Պետք չի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Հայաստանը ցնցվում էր այն ամենով, ինչ կատարվում էր իր ներսում, նա և՛ հպարտ էր, և՛ անհանգիստ։ Սկսվել էր մի շարժում, որը պիտի գլխի վրա շրջեր եղած Հայաստանը: Հայաստանը պիտի ոտքի կանգներ գլուխը բարձր պահած, զգաստ, ինչպես հայ ֆիդայիներն են կանգնել: Եվ մեր տանջված հայրենիքը հավատում էր դրան, հավատում էր փողոցը փակած ցանկացած մարդ, լիներ ծեր, երիտասարդ, թե սայլակի մեջ նստած, էդ ամենից չհասկացող փոքրիկ երեխան:

Մեզ միշտ ասել են, մտցրել են մեր մեջ՝ քեզ պետք չի: Բա քեզ պե՞տք է՝ խառնվես, քեզ չեն հասկանա, ավելորդ քաշքշուկների մեջ կընկնես, պետք չի, հավատա:
Հայրենիք սիրո՞ղ ես, ցույց տուր դա քո արարքով, գործերովդ, հայրենիքը սիրել չի նշանակում անգիր անել միայն մեր պատմությունը, եռագույնը ծածանել, ռազմահայրենասիրական երգեր լսել ու դրանց իմաստը չհասկանալ, ամեն տեղ գոռալ, որ սիրում ես երկիրդ: Որովհետև դեռ դպրոցից մեզ սովորեցնում են հայոց պատմության ժամին՝ պատմությունդ չիմացար՝ էլ ի՞նչ հայ ես, ամոթ է: Ու մի պահ եկավ, որը վաղուց պիտի գար, քայլ պիտի անեինք, վճռական քայլ… Հայաստանը վաղուց էր էդ քայլին սպասում, և վերջապե՜ս: Օրերով ցուցարարները հանդուրժում էին ճամփեքին քնելը, ցրտին դրսում նստելը, հանդուրժում էին թշնամական պատնեշը ոստիկան և քաղաքացի հարաբերություններում, աշակերտների վրա դպրոցի դռներ փակելը: Ազգը մի տեղ էր հավաքվել, աշակերտները (էդ ամեն ինչից հասկացող աշակերտները) նստած դասին մտածում էին դուրս գալ, գնալ, միանալ, բայց ձեզ պե՞տք է, դա աշակերտի գործը չէ: Ինչո՞ւ, աշակերտը չի՞ հասկանում՝ ինչ է կատարվում, աշակերտը իր երկրի կողքին կանգնելու իրավունքը չունի՞: Երևի մենք՝ աշակերտներս, սովոր ենք դպրոցի քառակուսու մեջ մնալ, ազատ չմտածել, մեզ ասել են՝ 2+2=4 և վերջ: Այլ ոչ թե՝ 2+2=5։

Հայաստանի հյուսիսում եմ՝ հեռու էդ հեղափոխական մթնոլորտից: Բայց դա չխանգարեց անել իմ քայլը՝ աշակերտիս քայլը: Եվ երբ առաջարկեցի դպրոցականներին ցույց կազմակերպել, ոմանք ասացին․

-Քեզ պե՞տք է, ո՞վ է քեզ լսելու, ո՞վ։

Այսպես է, բոլորս կարծում ենք, որ ոչ մեկը մեզ չի լսելու, և արդյունքը լինում է՝ 1+1=0: Ոմանք էլ եկան ինձ հետ, Հայաստանում ոչ ոք (բացի մեր շրջանից) չիմացավ, որ հեռավոր հյուսիսում Քայլ անողներ եղան: Հայաստան աշխարհը իմացավ ու ժպտաց ինձ:

Մենք էքսկուրսիաներ ենք կազմակերպում, պատմական վայրերում լինում, բայց ո՞ւմ է դա հետաքրքրում: Ո՞ւմ է հուզում, թե ինչու են Հայաստանի լեռները այսքան սիրուն, դրանք սիրուն են ու վերջ, պարզապես սիրուն են։ Մեզ ասել են՝ քեզ պետք չի ու վերջ… Մենք անընդհատ գլորվում ենք դրա մեջ: Աշակերտ ենք ու տեսնում ենք լիքը անարդարություններ ամեն պահի, բայց անարդարությունների անարդարությունը առջևում է, մեզ է սպասում, ու երբ հասնենք դրան, շալակած անարդարության բեռը՝ գլուխներս կախ կգնանք, որովհետև մեր ուղեղում խցկված է՝ «քեզ պետք չի»-ն: Քառակուսու մեջ մեջքներս ծռվում է: