Պոլիտեխնիկի ՈւԽ-ն

Զրույց Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի ՈՒԽ-ի նախագահ՝ Գևորգ Հարությունյանի հետ:

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս բուհը, և ինչքանո ՞վ այն արդարացրեց ձեր սպասումները:

-Դեռևս դպրոցում սովորելու տարիներին արդեն հատուկ ուղղվածությամբ պարապմունքների էի հաճախում, ու փաստը այն էր, որ թե՛ ես, թե՛ դասընկերներիցս շատերը ավելի տեխնոլոգիական բուհ ընդունվելու էինք ձգտում: Բաժինս՝ մասնագիտությունս, ընտրել եմ շատ պատահական: Արդյունքում, հայտնվեցի հենց քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետում: 2019թ.-ին արդեն կլրանա իմ պոլիտեխնիկցի լինելու տասը տարին: Ու հետադարձ հայացք գցելով ես կարող եմ ասել, որ այստեղ ես ստացել եմ լիարժեք ինժեներական կրթություն և դաստիարակվել որպես արժանի քաղաքացի:

-Ինչպե՞ս հայտնվեցիք ուսանողական խորհրդում:

-Առհասարակ ուսանողների հետ շփվելիս ես հաճախակի եմ պատմում այս պատմությունը, որովհետև սա շատ լավ բնութագրում է, թե ինչ առաքելություն է իր վրա կրում այս կառույցը: Առաջին կուրսում, ինչպես սովորաբար լինում է՝ կուրսի ավագը բոլորին տեղեկացնում է ՈՒԽ-ի հետ հանդիպման մասին: Եվ պետք է անկեղծ լինեմ, դա մեծ հետաքրքրություն չառաջացրեց իմ մեջ: Անցավ ևս մեկ ամիս, մենք խմբում ունեինք մեկ խնդիր՝ ունեինք ուսանող, ում բացակաները ծայրահեղ քանակի էին հասնում: Եվ ես գիտեի, որ նա միակողմանի ծնողազուրկ է և աշխատում է` ուսման վարձը վճարելու համար, արդյունքում դուրս մնալով դասապրոցեսից: Ու տեսնում էի, որ կուրսի մեծամասնությունը անտարբեր էր այդ ուսանողի և նրա խնդրի նկատմամբ: Մի խոսքով, եկավ մի պահ, երբ նա հեռացման էր ենթակա: Հենց այդ ժամանակ էլ, ես առաջին անգամ թակեցի 5603 համարի սենյակի դուռը, փորձելով ՈՒԽ-ի հետ միասին լուծել իմ համակուրսեցու խնդիրը: Այնտեղ հանդիպեցի Գոռ Վարդանյանին (ռեկտորի տեղակալ, ՈւԽ պատվավոր նախագահ), ում հետ էլ ես կիսեցի մտահոգությունս: Եվ այս մի խնդիրը լուծելով, ՈւԽ-ն անձամբ ինձ համար դարձավ մի կառույց ԲՈւՀ-ում, որը իսկապես մտահոգված էր ուսանողների խնդիրներով: Հետագայում պարբերաբար այցելելով հասկացա, որ անելիք ունեմ այստեղ:

-Ի՞նչ ճանապարհ եք հասցրել անցնել այստեղ: Եվ ո՞րն եք համարում ՈՒԽ-ի գլխավոր նպատակը:

-Սկզբնական շրջանում աշխատում էի ամեն ինչի մեջ ներգրավված լինել, փորձել ամեն ինչ: Ժամանակի ընթացքում ավելի հաճախ էի կազմակերպչական աշխատանքներով զբաղվում և արդյունքում աշխատակազմի մեջ ընդգրկվեցի, և եկավ այն պահը, երբ ինքս սկսեցի ղեկավարել «Քոմփյութերային համակարգեր և Ինֆորմատիկա» ֆակուլտետի աշխատակազմը: Իսկ 2012-ին ընտրվեցի ֆակուլտետային ՈՒԽ նախագահ, 2014-ին էլ համալսարանի ՈւԽ նախագահի տեղակալ։ 2017թ-ի սեպտեմբերի 4-ին ընտրվեցի համալսարանի ՈՒԽ-ի նախագահ: Դա ինձ համար շատ անսպասելի էր: Եվ հաճախ ինքս ինձ հարցնում եմ` ձգտո՞ւմ էի դրան, թե՞՝ ոչ: Պետք է անկեղծ լինեմ, ո՛չ, չէի ձգտում: Ես ինձ շատ լավ էի զգում, երբ 2014թ-ից դարձա նախագահի տեղակալ: Այսինքն, իմ հիմնական նպատակը Ուսանողական Խորհրդում չի հանդիսացել նախագահ դառնալը, այլ ուսանողական աշխատանքներ կատարելն ու ուսանողների շահերը պաշտպանելը։ Բայց ծանրաձողի իրական կշիռը միայն սեպտեմբերի 4-ին հասկացա։

Ինչ վերաբերում է ՈւԽ-ի առաքելությանը: Մեր նպատակն է` մշտապես պաշտպանել ուսանողության շահերը, ստեղծել հարթակ, որտեղ ուսանողները կարող են ազատորեն արտահայտել իրենց խնդիրներն ու մտքերը: Խթան հանդիսանալ, որ մեր ուսանողները կարողանան իրենց ներկայացնել այլ հարթակներում նույնպես:

Երբ բուհի հետ պայմանագիր էինք կնքում, ուշադրություն դարձրի մի պարբերության՝ մշտապես և յուրաքանչյուր հարթակում բարձր պահել բուհի անունն ու պատիվը: Սա մեր գերնպատակներից մեկն է:

 

-Սեփական փորձից գիտեմ, որ Ուխ-ն նվիրում և ժամանակ է պահանջում: Ինչպե՞ս էիք հասցնում ամեն ինչ:

-Սովորելու և ՈՒԽ-ի հետ զուգահեռ ես նաև աշխատում էի: Աշխատել եմ տարբեր տեղեր: Թե ֆիզիկական, թե հոգեբանական առումով դժվար էր՝ դասեր, հասարակական աշխատանք և աշխատանք համալսարանական դասերից հետո: Եվ եթե ուղղակի պատասխանեմ հարցին, ապա պետք է ասեմ, որ այո՛, հասցնում էի: Չեմ կարող ասել ինչքանով էր ստացվում, բայց հասցնում էի: Իրականում կապ չունի. դա ՈւԽ-ն կլիներ, թե մեկ այլ կառույց: Այստեղ կարևորն այն է, թե ինչքանով ես նվիրված քո աշխատանքին: Եթե դու ցանկանում ես սովորել, կապ չունի` ինչքան ծանրաբեռնված ես, դու հաստատ կգտնես մեկ ժամ և կտրամադրես այդ մեկ ժամը սովորելուն և կհասցնես: Ծանրաբեռնվածությունը շատ էր, երբեմն դասերի ժամանակ քնում էլ էի: Ով է ասել, որ լավ մասնագետ լինելու համար պետք է ստուգման գրքույկիդ մեջ միայն 100-ներ լինեն: Երբեմն միայն գնահատականը չէ, որ որոշում է ուսանողի կամ մասնագետի որակները՝ մանավանդ ժամանակակից աշխարհում։ Ես համարում եմ, որ երիտասարդ ժամանակդ դու պետք է օգտագործես քեզ տրված բոլոր հնարավորությունները, և եթե այս տարիքում վերելք չապրես, ապա չես ապրի երբեք:

-Ի՞նչ առանցքային խնդիրներ եք տեսնում ուսումնական պրոցեսի կազմակերպման գործընթացում:

