tatev tamrazyan erevan

Պատմվածք մի գրեք. դուք Բակունցը չեք

Ես սկսել եմ սովորել մի տեղ, որտեղ պատին Սահյանի մեծ նկարն է, իսկ ընթերցասրահում ազատ են աթոռները: Էս նկարի մոտ հայելի էլ կա, որտեղ շրթներկերը միշտ թարմ են: Չորրորդ հարկ էլ կա: Ամենասիրելին, խաղաղը. հայելի չկա, լուռ է, ու պատուհանից ծառերն են երևում՝ արդեն դեղնածները:

Դասախոս 1-ը ասում է.

-Feedback չկա, երեխեքի մեջ հետաքրքրություն չկա:

Ուզում է թողնել համալսարանն էլ, տխուր ու ծանր հայերին էլ ու… չէ՛, չէ՛, չէ՛:

Դասախոս 2-ը բացատրում է, որ սովորելու ընթացքում մենք «քամում ենք մեր մեջ ապրող կապիկին»: Ասում է.

-Էնպես շփվեք, որ խոսակիցը Ձեզ հետ զրուցելիս մեծանա:

Ասում է.

-Գրականությանը ոչ թե երկու, այլ հազար կողմից է պետք նայել:

Ասում է, ասում է, ասում է…

Դասախոս 3-ը 80 րոպե լույս է տալիս: Բացատրում է.

-Դուք ինձնից գաղափարապես սնվում եք, ուրեմն՝ սան, սուն բառերի մեջ մի իմաստ կա, չէ՞:

Դասախոսին գրկելու մասին մտածելը ամո՞թ է:

Ինձ դուր է գալիս էս պաշտոնականությունը: Դասախոս 2-ը դեռ առաջին օրն ասաց.

-Անջատե՛ք ձեր միջից սպասելու կոճակը: Դասախոսը դիջեյ է, որը օգնում է ճիշտ հարցեր ձևակերպել:

Իսկ ճամփան ու ուղեկիցը դու ես ընտրում: Իրենք բացատրում են` մենք ձեզ չենք ճանաչում, որ սիրենք, ու սա ավելի է անկեղծ, քան «իմ շատ սիրելի ուսանողներ»-ը: Ու հետո կձևավորվի՞ ճանաչել-սիրելը, թե՞ չէ, կպարզենք: «Կ», ենթադրական եղանակ, բայց հիմա ազնիվ լինելը լավագույն հաղթանակն է էս խճճված վիճակից:

Ազնվությանը ազնիվ են պատասխանում: Արդարության գոյությանը հավատացնողին չեն խաբում:

Կոտրող-փշրողներ, չհավատացողներ ու չսովորեցնողներ շատ կան, բայց լավը էնքան է շատ, մնում է միայն տեսնել:

Մեզ մեր ցավից նեղված, մեզ հետ արտասվողներ են պետք, թե չէ երկու գնահատական հա՜ էլ կստանանք:

Մեզ հայացքով հարցը լուծողներ ու գրատախտակին սազողներ են պետք: Գնահատականը պիտի հետևանք լինի, իսկ գիտելիքը` նպատակը, ոչ թե հակառակը: Ասում է.

-Ես ձեզ համար ոչինչ չեմ անում, ուղղակի բացատրում եմ, որ չսպասեք, որ լսեք ավելի, քան խոսեք, որովհետև դժվար է լսելը:

Ասում է.

-Շեշտը դրեք ճշտի և պրոֆեսիոնալիզմի վրա ու ջարդուփշուր արեք ամեն կեղծ բան:

-Շնորհակալություն, ցտեսություն:

-Նվաճումներ ձեզ, երեխեք:

Լույսը մեր աչքերում շատ է վառ. մարել չի ստացվի: