Սևան մեդիա ճամբար. Պատանի թղթակիցների մեդիա ճամբար: Լինել Ջոնաթան Լիվինգսթոն ճայ

-Կարո՞ղ ես ինձ սովորեցնել այդպես թռչել,-հարցրեց Ջոնաթան Ճայը՝ մի նոր անհայտի նվաճման մտքից դողահար։ 

-Իհարկե, եթե ուզում ես սովորել։

 -Ուզում եմ։ Ե՞րբ կարող ենք սկսել։ 

-Հենց հիմա էլ կարող ենք սկսել, եթե համաձայն ես։

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»

 

Ամեն անգամ մեդիա ճամբարից հետո թվում է՝ ավելի հանգիստ կվերաբերվեմ, զգացմունքներս վաղուց պարպված կլինեն նախորդ ճամբարներում, բառիս բուն իմաստով, չեմ թռվռա ուրախությունից, երբ երեխեքից մեկը հավես նյութ կգրի, հետաքրքիր ֆիլմի գաղափար կառաջարկի կամ լուսանկար կանի:

է՜, մի քիչ սենտիմենտալ ստացվեց: Ախր, ես ընդամենը պիտի ասեմ, որ. «Հոկտեմբերի 29-ից-նոյեմբերի 4-ը Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի մի խումբ պատանիներ հավաքվել են Սևանում՝ հերթական մեդիա ճամբարի շրջանակներում, որպեսզի…»:

… Նստած եմ Սևանի ափին՝ այդ «չարաճճի աղջկա» կողքին: Իսկական չարաճճի աղջնակ. դե, պատկերացրե՛ք, երկու րոպե առաջ այնպես սառը, բայց սիրալիր էր, իսկ հիմա այնպես է մռութները կախել, որ թվում է, թե մի կտոր ամպիկ հենց հիմա դեմքից կվերցնեմ ու կշպրտեմ դիմացի սարին: Սպիտակ ճայը թռչում է դիմացովս, հեռվում՝ մի լքված տնակ: Ու թվում է՝ ես այս ամբողջի վրա յուրահատուկ զորություն ունեմ, որ կարող եմ իրերն ու պատկերներն այնպես փոխել, ինչպես ցանկանամ: Առօրեականության աշխարհում այս ամենն այնքան ուժեղ ու վեր է մեզնից բոլորից, բայց ստեղծագործական աշխարհում ամեն ինչ ենթարկվում է ստեղծագործող մարդու աշխարհին: Ու հիմա, երբ նստած եմ ափին ու մտքումս արագ-արագ վերադասավորում եմ պատկերները, անկախ իմ կամքից մտքովս անընդհատ անցնում է Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»: Սա մի ճայի մասին է, որը թռիչքի գաղափարի կատարյալ մարմնացումն է, ինչը ցույց է տալիս, որ «սահման գոյություն չունի» , որ «ճայը որքան բարձր է թռչում, այնքան հեռուն է տեսնում», որ « թռիչքի ճշմարտությունը ևս մի քայլ է, որ մեզ մոտեցնում է մեր իսկական էության արտահայտմանը», որ իսկական գեղեցկությունը թռիչքի մեջ է: Այս ճամբարի ընթացքում մենք ոչ մի բան չենք «սովորեցնելու» ու պարտադրելու ճամբարի մասնակիցներին, որովհետև «աշխարհի ամենադժվար բանը թռչունին ստիպելն է հավատալ, որ ինքն ազատ է. չէ՞ որ յուրաքանչյուր ճայ ինքը կարող է համոզվել, եթե միայն մի փոքր մարզվի»: Լրագրության, լուսանկարչության և կինոյի պարապմունքները ընդամենը միջոց են, թռիչքի հասարակ մարզում դեպի կատարելություն, որովհետև «երկինքը տեղ չէ և ոչ էլ ժամանակ. երկինքը կատարելության հասնելն է»:

Այնպես որ, եթե ձեզ հետաքրքրում են «ճայական» մեր «մարզումները» և թե ինչպես է առօրեականությունը ենթարկվում ստեղծագորոծողի կամքին, ոչ թե հակառակը, ապա հետևեք Սևանի մեդիա ճամբարի մեր օրագրին:

Սիրով՝ Լիվինգսթոնյան ճայերի երամ: