Mariam Amirjanyan Artsakh

Պատիժ

Հաճախ կապ չունի, թե քանի տարեկան ես, տարիքը ընդամենը թիվ է՝ մաթեմատիկական սուտ հաշվարկ: Մինչդեռ ավելի կարևոր է տարիքը` գաղափարական հասունության համար: Ես ընդամենը տասնվեց տարեկան եմ, և այսօր իմ կենցաղում, նաև շրջապատում տեղի ունեցող շատ իրադարձությունների ականատեսը լինելով` զգում եմ՝ տարիքս չի խոչընդոտում կարծիքս կամ գաղափարներս արտահայտելու համար: Տարիքս միայն խանգարում է իմ ու շատ ուսուցիչների հասկացողական կապերի հաստատմանը: Դա ընդհարում չէ, այլ բախում պահպանողական ու ազատական հոսանքների:

Ի սկզբանե եղել եմ ազատ ընտրություններումս, անկաշկանդ հայացքներումս և հաստատակամ որոշումներիս մեջ: Առհասարակ, ըստ իս, սրանք են հիմք հանդիսանում լիիրավ անհատականության ստեղծմանը: Միշտ խուսափել եմ գրել կամ խոսել երրորդ դեմքով, դա անորոշ է, անսովոր, անհամապատասխան խառնվածքիս ու էությանս: Անկեղծորեն ներկայացնեմ մի փոքր, բայց և շատ կարևոր դիպված իմ դպրոցական անցած-գնացած օրերից:

Դեռ աստղիկներ էինք… Չեմ հիշում` առաջին, թե երկրորդ դասարանում, երբ ինձ մոտ առաջացան խնդիրներ` կապված տեսողության հետ: Բայց քանի որ մեծ մասամբ դասերս ինքնուրույն էի սովորում, կարճատեսությունս ծնողներիս աչքից վրիպեց: Ինչևիցե, սովորաբար գրատախտակից արտագրությունները իմ կողքին նստող դասընկերոջիցս էի կատարում: Սակայն օրերից մի օր նա հիվանդացավ և դադարեց որոշ ժամանակ դպրոց հաճախել: Ես մնացի միայնակ: Երկու օր հետո որպես թեմատիկ աշխատանք հերթական արտագրությունը պիտի անեինք, բայց ինչպե՞ս: Նույնիսկ չէի գիտակցում, որ չեմ տեսնում աշխարհն այն գունապնակով, ինչպես իմ ընկերները: Մի կերպ արտագրեցի այն, ինչ տեսա, հենց այդպես կիսատ-պռատ ու տառասխալներով: Արտագրությունը ավարտելուց հետո՝ սկսած առաջին նստարանից, հերթով տանում էինք ուսուցչուհու մոտ ստուգման: Հերթը հասավ ինձ, և ես վախվորած, անվստահ քայլերով մոտեցա ուսուցչական սեղանին, տետրս վայր դրեցի: Ուսուցչուհին սկսեց ընթերցել, միաժամանակ՝ ստուգել, ամսաթվից ներքև ամեն մի բառ ընթերցելուց հետո նրա դեմքի վրա նշմարվում էր բարկությունը, թերևս իմ աչքերով` չարությունը: Մի քանի նախադասություն էր մնացել ավարտին, երբ արմունկներիցս վերև` հաստլիկ ու փափուկ մկաններիս վրա զգացի մի անսովոր ցավ: Այդ «նա» էր, որ որոշել էր ինձ պատժել՝ տերթոդիկյան մեթոդներին բնորոշ կճմթոցներով ու հարվածներով: Հիշողությանս մեջ կոնկրետ չեմ պատճենել, թե ինչ պատճառով, բայց լավ հիշում եմ գրատախտակի մոտ մի փոքր թերացման համար ձողի կոտրումը ինձ վրա: Այն ձողի, որ դամոկլյան սրի պես միշտ կախված էր գրատախտակի գլխավերևից։ Այն ժամանակ ինձ թվում էր, թե իմ գլխավերևից: Թեկուզ մեկը կոտրվեց վրաս (ուժեղ հարվածի հետևանքով), սակայն շատ արագ կրկին վերականգնվեց։

Գիտե՞ք` քանի տարի է անցել այս օրերից ու դեպքերից: Եթե չլիներ հենց այս հոդվածս, երևի հարկ չհամարեի տակնուվրա անել հիշողություններս։ Այսօր, երբ արդեն համարյա մեկ ու կես տարի է մնում դպրոցական կյանքիս ավարտին, իսկ ես դեռ նստած եմ աշակերտական նեղլիկ նստարանին, երբ այլևս առաջվա երեխան չեմ, ժամանակ առ ժամանակ փորձում եմ վերարտադրել, միգուցե փիլիսոփայել, որ հիմա էլ նույն ուսուցիչների առջև եմ, ոչինչ չի փոխվել, միայն հետս ավելի ուրիշ տոնով են խոսում, ավելի մեղմ, ավելի նուրբ: Միգուցե մարդիկ, առանց մասնագիտական սահմանափակման՝ ժամանակի խորքային մեծության մեջ ներում են իրենք իրենց, մոռանում ցավը (ֆիզիկական կամ հոգևոր), որ պատճառել են իրենցից թույլ էակներին, չէ՞ որ դրանով նրանք մեղք են գործում, մեղք, որ աստվածաշնչյան քարոզներով դատապարտված է ներման:

Իսկ ես ինչո՞ւ պիտի ներեմ, մարդկային ո՞ր տրամաբանությամբ, սահմանադրության ո՞ր հոդվածով: Ներելը առաքինության դրսևորում է, բայց Աստված ինձ չի օժտել այդ առաքինությամբ բավարար քանակով: Ես նման ուսուցիչ- ուսուցչուհիների վրեժխնդրության հարցում լվանում եմ ձեռքերս (նույնը խորհուրդ կտայի բոլորին): Ու առհասարակ, կյանքի վայրիվերումներով ընթացող արահետը հատելիս, հաճախ հանդիպում են խնդիրներ, որտեղ պարտավոր ենք մենակ թողնել Աստծուն ու սատանային: