ruzanna stepanyan

Պատմության թանգարանում

Դպրոցներում գարնանային արձակուրդ է՝ ուսանողների նախանձի առիթը: Դե, բախտը մեզ էլ ժպտաց: Ես շատ պլաններ ունեի այս արձակուրդների հետ կապված, որոնք պետք է իրականացնեի Երևանում:

Երեկոյան մտածեցի, թե ում հետ գնամ Հայաստանի պատմության թանգարան: Հետաքրքիր էր հենց այն փաստը, որ բոլոր կապանցիները գտնվում են Երևանում: Զանգեցի մանկությանս ընկերուհուն՝ Գոհարին, և չնայած այն փաստին, որ նա սովորում է տնտեսագիտական հոսքում՝ համաձայնեց հետս գալ պատմության թանգարան: Որոշեցինք հանդիպել ժամը 12-ին Հյուսիսային պողոտայում:

Մեր հանդիպումը տեղի ունեցավ: Եվ հենց առաջին վայրկյանից մեզ անսովոր թվաց այն փաստը, որ մենք հանդիպում ենք ոչ թե դպրոցում` Շահումյան փողոցում, կամ էլ «շատրվաններում», այլ Երևանում:

Թանգարանում մենք պետք է շրջեինք բոլոր հարկերով՝ 3-րդից 1-ին հարկ իջնելով: Երրորդ հարկում Հին, Միջին և Նոր քարի դարից պահպանված իրերն էին, մարդկանց առաջին աշխատանքային գործիքները, պաշտամունքի առարկաները, կախազարդերը և այլ իրեր: Երկրորդ հարկում համահայկական թագավորություններից պահպանված իրերն են, արձանագրությունները: Մեզ ամենից շատ հետաքրքիր թվաց այն, որ կային իրեր, որոնք ներկված էին շատ վառ գույներով և մինչ այժմ անգամ չէին խամրել: Դե, իսկ ազգային տարազներն էլ հագնելուց հաստատ չէինք հրաժարվի: Ամենացավոտը, բայց տպավորիչը, առաջին հարկն էր` խմբակներից մինչև առաջին հանրապետություն: Կարծես մեկուկես ժամով տեղափոխված լինեինք պատմության գիրկը: Գոհարն ասաց, որ հենց այս թանգարան այցելելով կարելի է ոգեշնչվել և սովորել հումանիտար հոսքում: Թանգարանի դռնից ներս մտնելով կտրվում ես 2018 թվականից և մինչև վերջին նմուշը ուղղակի կլանել ես ուզում: