lia avagyan

Պատասխանատվություն-բանակ

-Ավագյան Հայկ, Ղազարյան Էրիկ, Հովակիմյան Միքայել…

Ահա, այսպես պարոն մայորը հերթով կանչում է ձմեռային զորակոչի վերջին զորակոչիկներին։ Վերջիններս հրաժեշտ են տալիս հարազատներին ու հերթով նստում մեքենան. հաջորդ կանգառը՝ Երևան՝ կենտրոնական զինվորական հավաքակայան:

Հիմա սկսեմ սկզբից: Մեզ մոտ՝ Շամշադինում (Բերդի տարածաշրջան), զինակոչիկին բանակ ճանապարհելը մեծ տոնախմբություն է՝ պարով-երգով, հպարտությամբ ու «դուխ տալով», ինչու չէ, նաև լացով ու ժպիտով, այդ ժամանակ հույզերը միախառնվում են իրար, ու ինչ-որ անբացատրելի զգացում է առաջանում:

Մեծերից լսվող խորհուրդներն ու մայրերի օրհնանքները մտքներում պահած` ուղևորվում են իրենց «պարտքը» տալու հայրենիքին, ուղևորվում են` կրակն աչքերում, ժպիտը՝ դեմքներին ու ամենակարևորը՝ հպարտության զգացումով, ուղևորվում են, որ ես ու դու հանգիստ քնենք, որ թշնամու մտքով չանցնի կես մետր անգամ ոտք դնել մեր սահմաններից ներս:

Գիտե՞ք՝ սահմանում մեծացած, կրակոց ու մահ տեսած երեխայի հոգեբանությունը տարբեր է այլ տարածքում ծնված ու մեծացած երեխայի հոգեբանությունից: Այստեղ՝ սահմանին, գիտեն, թե ինչի համար են ծառայում ու ավելի լավ են գիտակցում ողջ պատասխանատվությունը, այստեղ բոլորն են ծառայում՝ մեծ ու փոքր, աղջիկ ու տղա: Այստեղ չկա իմ ու քո, այստեղ գործում է «մենք»-ի գաղափարը: Այստեղ կա պատասխանատվության զգացում: Պատասխանատվություն՝ հայրենիքի, ծնողների, ընկերների ու մեր անցյալի նկատմամբ. սա զուտ ճշմարտություն է…

Վերադառնալով զորակոչին ու զորակոչիկներին՝ մաղթում եմ խաղաղ ծառայություն, ու որ երբեք չմոռանան, թե որտեղից են եկել և ուր են գնալու: