Պատմություններ օվկիանոսի այն կողմից. ընտանեկան դիմանկար

Վերջին չորս օրերի ընթացքում ապրածս իրադարձությունների, զգացմունքների ու մտքերի մասին մի ամբողջ գիրք կարելի է գրել: Մի ուրիշ գիրք էլ կարելի է գրել էն հրաշք ընտանիքի մասին, որի հետ պատրաստվում եմ ծանոթացնել ձեզ: Երկար-բարակ խոսելու փոխարեն կպատմեմ կարևորի մասին:

Ուրեմն, ծանոթացեք:

Արուսիկ Կազարյան.ծնվել ու մեծացել է Հայաստանի Գյումրի քաղաքում: Երկրաշարժի առաջ բերած ծանր զրկանքների պատճառով ստիպված է եղել ընտանիքի հետ միասին լքել Հայաստանը՝ տեղափոխվելով Ուկրաինա՝ Դոնեցկի շրջան: Այստեղ նոր իրավիճակին հարմարվելուն պես ստիպված է եղել կրկին լքել տունը՝ Ուկրաինայում հանկարծակիորեն ծավալված պատերազմի պատճառով:  Ամուսնանալուց հետո տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ ապրում է մինչև օրս: Ժպտերես ու սիրալիր մի կին է, ում բարությունն ու առատաձեռնությունը երբեմն զարմանք են առաջացնում: Սիրում է թեյ (երբեք սուրճ չի ըմպում): Երեխաների հետ միայն հայերեն է խոսում (չնայած որ ամուսնուն այդ փաստն այդքան էլ չի երջանկացնում): Սիրած գույնը յասամանագույնն է (ինձ համար էլ յասամանագույն շարֆ է գործել):

Տիկին Աիդա (Արուսիկի մայրը). նույնպես ծնվել ու մեծացել է Հայաստանում: Արուսիկի հետ միասին դիմակայել է երկրաշարժի ու պատերազմի հասցրած ծանր հարվածներին: Այժմ ապրում է ԱՄՆ-ում՝ իր դստեր ընտանիքի հետ: Բարեսիրտ ու հոգատար կին է: Չի սիրում, երբ սեղանի շուրջ խոսում են, և սաստում է թոռներին «Կամա՛ց խոսե», «Քի՛չ խոսե» կամ «Մի՛ խոսե» բառերով (կախված իր տրամադրությունից): Ոսկի ձեռքեր ունի: Տան դիմաց աճեցնում ու խնամում է իր սեփական վարդերն ու հետաքրքրվողներին իրազեկում «Էս վարդերն իմ աշխարհս են»: Սիրում է, երբ տանն ամեն ինչ մաքուր  ու իր տեղում է: Տանել չի կարողանում, երբ թոռները տան մեջ անգլերեն են խոսում, ու վիրավորված երանգով հարցնում է. «Յա՞, էդ ընչի անգլերեն կխոսե՞ս որ»: Էնպիսի թաթար-բորաքի է սարքում, որ մատներդ էլ հետը կուտես: Շատ հաճախ չի ժպտում, իսկ եթե ժպտում է՝ ուրեմն սրտանց, ամբողջ հոգով:

Պարոն Էդմոնդս. ծնվել ու մեծացել է ԱՄն-ի Թեննեսի նահանգի Սմիրնա քաղաքում: Կյանքի մեծ մասն անցկացրել է իր ծննդավայրում, ամուսնությունից հետո տեղափոխվել է Օհայո՝ եկեղեցում ստանձնելով քարոզչի պաշտոն: Բոլոր տեսակի սպորտաձևերի մեծ երկրպագու է: Հպարտանում է իր փոքրիկ, խնամված հողամասով ու իր կազմակերպված, սիրուն ընտանիքով: Լավ զրուցակից է ու վստահելի ընկեր:

Աիդիկ (Աիդա-Ռոզ). Էդմոնդսների դուստրը: Չքնաղ, գանգրահեր աղջնակ: Քաղցրավենիքի մեծագույն սիրահար: Գիշերը առանց հեքիաթ լսելու չի քնում ու նեղանում է, երբ տատիկը պահանջում է, որ հայերեն խոսի:

Արման (Սթիվեն). Էդմոնդսների որդին: Ապագա քարոզիչ (ինչպես ինքն է հայտարարում):Միշտ բարձր ձայնով է խոսում: Սիրում է գրքեր: Մոտ երկու օր ծախսեց նոր ձեռք  բերած «կուբիկ-ռուբիկ»-ը լուծելու վրա: Սիրում է նյարդայնացնել փոքր քրոջը, բայց մյուս առումներով անչափ բարեսիրտ է:

Նրանցից յուրաքանչյուրն իմ սրտում իր տեղը գրավեց վերջին չորս օրերի ընթացքում: Սիրեցի էս ընտանիքը, իրենց նիստուկացը, նրանց միջև բոլոր տարաձայնություններն ու համաձայնությունները: Սիրեցի տունը, որը լցված էր հայկական համեմունքների հոտով ու երեխեքի ոչ կատարյալ, բայց քաղցր հայերենով:

Իրենց մասին դեռ շատ կպատմեմ: