Նկարի գեղեցկուհին Նարեն է: Նրան գիտեն բոլորը՝ պարով է ապրում ու շնչում: Պարում է ամեն տեղ՝ լինի տանը, բակում, ուսումնարանում, թե ընկերների հետ, թե մենակ, լինի երաժշտություն, թե առանց դրա:
Պարուհի է դառնալու, միշտ իմացել է դրա մասին:
4 տարեկան է եղել, երբ սկսել է հաճախել պարի, ուսուցչուհին միանգամից հասկացել է, թե ինչ մեծ ապագա է ունենալու այս ոլորտում և ասել է. «Այս աղջիկն ինձ հացից կկտրի, մեծ ապագա ունի»:
-Ինչո՞ւ որոշեցիր դառնալ պարուհի:
-Չեմ կարող ասել, թե ինչու հենց պարը ընտրեցի: Երևի պարով արտահայտում եմ ներքին հույզերս:
-Ի՞նչ ես զգում ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ:
-Ամեն անգամ բեմ դուրս գալիս մի նոր բան եմ սովորում, հուզված ապրումները ինձ ավելի համարձակ են դարձնում:
-Ոչ միայն պարում ես, այլ նաև ուսուցանում: Ի՞նչ ես զգում երեխաների հետ աշխատելիս:
-Այո, աշխատում եմ երեխաների հետ: Նրանցից նույնպես շատ բան կա սովորելու: Անհատական դասեր նույնպես տալիս եմ: Երեխաների հետ աշխատելիս կրկնակի անգամ զգում եմ ու համոզվում, որ շատ եմ սիրում իմ մասնագիտությունը:
-Ի՞նչ է պարը քեզ համար:
-Ինձ համար պարը դա կյանք է: Այն թողնում է նույն ազդեցությունը, ինչ լողը, դահուկասահքը, սակայն լողի համար անհրաժեշտ է ջուր, դահուկասահքի համար` ձյուն, իսկ պարի համար` երաժշտություն ու ցանկություն: Պարը իմ սնունդն է:
-Եթե չդառնայիր պարուհի, ապա կլինեիր ո՞վ:
-Այլ մասնագիտություններով նույնպես հետաքրքրված եմ, օրինակ, հոգեբանությամբ, բժշկությամբ, բայց միայն պարից հետո: Հավանաբար կդառնայի հոգեբան:
-Պարը քեզ համար պարզապես մասնագիտությո՞ւն է, թե՞ ավելին:
-Կարծում եմ, որ յուրաքանչյուրն էլ մասնագիտություն ընտրելուց դրա մեջ հոգեհարազատ բան է տեսնում: Ես նվիրված եմ պարին, իսկ պարը` ինձ: Պարելիս խոսում ենք մարմնով:
-Ի՞նչ խորհուրդ կտաս բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են մուտք գործել պարարվեստ:
Կարևորը լինեն աշխատասեր, չհանձնվեն, քանի որ պարը պայքարի արվեստ է: