ՊԵՏՔ Է ՀԻՎԱՆԴԻՆ ԱՌՈՂՋԱՑՆԵՆՔ, ԻՍԿ ԱՌՈՂՋԻՆ ԱՌՈՂՋ ՊԱՀԵՆՔ. Նազելի Կիրակոսյան

Այսօր հյուր եմ Լոռու մարզի Վահագնի գյուղի բուժքույր Նազելի Կիրակոսյանին: Ծնվել և մեծացել է մեր գյուղում:

Մանկությունը հիշելիս հիշում է նաև մեծ Արհավիրքը` երկրաշարժը, որը մեծ հետք է թողել իր կյանքում: Գուցե նաև մարդկանց օգնելու որոշումն է դարձել պատճառը, որ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել  է Վանաձորի բժշկական ուսումնարան։

Բժշկական ուսումնարանը ավարտելուց հետո Վահագանիի առողջական կենտրոնում ընդունվել  է աշխատանքի որպես մանկական բուժքույր։ Աշխատանքի դժվարությունը  կայանում է միայն նրանում, որ Վահագնի առողջական կենտրոնը սպասարկում է  յոթ գյուղի։  Չնայած  ծանրաբեռնված լինելուն, աշխատանքի ավարտից հետո ևս աշխատում է, բժշկական օգնություն է ցուցաբերում համագյուղացիներին` փորձելով համատեղել աշխատանքը և գյուղացիներին օգնելը։

Ինչպես համագյուղացիներն են նշում, Նազելին շատ հայրենասեր է, սիրում է իր գյուղը, նվիրվում մարդկանց, կիսում բոլորի խնդիրները և իր հնարավորության սահմաններում փորձում է անել առավելագույնը համագյուղացիներին օգտակար լինելու համար։

Համագյուղացիներից մեկը ժպիտով պատմում է.

-Ինչպես Նազելին է սիրում ասել. «Պետք է հիվանդին առողջացնել, իսկ առողջին էլ առողջ պահել»։

Կյանքում  հանդիպել է ամենաբարդ դժվարություններից մեկին` առողջական խնդրին, սակայն ընտանիքի հետ համատեղ կարծում է, որ այս դժվարությունը ևս հաղթահարել է։

-Կյանքում բոլոր դժվարություները հաղթահարելի են, եթե կարողանաս քո մեջ ուժ գտնես և պայքարելու ձգտում։