-Իհարկե, ոչինչ անթերի լինել չի կարող: Ես գտնում եմ, որ խնդիրները բազմակողմանի և խորքային են։ Պոլիտեխնիկի տարածքում մի շարք լաբորատորիաներ և գիտահետազոտական կենտրոններ են գործում («Շնայդեր էլեկտրիկ-ՀԷՑ-ՀԱՊՀ», «Կասկադ հոլդինգ-ՀԷՑ-ՀԱՊՀ», «ՀԱՃԼ», «Օդային ռոբոտատեխնիկայի գիտահետազոտական կենտրոն», «Տեխնոլոգիական իննովացիոն հարթակ»), որոնց դռները մշտապես բաց են ուսանողների առաջ: Եվ ես կցանկանայի տեսնել ավելի մեծ հետաքրքրություն և ներգրավվածություն այդ լաբորատորիաների և սեփական կրթության որակի բարելավման նկատմամբ: Համոզված եմ, որ պահանջատիրությունը բառի ուղղակի գործառույթի կատարմամբ չի սահմանափակվում։ Պահանջատեր մարդը պետք է լինի նաև նախաձեռնող, սեփական օրինակով, սեփական անձից սկսելով սկիզբ դնի փոփոխությանը։ Տրված ուսման վճարի դիմաց ուսանողը պետք է լիարժեք կրթություն ստանա: Բացի այդ, շատ առարկաներ կան, որոնց գործնական ժամերը ուղղակի պետք է լեկցիոն ժամերից ավելի շատ լինեն: Տեսական գիտելիքները գործնականում պետք է կիրառվեն:

Խնդիրները բազմաթիվ են ու բազմաբնույթ։ Կան և սուբյեկտիվ և մասշտաբային խնդիրներ։

-Որքանո՞վ է ապահովված ուսանող-դասախոս կապը, Ուխ-ն իր նախաձեռնություններում աջակցություն դասախոսական անձնակազմից ստանո՞ւմ է:

-Դասախոսը ոչ միայն գիտելիք տվող է, այլև ավագ ընկեր: Իմ ուսման ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ դասախոսների, ովքեր բարեխճորեն կատարել և կատարում են իրենց մանկավարժական առաքելությունը և բազմիցս հանդես են եկել, որպես ուղղորդող Ուսանողական խորհրդի այս կամ այն գաղափարի իրագործման համար: Պոլիտեխնիկում կան բազմաթիվ աշխատակիցներ, այդ թվում դասախոսներ, և չի կարելի միանշանակ ասել, որ բոլորը կատարում են նույն ծավալի և որակի աշխատանք: Իհարկե կան նաև համեմատաբար անտարբեր դասախոսներ, դա փաստ է: Բայց վստահաբար կարող եմ ասել, որ մեր դասախոսական անձնակազմի մեծամասնությունը համապատասխանում է իմ տված բնութագրին:

-Եվ վերջում ուզում եմ մի հարց տալ, ինչո՞վ է պոլիտեխնիկական ՈՒԽ-ն առանձնանում այլ համալսարանների ուսանողական կառույցներից:

-Իրականում յուրաքանչյուր կառույց էլ կարծում եմ հավատարիմ է իր առաքելությանը և բարեխղճորեն կատարում է այն:

Մեր համալսարանը ունի շատ լավ մշակույթ, որի գաղափարը կայանում է միասնության մեջ: Եվ մինչ օրս Պոլիտեխնիկի գրանցած բոլոր հաջողությունները թիմային աշխատանքի, ինժեներական մտածելակերպի և միասնության արդյունք են: Ուզում եմ նշել, որ Արցախյան պատերազմի ժամանակ Պոլիտեխնիկը այն եզակի կառույցներից էր, որտեղ կազմվեց կամավորական ջոկատ և մեկնեց սահման կռվելու: Եվ եթե խոսենք տարբերվելու մասին, ապա առաջին հատկանիշը, որը ես մտաբերում եմ, հենց միասնությունն է: