arpi galstyan

Պատանեկություն` աճող ձգտումներով

Երեկ գրապահարանումս գիրք էի փնտրում, պատահական տեսա Անրի Վեռնոյի «Մայրիկը» ստեղծագործությունը:  Միանգամից վերադարձա մանկություն, կյանքիս ամենաերջանիկ հատվածը։ Քանի անգամ եմ այդ գիրքը վերցրել ու առաջին բառերից հիասթափված փակել, բայց մի անգամ որոշեցի, որ մինչև վերջ պիտի կարդամ, որից հետո այդ գիրքը դարձավ իմ հավատարիմ ուղեկիցը։

Չգիտես ինչու, սկսեցի ժպտալ, բայց արցունքներս այնքան արագ էին հոսում։ Արդեն 45 տարեկան եմ. ինչքա~ն եմ վախեցել մեծանալուց, փորձել եմ այնպես անել, որ մանկությանս նավակը ինձանից չհեռանա, բայց չեմ կարողացել այն պահել։ Բացեցի «Մայրիկից»  պատահական մի էջ. այնտեղ գրված էր. «Մանկություն` մեծանալու անհագ ցանկությամբ, պատանեկություն` աճող ձգտումներով»: Իրոք, 15 տարեկանում այնքա~ն երազանքներ ունեի, այնքան մանկական նպատակներ, որոնց մի մասին դեռ նոր եմ հասել։ Իրոք, արդեն հայտնի բժիշկ եմ, կատարել եմ ամենամեծ նպատակս՝ հայտնվել եմ «Ֆորբս» պարբերականում, ունեմ իմ հեղինակած գիրքը, որտեղ պատմում եմ իմ մանկության մասին։ Այնքա~ն եմ երազել, որ հասնեմ այս ամենին, բայց հիմա ուղղակի ցանկանում եմ կրկին վերադառնալ մանկություն։ Ցանկանում եմ կրկին լինել միամիտ, բարի, անհոգ, բայց հասկանում եմ, որ կյանքը ամենամեծ հարվածն է ինձ հասցրել. ես մեծացել եմ։ Ամբողջ աշխարհը տեսել եմ, ծանոթացել նոր մարդկանց հետ, ձեռք եմ բերել նոր ընկերներ, հասկացել եմ կյանքի իմաստը, և, ամենակարևորը, հասկացել եմ, որ մենք տարիների ընթացքում կորցնում ենք մեր անհոգությունը, ինչ-որ տեղ նաև մեր Ես-ը: Իսկ ամենավատն այն է, որ ընտելանում ենք ամեն ինչի հետ հարմարվելու մտքին, մինչդեռ մանուկ հասակում ստեղծագործում էինք, փորձում ինչ-որ բան փոխել. գուցե չէր ստացվում, բայց չէինք հիասթափվում, շարունակում էինք գործել, համառորեն որոնում մեր նպատակին հասնելու նոր ուղիներ: Իսկ հիմա արդեն շատ հաճախ ուղղակի լռում ենք, և, ինչպես Անտուան դը Սենտ Էքզյուպերին է ասել. «Մեծահասակները շատ հաճախ մոռանում են, որ ժամանակին իրենք էլ են փոքր եղել»։

Չգիտես ինչու, գրեթե ակամա որոշեցի այս նամակը գրել: Այն գուցե կարելի է նաև կոչել ինքնախոստովանություն, ուղղակի մի պահ հիշեցի, որ մի օր ֆրանսերենիս ուսուցչուհին ասել էր. «Երբ թղթին փորձում ենք հանձնել մեր մտքերը, դրանք ավելի իրական են դառնում, և երբ տարիներ հետո կարդում ենք, հասկանում ենք, թե ինչքան նոր հատկանիշներ ենք ձեռք բերել, ինչպես նաև թե ինչքան հատկանիշներ ենք կորցրել: Հասկանում ենք, թե ժամանակի ընթացքում մեր ես- ը ինչպես է միաձուլվում մեր շրջապատի մարդկանց հետ, և հասկանում ենք, որ պետք է շատ համարձակ լինել, որ քո տեսակը պահես»։

Ինչքա~ն աներևակայելի հնարավորություններ, անմեկնելի ուղիներ, կեռմաններ, ոլորապտույտներ ունի մարդու ուղեղը: Ես սկսեցի իմ նվաճումների մասին խոսելուց, ապա վերադարձա մանկություն, իսկ հետո սկսեցի ուղղակի «փիլիսոփայել»…

Մանկությունը մեր կյանքի ամենաերջանիկ շրջանն է, որ լի է երազանքներով, կյանքի մասին հիասքանչ պատկերացումներով: Դա այն զմայլելի շրջանն է, երբ մենք ուղղակի հավատում ենք, որ կյանքը միշտ լինում է առատաձեռն: Սակայն հետո գալիս է մի ժամանակ, երբ Կյանքը մեզնից խլում է ամենաարժեքավորը, ամենալավը, նա ինչ-որ առումներով, ինչ-որ հարցերում «կոտրում» է մեզ, իսկ ամենասարսափելին այն է, որ նա ի զորու է «սպանել» մեր ներսում ապրող երեխային, որն, ի վերջո որևէ ձևով պարտադիր վերադառնալու է…

Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով։