Seryozha

Պարապություն

Նստել եմ տանը, բազմոցի վրա ու չգիտեմ` ինչ անեմ: Շուրջս լռություն է, ճանճի տզզոցն անգամ լսվում է ու նյարդայնացնում: Ձանձրույթից քիչ է մնում խեղդվեմ: Մի պահ ուզում եմ մայրիկիս հարցնել, մի գուցե նա հուշի, թե ինչով կարելի է զբաղվել: Բայց «ստոպ»,  ես ռիսկի չեմ դիմի: Գիտեմ, ասելու է` մի գիրք բաց, կարդա: Կարդա՞մ, չէ՛ , ոչ այս անգամ:

Ամառ է, և ուր որ է արևը մայր կմտնի: Դուրս եմ գալիս տանից թաղ, ու ոչ ոք չկա: Միայն, ինչպես միշտ, հարևան Հենո պապն է նստած իրենց նստարանին: Ուֆ, էլի մարդ չկա: Ինչ արած, կնստեմ Հենո պապիկի կողքը: Հենո պապիկին էլ մարդ էր պետք, որ անցյալից պատմի: Պատմեց. է՛լ ծնվելուց, է՛լ մանկությունից, ինչ է արել, ում է սիրել, ինչ է կոտրել, ինչ է նորոգել: Հատ-հատ թվարկում է` որտեղ ծառայեց, թվարկեց ծառայակիցներին, մի քանիսին հիշում եմ, ուրեմն` Կոլյա, Վիտալի, Բոնդր, Ռավշամ, Միհմեդ: Այսպես հասցրեց մինչև այն պահը, թե ոնց եղավ, որ հիմա նստած է իմ կողքին:
«Տունը նստուկ էմեր, մեկ էլ լոսերը կնացին, ասիմ` ես ծեր… Մե պան չեն թողնի ըշկամ, ըտենց խալիվոր հալով էլամ նստամ տուսը»: Հազիվ վերջացրեց, չնայած ես շատ ուշադիր լսում էի նրան:
Մի քանի րոպե հետո եկավ Այծրուն պապիկը: Հենո պապը ինձ արդեն բանի տեղ չէր դնում: Որոշեցի գնալ տուն, մի քիչ հեռուստացույց դիտել: Ահա, երբ մի բան ուզենամ անել, մի բան կխանգարի: Տեխնիկական խնդիրներ, և հոսանք չկա: Չգիտեմ` ինչ  անեմ: Գնամ գիրք կարդա՞մ: Չէ հա, ի՞նչ գիրք:
Սեղանին մի գիրք եմ նկատում, բայց հայացքս թեքում եմ ուրիշ կողմ: Մեկ ա, էդ գիրքն ինձ անդադար «աչքով ա անում»: Ա~… Դե արի ստեղ, է: Բացում եմ գիրքը ու հայտնվում Ժյուլ Վերնի «Խորհրդավոր կղզու» ինչ որ խոնավ քարակույտի մեջ:Եվ չեմ էլ նկատում, որ արդեն մի ուրիշ աշխարհում եմ…