Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Պատմություն արջից չվախեցող տղաների մասին

Այս դեպքը պատահել է շատ տարիներ առաջ պապիկիս, իր եղբոր` Բաբկենի և հարևանի տղա` Սերյոժայի հետ, որի մասին էլ պապիկս պատմեց ինձ:

«Ինստիտուտի ամառային քննաշրջանի ավարտից հետո գյուղ էի եկել: Սովորական մի ամառային օր էր։ Հանկարծ դուռը բացվեց և ներս մտան  Բաբկենը` եղբայրս և հարևանի տղա` Սերյոժան: Բաբկենի ձեռքում   բավականին երկար, ժանգոտած  դաշույն տեսա: Հարցրի.

-Էտ ի՞նչ խանչալ ա:

-Սերյոժայի պապինն ա,- ասաց Բաբկենը:

-Բա էտ ի՞նչ պտի անեք,- հարցրի ես:

-Էքուց գնալու ենք մալինի, կարող ա արջ-մարջ պատահի, թող զենք ըլնի ձեռներս: Հա, կարո՞ղ ա դու էլ ուզենաս գաս:

-Հա, պարապ եմ, կգամ:

Տղաները  մի սրոցաքար ճարին ու գործի անցան: Մի երկու ժամ դաշույնի վրի ժանգն էին մաքրում: Ի վերջո երևաց դաշույնի մետաղը,  հետո մի քիչ էլ սրեցին ու համարեցին, որ արդեն պատրաստ է:

Հաջորդ առավոտյան շուտ զարթնեցինք, ամենքս մի պլաստմասե դույլ վերցրինք, հաց վերցրինք, ամենակարևորը՝ խանչալը, որով և զինվեց Բաբկենը, ու ճամփա ընկանք։ Գնացինք հասանք մեր գյուղի` Գյուլագարակի անտառ: Մոտավորապես գիտենք, թե որտեղ կարա մալինա ըլնի,  հասնելով մեր իմացած տեղը,  տեսանք, որ իրոք թփերի վրա կարմիր-կարմիր  մալինեք են կախված: Սկսինք ուրախ-ուրախ հավաքել։ Բաբկենն ու Սերոժը իրար հետ էին հավաքում, իսկ ես ջոկվելով նրանցից՝ խորացա անտառի մեջ ու սկսեցի ընդեղից հավաքել: Բավականաչափ մալինա էի հավաքել, երբ մի թփի մոտից իշամեղուներ նկատվեցին, որոնցից մեկը եկավ ու ինձ խայթեց: Վախթանգ Անանյանի «Որսորդական պատմվածքներ»- ից հիշում էի, որ դրանց կծածը վտանգավոր է մարդու համար: Արագորեն ետ նահանջեցի և բարձր գոռացի.

-Տղե՜րք, շուտ արեք, փախե՜ք:

Հաջորդ պահին, երբ հայացքս ուղղեցի ներքև՝ դեպի տղաները, տեսա մի գլորվող դույլ ու անտառի թփերի մեջ անհայտացող տղաների թիկունքը: Այդ տեսնելով ծիծաղս չկարողացա զսպել և սկսեցի քահ-քահ ծիծաղել, և ծիծաղի միջից սկսեցի կանչել.

-Մի վախեցեք, հետ եկեք, հետ եկեք:

Մի քիչ հետո տեսնեմ Բաբկենը խանչալը ձեռին, Սերոժն էլ դույլը ձեռին, բարձրացան դեպի ինձ:

-Ո՞ւր ա արջը, ո՞ւր ա արջը,- այլայլված հարցրեց Բաբկենը:

Ես սկսեցի ավելի բարձր ծիծաղել և ասացի.

-Արա, ի՞նչ արջ, էդ իշամեղուներն էին հարձակվել իմ վրա, ուզեցա ձեզ զգուշացնել, որ ձեզ էլ չկծեին:

Բաբկենը թե.

-Ա՜, բա մենք էլ կարծում էինք, թե արջը քեզ բռնել ա, էս անդեր ոտքերներս էլ կարծես թե իրանք իրանց սկսեցին մեզ հեռու տանել: Վազելու ընթացքում էլ ձեռս  կպավ ճղին, ու դույլս ընկավ ձեռիցս: Ես էլ մտածեցի` ավելի լավ ա փախչեմ, քան դույլի համար ետ դառնամ: Ափսոս էր մալինեն, թափվեց: Մի քիչ ուշքի գալուց հետո հասկացա, որ քեզ մենակ ենք թողել, Սերոժին ասի` արի գնանք ախպորս փրկենք արջի ձեռից: Էն էլ եկանք, տեսանք` ծիծաղում ես, մենք էլ հիմա չգիտենք` ծիծաղե՞նք, թե՞ լացենք:

Էն Սերոժն էլ թե.

-Շատ վախեցանք, սկսեցինք փախչիլը, տեսնեմ էս Բաբկենը դույլը ձեռից քցեց: Ասի` ոնց-որ թե քցեց, որ ավելի լավ փախչի, էտա ես էլ ուզեցա դույլը քցեմ, բայց մատներս չբացվեցին: Էտ մի բանը լավ էղավ. գոնե մալինես չթափվեց:

Այդ ամբողջ ընթացքում ես չէի կարողանում ծիծաղս զսպել:

Առ այսօր էլ այդ դեպքը հիշելիս նորից եմ սկսում ծիծաղել, ծիծաղել  ու ծիծաղել»։