nare hovhannisyan new

Պապս

Մեր կյանքում կան մարդիկ, որոնց ներկայությունը շատ կարևոր է։ Եվ հետաքրքիրն այն է, որ նրանց բացակայությունը մենք արագ ենք նկատում, որովհետև ի սկզբանե մենք կապված ենք նրանց հետ։
Այդպիսի մարդիկ սովորաբար հենց փոքր տարիքից ուղեկցում են մեզ, ու մենք դեռ մանկուց նրանց հպարտության առարկան ենք դառնում՝ անկախ ամեն ինչից։ Այդպիսի մարդիկ միշտ շատ խորհրդավոր ու իմաստուն են լինում, միշտ խոսում են կարևոր թեմաներից, տալիս տրամաբանական հարցեր ու սպասում խելացի պատասխանների։
Ի՜մ պապը, ի՜մ Արայիկ պապը։ Արտաքնապես նա շատ բարի ու վեհ կեցվածք ունի՝ չնայած փոքր ու մուգ աչքերին։ Բնավորությամբ չափազանց պատասխանատու, ճշտապահ և ինչպես տատս է միշտ նշում. «Պապդ իսկը գերմանական ժամացույց է»։ Նա շատ մարդասեր ու կամեցող է, օգնում և աջակցում է ցանկացածին, ով իրենից օգնություն է խնդրում։
Ինձ համար նրա արտաքինում միշտ առեղծված կմնան ամբողջ վերին շրթունքին տարածվող սև ու արդեն սպիտակ բեղերը։ Երբ դեռ փոքր էի, միշտ փորձում էի պապիս պատկերացնել առանց այդ բեղերի, բայց ցավոք, անգամ հիմա, երբ փոքր-ինչ մեծ եմ, չեմ կարողանում պատկերացնել նրան առանց իր բեղերի։
Ինձ համար պապս շատ արտասովոր ու հետաքրքիր անձնավորություն է, քանի որ նա ունի այնպիսի սովորություններ, որ մինչ այսօր ես ոչ մեկի մոտ չեմ նկատել։ Պապս ամեն մարտի 1-ին պարտադիր գնում է ձնծաղիկ քաղելու, քանի որ հենց ձնծաղիկն է ազդարարում գարնան սկիզբը։ Եվ ես այն երջանիկներից եմ, ում բախտ է վիճակվել մասնակցելու այդ չափազա՜նց հետաքրքիր արարողությանը։ Այս ամենի հետ մեկտեղ, մի փաստ կա պապիս մասին, որն ինձ միշտ զարմացնում է. պապս աթեիստ է։
Մի քանի օր առաջ, երբ սովորականի նման պապիս հետ գնում էի Երևան, ես՝ դասի, նա էլ՝ աշխատանքի, զգացի, որ այդ օրը պապս սովորականից ավելի առույգ էր ու ուրախ։ Եվ առաջին բանը, որ նկատեցի, ռադիոն էր, որը սովորականի նման չէր հաղորդում Հայաստանում կատարվող իրադարձությունները, այլ ուղղակի հանգիստ երգում էր։ Զարմացա, քանի որ պապս միշտ պարտադիր ամեն առավոտ աշխատանքի էր շտապում ռադիոյի վեհ հնչերանգների ներքո, դե, ես էլ արդեն դրա անբաժան մասնիկն եմ դարձել՝ մեկ ամսից ավելի է։ Ինչևէ, մի փոքր անհանգստացա և ուզում էի հարցնել, բայց չհասցրի, քանի որ պապս արագ պատմեց ամեն բան.

-Այսօր իմ ազատ օրն է, աշխատանքի չեմ գնալու, մի օր էլ թող առանց ինձ աշխատանքն անցնի։ Պետք է, չէ՞, որ մարդ մի օր էլ իրեն նվիրի, դե՜ այսօր էլ իմ օրն է, գնում եմ վայելեմ,- ես չհասցրի հարցնել, թե ուր, բայց անչափ ուրախ էի, որ մի օր կհանգստանա։

-Տատիդ չեմ ասել է՜, մենակ քեզ եմ ասում։ Գնում եմ Գեղարդ կամ Գառնի, դեռ չեմ որոշել, դե, տատդ էլ սովորության համաձայն հետս հաց է դրել։

Ես լուռ ժպտում էի, և գլխով համաձայնում ամեն ասածին։ Ես ուղղակի ուրախ էի, որ պապս թողել էր հայկական տխուր ռադիոյի ելևէջները և լսում էր հանգիստ երաժշտություն, ուրախ էի, որ գնում էր Գեղարդ ու գնում էր մենա՜կ։

-Ճիշտ է, Նարե ջան, պապդ աթեիստ է, բայց ես սիրում եմ մեր եկեղեցիները, էնտեղ միշտ հանգիստ է և անվրդով։ Ախր զարմանում եմ, է, էն մարդկանց վրա, ովքեր գնում են եկեղեցի ու Աստծուց խնդրում, որ իրենց օգնի։ Ախր թամբալ մարդուն Աստված ո՞նց օգնի, եթե մարդ աշխատել չի սիրում։
Պապս ճիշտ էր, նա միշտ է ճիշտ։ Հետո հանգիստ ու վստահ տոնով եզրափակեց մեր զրույցը։

-Նարե ջան, գիտե՞ս՝ մարդ երբ պետք է թողնի էս աշխարհն ու գնա։ Էն ժամանակ, երբ խելքին, մտքին ոչի՜նչ չի հասնում, երբ արդեն խելագարվել է, երբ մարմնական ուժից զրկվել է։ Իսկ ես դեռ առողջ եմ, դեռ պետք եմ, դեռ կարող եմ աշխատել…
Ես տխրեցի, որ պապս ասաց դա, բայց մտքումս Աստծուն խնդրեցի, որ պապս երկար ապրի, քանի որ նրա իմաստուն մտքերը դեռ շա՜տ են պետք մեր այս աշխարհին։