, ասած պապիկի՝ լավ-լավ տկտկացնելու մասին: Այսօրվա նման չեմ ուզում, որ լինի ու չեմ էլ ուզում, որ երեխեքս հեռախոսով յոթ քար կամ գետնից բարձր խաղան: