Sose Zaqaryan

Պարզապես ճանապարհին

Սովորական  օրերից էր: Գնացել էի համալսարան և առաջարկ ստացա մասնակցել «Երգ-երգոց» հաղորդման նկարահանումներին։ Իհարկե, չմերժեցի։ Ամեն ինչ շատ լավ ու հաճելի անցավ։ Վերջացնելուց հետո մենք քայլում էինք, հանկարծ մի  մեքենա կանգ առավ․

-Երեխե՛ք, ո՞ւր եք գնում, եկե՛ք՝ տանեմ։

Դե ով լիներ, որ ուրախությամբ չհամաձայներ, երբ առաջարկողը ոչ ավել, ոչ պակաս  Սասուն Պասկևիչյանն էր։ Մենք շատ էինք, բայց բոլորս տեղավորվեցինք և սկսեցինք զրուցել․

-Համալսարանի կողմից երկու աղջիկ էին իջնում, կանգնեցրեցին մեքենան, իրենց թվաց տաքսի է,  հետո տեսան, որ տաքսի չի, ասացի․ «Եկեք, եկեք, երեխեք, ո՞ւր եք գնում»: Բա՝ Վարդաշեն: «Կակռազ իմ ճանապարհի վրա է»։ Երկու աղջիկ էին, որոնցից մեկը հիմա իմ կինն է։

Քանի որ հաղորդումը նվիրված էր Ռուբեն Մաթևոսյանին, և ինքը մեզ տեսել էր այնտեղ, սկսեց խոսել:

-Ռուբիկը վեց երգ է երգել իմ երգերից․ երեքը Չարենցի տաղերից է, մեկը՝ Սիլվա Կապուտիկյանի, երկուսն էլ իմ գրած բառերով է։ Ռուբենի նման երգիչ չկա,- ասաց նա և մեզ տվեց իր այցեքարտը։ Այնտեղ գրված էր, որ լրագրող է: Մենք ասացինք, որ մենք էլ ենք սովորում ժուռնալիստիկայի ֆակուլտետում, և մեզ հետաքրքիր է, թե ինքը ինչ գործունեություն է ծավալել այդ  ոլորտում։

-Ես 1997 թվականին տուրիստ էի եկել և համալսարանում ժուռնալիստիկայի բաժնի երեխաներին նկարել եմ ու հաղարդում եմ պատրաստել։ Ես ունեի իմ հեռուստաժամը Լոս Անջելեսում։ Այն ժամանակ ձեր  դեկանը ինձ շատ սիրելի Գառնիկ Անանյանն էր։ Ես Լոս Անջելեսում քսանչորս տարի եմ ապրել և ամբողջ ժամանակ եղել եմ մամուլի ասպարեզում։ Սկզբից թերթերում էի, հետո խմբագրի տեղակալ էի։  1988 թվականի երկրաշարժից հետո ես որոշեցի հիմնադրել հեռուստաժամը, բայց կյանքում ոչ կամերա էի բռնել, ոչ էլ մոնտաժ անել գիտեի։ Հետո սովորեցի։ Մինչ հայրենիք վերադառնալս այդ հեռուստաժամը գոյություն ուներ։ Երեխեք ի՞նչ տարբերություն ոգու և հոգու միջև: Երբևէ մտածե՞լ եք։ Հոգին բոլոր կենդանիների մեջ կա, իսկ ոգին լրիվ ուրիշ բան է։ Եթե դուք կարդաք կամ ուսումնասիրեք Կտակարանը, այնտեղ  այդ մասին  կա։ Մուսան ինքը ոգի է (կարողանո՞ւմ եմ միտքս բացատրել), որովհետև շատերին ասում եմ՝ մուսան ի՞նչ ա, կարո՞ղ է «մարշրուտնի տաքսի է՝ եկավ ու գնաց։ Մուսան ոգի է։ Հիմա դուք լրագրողներ եք, չէ՞, դա շատ բարդ մասնագիտություն է: Ես դժգոհ եմ ներկայիս լրագրողներից, բայց ներողամտորոն եմ  դժգոհ, որովհետև ես չգիտեմ որևէ լրագրողի, որ ինչ ուզենա՝  թույլ տան ասի։ Այ, այդպիսի մեծ, շատ մեծ լրագրող էր Արմեն Հովհաննիսյանը,  ով մեր ռադիոյի և հեռուստատեսության երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրն էր և դասախոսում էր նաև մանկավարժականի  ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Նա ինչ  ուզում էր՝ ասում էր։  Ներկայիս լրագրողները չեն կարողանում ասել, որովհետև կհանեն գործից, և վերջ։ Ես  քսանհինգ տարի է, երբևէ չեմ ասել «Անկախ Հայաստան»։ Ի՞նչ անկախություն: Անկախություն հռչակվել է, բայց անկախ չենք ի ողբերգություն մեզ, որովհետև մեզ չեն թողնի, որ անկախ լինենք։

Ուրեմն 1988 թվականի  հուլիս ամսին Լոս Անջելեսում ես հանդիպեցի  Համո Սահյանի, Վահագն Դավթյանի և Սիլվա Յուզբաշյանի հետ: Երեք ժամանոց հարցազրույց վարեցի Համո Սահյանի հետ, որը տպագրվել է Լոս Անջելեսի «Ասպարեզ» թերթում: Հարցրեցի․ «Ի՞նչ կարծիքի եք ակնկալվող անկախության մասին»:

«Ի՞նչ անկախություն, մեզ ո՞վ թույլ կտա, որ մենք անկախանանք: Մեր անկախությունը կլիներ նրա մեջ, որ թողնեին գոնե մեր մշակույթը զարգացնենք, մեր ուզած գործարանը կառուցենք»։

Հետո անմիջապես փոխեց խոսքը։

- Ի՞նչ է կոչվում լավ երգ։ Ինչպե՞ս եք հասկանում։ Հիմա ասենք՝ մեկը զարգացած դոկտոր է, իսկ մյուսը քառասուն տարի պանիր է վաճառել: Նրանը իմ «Ախպերս, ջան, ջան, ջան» երգն է։ Հիմա նա ասում է՝ դա է  լավը, իսկ պրոֆեսորը ասում է Սայաթ-Նովան։ Ուրեմն լավ երգի գլխավոր նախապայմանը երաժշտության և բառերի համահունչ լինելն է: Այսինքն, երգի մեջ պետք է երաժշտությամբ արտահայտես բանաստեղծության ասելիքը,  ընդ որում, ես շեշտում եմ բանաստեղծության ասելիքը,  ոչ թե բառակույտը։ Այսօր հայ երգեր գրողները շատ անգամ չեն հասկանում ինչ են գրում։

Ես մեկնել եմ Ամերիկա 1980 թվականին և վերադարձել եմ 2004 թվին, բայց այդ ընթացքում մի 30 անգամ գնացել-եկել եմ: Դա չէ խնդիրը: Այն տարիներին երգի ձայնագրությունը ընթացք ուներ․ այսինքն, երգիչը սովորում էր, այնուհետև գործիքավորում, փորձեր, ձայնագրություն և այլն: Այն ժամանակ ամեն ինչ պետական էր, իսկ հիմա ես, և ոչ միայն ես, յուրաքանչյուր երգահան կամ կոմպոզիտոր շանս չունի երգ ձայնագրելու: Ես հենց հիմա առնվազն մի վաթսուն  երգ ունեմ ավարտած, որ չեմ կարողանում ձայնագրել։ Պատճառը փողն է։ Օրինակ, մի երգ կա, որ շուրջ քառասուն տարի առաջ եմ գրել, գրել չէ, ստեղծել (գրել բառը չեմ սիրում), և չեմ կարողանում ձայնագրել։

Սասուն Պասկևիչյանը  պատմեց մեզ, որ նախկինում  ակորդեոն  է նվագել, հիմա էլ դաշնամուր է նվագում, բայց չունի ոչ մի երաժշտական կրթություն, չգիտի ոչ մի նոտա։ Մեր այն հարցին, թե որն է իր ամենասիրած ստեղծագործությունը, ասաց․

-Ստեղծագործությունները երեխաների են նման: Ոնց որ մարդիկ իրենց  բոլոր երեխաներին են սիրում, այնպես էլ ես՝ իմ ստեղծագործությունները։ Նայած ինչ, նայած ոնց, տարբեր բաներ կան էլի․․․

Հետո ավելացրեց, որ Աշտարակում ստեղծել է «Վերնատուն 2»-ը, որի նպատակն էր՝ միավորել արվեստագետներին։

Արդեն մեր կանգառն էր, զրույցը վերջացավ, մենք հրաժեշտ տվեցինք անվանի երգահանին: Իջանք մեքենայից, իրար նայեցինք. Ահա և քեզ մի մեծ ու կարևոր դաս, որ տեղի ունեցավ ոչ թե լսարանում, այլ ավտոմեքենայի մեջ, պարզապես ճանապարհին: