anushMuradyan

Պլաստիկ աղբը՝ աղետ բնության համար

Մեր ժամանակների ամենատարածված և ամենաարդիական խնդիրներից մեկը պլաստիկ աղբի տարածվածությունն է։ Պլաստիկ նյութերը (տարաներ, տոպրակներ, թափոններ, շշեր և այլն) մեր առօրյա կենսագործունեության մի մասն են կազմում։

Պլաստիկ աղբի խնդիրն առկա է ամբողջ աշխարհում, և մի շարք երկրներ (օրինակ՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան) արդեն իսկ հրաժարվել են պոլիէթիլենային թափոններից կամ արգելել են անվճար պոլիէթիլենի տրամադրումը։ Հայաստանում վերջերս անդրադարձել են այս հարցին։ Բնապահպանության նախարարությունը «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկել է նոր բնապահպանական հարկի ավելացում և պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացման նվազագույն գնի սահմանում (100 դրամ)՝ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործման ծավալները նվազեցնելու նպատակով։ Սույն օրենքը կսահմանվի 2020 թվականի հունվարի 1-ից։

Ըստ համացանցում առկա տվյալների, մարդը տարեկան միջինում «արտադրում»  է 250 կգ կենցաղային աղբ: Աղբի 25 տոկոսը կազմում են սննդային թափոնները, 5-10 տոկոսը` թուղթը և 50 տոկոսը` պոլիմերները, մնացածն էլ կազմում են ապակին, ռետինը, կտորեղենը և այլն: Օրինակ, թղթե թափոնների բնական քայքայման համար անհրաժեշտ է 1-5 տարի, ալյումինե տարաների, մարտկոցների՝ 200 տարի, ապակու համար 1000-ից ավելի տարի։ Պոլիէթիլենային տոպրակները միջինում օգտագործվում են 1-20 անգամ, սակայն քայքայվում են 100-450 տարում։

Պլաստիկ աղբի վնասակար ազդեցությունների մասին խոսել ենք կենսաբանության ամբիոնի դասախոս,  կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Սահակյանի հետ։

-Պլաստիկ աղբն իր մեջ պարունակում է ծանր մետաղներ, որոնք չեն քայքայվում։ Երբ պլաստիկ աղբը ընկնում է  հողի մեջ, այն փակում է հողի շերտը և այնտեղ թթվածին չի մտնում, սկսվում է նեխման պրոցես։ Ոչնչանում են շատ կենդանատեսակներ։ Ամենաշատ կուտակումը լինում է օվկիանոսներում և ամեն օր 5000 տեսակի ձկնատեսակ է ոչնչանում (պլաստիկը համաշխարհային օվկիանոսի 80 տոկոսն է կազմում)։

Աղտոտելով շրջակա միջավայրը մեծ վնաս ենք հասցնում ոչ միայն բնությանը, այլ ինքներս մեզ․ «Գոյություն ունի սննդային շղթա։ Թափոններից սնվում են շատ կենդանիներ, այդ թվում նաև այն կենդանիները, որոնց մարդն է ուտում։ Դա մեծ ազդեցություն է թողնում մեր օրգանիզմի վրա»։ Քանի որ պոլիէթիլենը «չշնչող է», թթվածնի մուտք չկա, Գայանե Սահակյանը խորհուրդ է տալիս սննդամթերքը չպահել նման պայմաններում։

Նշենք, որ ՀՀ 2017-2018 թվականներին ներմուծվել է 18.059,6 տոննա էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձևերով․ «Նման մեծ քանակությամբ թափոնների մեջ գցում ենք նաև մարտկոցներ, դեղեր, որոնք ռեակցիայի մեջ են մտնում ու սարսափելի հիվանդությունների պատճառ են դառնում»։

Հիշեցնենք, որ Հայաստանն աշխարհի 172 երկրների շարքում քաղցկեղային հիվանդություններից մահացությունների թվով առաջին տեղում է։ Շատ մասնագետներ կարծում են, որ դա կապված է պոլիէթիլենային  աղտոտվածության հետ։

Խնդիրը որոշ չափով կանխելու համար, աղբը տեսակավորվում է, ապա անցնում վերամշակման․ «Փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնք աղբը տեսակավորում են, թափոնների հիմնախնդիր գրեթե չունեն։ Այն հնարավորություն է տալիս թափոնը վերամշակել և նոր բան ստանալ»,-ասում է Գայանե Սահակյանը։

Հայաստանում պլաստիկ աղբի տեսակավորման մշակույթը զարգացման փուլում է։ Շատ ընկերություններ, հասարակական կազմակերպություններ, ծրագրեր զբաղվում են աղբի տեսակավորմամբ։ Այդպիսի ծրագրերից է նոր մեկնարկող «ԷկոՏուն Լոռի»-ն։ Ծրագրի ղեկավար Մանե Խաչատրյանը նշում է․

-Ծրագրի նպատակն է` զարգացնել պլաստիկ աղբի վերամշակումը Լոռու մարզում, ինչպես նաև պլաստիկ թափոններին տալ նոր կյանք։ Նման կազմակերպություններ արդեն  կան Երևանում, Գորիսում և, սա նորություն է լինելու այս տարածաշրջանի համար։ Վերամշակելով ստանալու ենք տնտեսական ապրանքներ, նաև տուրիստական փաթեթներ են առաջարկվելու, որ զբոսաշրջիկները անձամբ մասնակցեն վերամշակմանը ու ստանան իրենց նախընտրած հուշանվերը։

«ԷկոՏուն Լոռի» ծրագրի շրջանակներում նախատեսվում է Լոռու մարզում ընդհանուր աղբամանների կողքին տեղադրել հատուկ  աղբամաններ նախատեսված պլաստիկի համար։

- Բնական է՝ չենք կարող արգելել, որ ընդհանրապես պլաստիկը բացակայի մեր կյանքից, սակայն օգտագործելու տեսանկյունից պետք է ավելի խելամիտ օգտագործենք,- հավելեց Մանե Խաչատրյանը։

Մարդիկ ստեղծեցին պոլիէթիլենային տոպրակները  կյանքը հեշտացնելու համար, իսկ հիմա ստեղծում ու փնտրում են դրա դեմ պայքարելու միջոցներ, չէ որ պահպանելով բնությունը, պահպանում ենք ինքներս մեզ։