arxiv

Պատմվածքի փորձ

Ես հարմար նստել եմ աթոռին և փորձում եմ փոքրիկ պատմվածք գրել: Իմ կյանքում շատ-շատ բաներ են պատահում, և ես բազում պատմվածքներ կարող եմ գրել: Բայց կարևորն այն է, որ հիմա իմ մտքով ոչինչ չի անցնում: Զարմանալի է, չէ՞, որ ասում եմ, թե չեմ կարող պատմվածք գրել, բայց դա էլ՝ պատմվածքի տեսքով: Ըստ իս, հիանալի է, երբ ուզածդ միտքը կարող ես վերածել պատմվածքի:

Իմ ուսուցչուհին ասում է, որ պետք չէ գրել միայն տպագրվելու հույսով, այլ թեկուզ միայն նրա համար, որ գրելը, խոհերը թղթին հանձնելը արդեն հաճելի է:

Մորաքույրս հոգնեց մեզնից, նա հիմա անկյունում նստած թել է կծկում: Նրա տղան, տեսնելով, որ ես գրում եմ, թուղթ վերցրեց ու սկսեց խզբզել: Այդպիսին է իմ եղբայրը, նա նույնիսկ պատրաստ է ուտել իր չսիրած կերակուրը, եթե ես էլ ուտեմ: Ես երեսով տալու հավես չունեմ, որովհետև գրում եմ:

Տատիկս, պապիկս և հարևանուհին նստած զրուցում են: Պապիկս ինչ-որ բան է պատմում գարեջրի մասին, իսկ տատիկս ու հարևանուհին երևի չեն էլ լսում նրան, քանի որ հեռուստացույցի ձայնը շատ բարձր է:

Եթե արդեն ձանձրացաք, այլևս մի կարդացեք, բայց իմացեք, որ մեծ բան եք կորցնում: Ես իհարկե գլուխ չեմ գովում: Մեծ գրողին վայել չէ ինքն իրեն գովել: Ես գրում եմ խելացի մարդկանց համար և հուսով եմ, որ ինձ կհասկանան:

Ահա վառարանի վրա հացեր դրվեցին և տարածվեց տաք, խրթխրթան հացի հաճելի բուրմունքը: Ա՜խ, ինչքան եմ սիրում այս պահերը: Ամեն մեկն իր գործով է զբաղված, ոչ ոք ինձ վրա ուշադրություն չի դարձնում, իսկ ես երջանիկ եմ, որ նրանք կան և այսպես խաղաղ նստած են:

Ես պատմվածք եմ գրում և հույս ունեմ, որ ինչ-որ մեկը կարդալու է սա:

Աշխեն Գրիգորյան
12տ., 2000թ.