suren karapetyan

Պետական պարտքը` գլխացավա՞նք, թե՞…

Համոզված եմ, որ բոլորդ էլ լսած կլինեք, և չեմ բացառում, որ մտահոգված կլինեք (#չքաղաքականացնել)  ՀՀ պետական պարտքով: Սակայն խնդիրն այն է, որ շատերը չեն էլ պատկերացնում, թե այն իրենից ինչ է ներկայացնում, և պարզապես ալիքի ազդեցության տակ շարունակում են քննադատել կառավարությանը: Դրա համար որոշեցի գրել այս նյութը և փորձել բացատրել:

Նախ, միանգամից տարանջատենք` ներքին և արտաքին պարտքեր հասկացությունները: Առաջինի դեպքում պետությունը «պարտք է» իր իսկ քաղաքացիներին: Անհնա՞ր է, բացատրեմ. ի՞նչ ենք մենք անում, երբ մեր ծախսերը գերազանցում են եկամուտները. բնականաբար պարտք ենք վերցնում: Պարտք կարող ենք վերցնել մեր բարեկամներից (պայմանական` ժողովուրդ) կամ` ֆինանսական կազմակերպություններից (արտասահմանի ծանոթներ): Բարեկամից վերցնելը ավելի շահավետ է. դե, ցածր տոկոսադրույք, համ էլ «լավություն կանես»` տոկոսներ վճարելով: Երկրորդ տարբերակն էլ դասական օրինակով որևէ միջազգային բանկից կամ պետությունից փոխառնություն վերցնելն է:

Իսկ ինչպե՞ս է պետությունը պարտք վերցնում իր իսկ ժողովրդից: Տարբերակները շատ են, սակայն կնշեմ ամենատարածված եղանակը` պարտատոմսերը: Սրանք յուրահատուկ արժեթղթեր են, որոնք գնելուց հետո քեզ տոկոսի ձևով եկամուտով են ապահովում: Պետությունը վերցնելով վճարածդ գումարը, այն ներդնում է որոշակի ոլորտում կամ ծրագրերում, դրա միջոցով ստանում է եկամուտ և որոշ ժամանակ անց քեզնից հետ գնելով պարտատոմսը` մարում է պարտքը: Եվ այստեղ հետաքրքիր բան է տեղի ունենում. բնակչությունը պարտատոմսերի հաշվին ստանում է լրացուցիչ եկամուտ, այսինքն, ստացվում է հայտնի կարգախոսի հակառակ տարբերակը` «Շահում է պետությունը, շահում ես դու»: Սակայն իրականում ամեն ինչ այդպես դրախտային չէ: Պետական պարտատոմսերը, որպես կանոն, ապահովում են ցածր եկամտաբերություն, և բնակչությունը հաճախ շահագրգռված չէ սովորական պարտատոմսերի փոխարեն պետականը գնել: Եվ հենց այս պահին էլ պետությանը «օգնության» են գալիս  արտասահմանի բարեկամները: Վերցնում ենք պարտքը և սկսում ուրախ ապրել, մինչև կգա այն մարելու ժամանակը:

Պետության դեպքում կարելի է նաև լրացուցիչ քանակությամբ փող թողարկել կամ հարկերը բարձրացնել, սակայն երկուսն էլ հղի են վտանգավոր երևույթներով: Չափից շատ թողարկումը կտանի փողի արժեզրկմանը, իսկ հարկերի բարձրացումը` աշխատելու մոտիվացման նվազման: Դրա համար պետությունը հիմնականում դիմում է պարտքային գործիքներին:

Ներկայում չկա այնպիսի պետություն, որը չունենա պետական պարտք: Այդպիսի պայմաններում ոչ մի տնտեսություն չէր գոյատևի: ՀՀ պետական պարտքը Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ 2016թ.-ին կազմել է 56.7%, իսկ 2017թ.ին` 58.9%, և ըստ Արժույթի միջազգաին հիմնադրամի (ԱՄՀ), այն կշարունակի աճել: Բանն այն է, որ նախկինում սահմանադրությամբ սահմանվում էր արտաքին պարտքի վերին սահման (ՀՆԱ 60%), սակայն հիմա այդ օրենքը չի գործում, և պետական պարտքը կարող է գերազանցել այդ շեմը:

Սակայն արդարության համար նշեմ. այնպիսի հզոր պետություններ, որոնց պետական պարտքը ՀՆԱ-ի համեմատ ավելի մեծ թիվ է կազմում, քան մեր երկրում` Ճապոնիա` 223,8%, Հունաստան` 180%, Իտալիա` 131%, Բելգիա, ԱՄՆ` 104%, Ֆրանսիա` 98,5%, Մեծ Բրիտանիա` 90,4%, Գերմանիա` 64%: Գուշակեք, թե որ երկիրն ունի ամենափոքր պետական պարտքը. պատասխան` Հյուսիսային Կորեան իր 1,5%-ով:

Վատ կողմն այն է, որ մենք չենք կարող համեմատվել վերը նշված երկրների հետ, քանի որ, նրանք ունենալով ընդգծված տնտեսական առաջադիմություն, ի վիճակի են ժամանակին մարել պարտքը, իսկ մեր նման փոքր տնտեսության համար մեծ  չափերի հասնող արտաքին պարտքը, իրոք, վտանգավոր է: Օրինակ, 2013թ.ին ՀՀ-ն Ռուսաստանի տրամադրած գազի նկատմամբ կուտակել էր 300 մլն դոլարի պարտք և որպես փոխհատուցում «Հայռուսգազարդում» ունեցած իր 20% բաժնեմասը վաճառեց ռուսական «Գազպրոմին», ով դրանից հետո դարձավ «Հայռուսգազարդի» 100%-անոց սեփականատերը: Ուղղակի նշեմ, որ  «Հայռուսգազարդը»-ը համարվում է ռազմավարական նշանակության կառույց, որը փաստացի չի պատկանում ՀՀ-ին…

Հ.Գ.-Հուսամ, մի քիչ լուսավորեցի, հիմա հանգիստ կարող եք մտահոգիչ ստատուսներ գրել պետական պարտքի մասին, և ի դեպ, այս նյութի գաղափարն էլ ծագեց Վալենտինա Չիլինգարյանի պատին արված գրառումից: