meri poghosyan

Պտույտ իմ Երևանով

Ողջույններս: Երեկոյան ժամ է, հիշում եմ` մի քանի օր առաջ նման վերնագիր էի տեսել` «Պատմում է Երևանը»: Հետաքրքրեց: Չեմ ուզում շաբլոն տեքստ գրել այն մասին, որ Երևանը ամենահին, ամենագեղեցիկ, տուֆաշեն, բազմադարյա պատմություն ունեցող քաղաք է՝ հիմնադրված Արգիշտի I-ի կողմից: Չէ, չէ, նման բաներ չեմ գրում: Ավելի շատ կխոսեմ այն մասին, որ վերջին տարիներին Երևանը շատ է փոխվել և դեպի լավը՝ միաժամանակ չկորցնելով իր դեմքն ու խառնվածքը: Շատերն ասում են. «Մեր հին շենքերը քանդեցին, տեղը էլիտար շենքեր սարքեցին»: Չեմ առարկում՝ հին շենքերը շատ գեղեցիկ են, իրենց նախշերով, վինտաժային դռներով (մի տեսակ քաղաքի լուռ վկաներն են ), բայց նոր շենքերն էլ են գեղեցկացնում քաղաքը և փոքր-ինչ եվրոպական շունչ են հաղորդում:

Ուզում եմ շրջայց կատարել քաղաքով ու պատմել տպավորություններս: Ես՝ որպես ԵՊՀ-ի ուսանողուհի, պարտքս եմ համարում մեկնարկի վայր դարձնել Ալեք Մանուկյան 1-ը : Է՜հ, գնացի:

Ալեք Մանուկյան փողոց, Ռադիոտուն, փառքի փոքրիկ ծառուղի, որտեղ մի շարք անուններ դեռ իրենց տեղը չեն գտել, Ֆիզկուլտ ինստիտուտ, Մանկավարժական, մի քիչ էլ եմ քայլում, և ահա Վարդան Մամիկոնյանն ու իր փառահեղ ձին, Լունապարկ, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (քիչ էր մնում Վերնիսաժը շրջանցեի): Մտնում եմ Վերնիսաժ, հիանում եմ ձեռագործ գորգերով ու արծաթի փայլից կուրացած Հանրապետության փողոցով դուրս եմ գալիս փոքրիկ պուրակ: Խոնարհվում եմ Գարեգին Նժդեհի արձանի առջև (Իսահակյանի գրադարան չեմ հասցնի մտնել, երկար ճանապարհ ունեմ), քայլում եմ Հանրապետության հրապարակով՝ Երգող շատրվաններ, Պատմության թանգարան (մի ուրիշ առիթով թանգարաններով կշրջենք, գժվելիք են): Հրապարակում ինձ Պարսկաստանում զգալով՝ քայլերս ուղղում եմ Հյուսիսային պողոտա, որտեղ ոչ պակաս եմ ինձ Պարսկաստանում զգալու: Մտածում եմ՝ արժե՞ կրկին հիանալ թանկարժեք բուտիկների ցուցափեղկերով ու նյարդայնանալ դրամապանակիդ բարակությամբ, թե՞… Հյուսիսային պողոտա՞, թե՞ Աբովյան, Հսյուսիսային պողոտա՞, թե՞ Աբովյան: Վերջ, ընտրում եմ Աբովյանը կամ նախկին Աստաֆյանը, ոնց ուզում եք` ասեք: Չեմ վախենա ու կասեմ՝ Երևանն ինձ համար Աբովյան փողոցն է: Որ ասում էի` հին քաղաքի լուռ վկա շենքեր, ա՜յ, այդ կառույցների մոտով եմ անցնում՝ արծաթեղենի ու գորգերի մի շարք խանութներ (չխոսեմ Աբովյան 12-ի՝ Դալանի մասին, գժվում եմ), վերաբացված «Նոյյան տապան» գրատուն, մի շարք սրճարաններ, «Մոսկվա» կինոթատրոնն իր հսկայական երկաթե սարդով, որից միշտ վախեցել եմ: Հասնում եմ Տերյան-Թումանյան խաչմերուկ: Կարապի լիճ, Առնո Բաբաջանյանի արձան՝ արդեն խունացած (սրտի ցավով եմ ասում), լուսանկարում եմ նոր տեղադրված գորգ-խճանկարը, քայլերս ուղղում եմ Մաշտոցի պողոտա: Հետևում թողնելով Մատենադարանը, պոնչիկանոցն ու կոնսերվատորիան՝ գնում եմ Կասկադ: Թամանյանի արձան, ես քեզ սիրում եմ, որ մի տեսակ Կասկադի սկիզբն ես խորհրդանշում կամ էլ վերջը, նայած որ կողմից դիտես: Բարձրանում եմ աստիճաններով (ամեն անգամ ինձ խոստանում եմ աստիճանները հաշվել, ու գիտե՞ք ինչ, միշտ հաշիվը խառնում եմ):

Չէ~, մենակ չեմ շրջի Հաղթանակ զբոսայգով, իջնում եմ Կասկադով ու էլի շփոթում եմ աստիճանների թիվը: Բրոնզաձույլ արձաններին նայելուց (հատկապես գեր կնոջ արձանին), սրճարաններում երջանիկ դեմքեր ֆիքսելուց հետո կրկին դուրս եմ գալիս Մաշտոցի պողոտա: Ուզում եմ մտնել «Բուկինիստ»-ս: Հոգուս առջև պարտքի նման բան է դարձել այդ գրախանութը մտնելը: «Առաքելությունս իրագործելուց հետո» ուղիղ անցում դեպի Ամիրյան: Վերջ, հոգնած եմ, Հանրապետության հրապարակից էլ հենց մետրո կնստեմ: Մի շարք փողոցներ էլ թող սպասեն, այսօր էլ թող ուրիշները թափառեն այդ վայրերով, և միգուցե այնպիսի բաներ նկատեն, որ ես ուշադրություն չեմ դարձրել կամ էլ հարկ չեմ համարել ուշադրություն դարձնել: Թող ուրիշներն այսօր քայլեն Սարյան, Պուշկին, Սայաթ-Նովա, Մոսկովյան, Հալաբյան, Կիևյան, Բաղրամյան (և հատկապես` 26) փողոցներով: Թող ուրիշներն այցելեն «Դալմա», «Երևան» և էլ չգիտեմ թե ինչ մոլեր: Թումոյի շենքը, «Նաիրի» կինոթատրոնը, Անգլիական ու Սիրահարների այգիներն ինձ կսպասեն: Ինձ կսպասեն շատ ու շատ այլ վայրեր ևս:

Իսկ դու՛, հե՛նց դու, երբևէ փորձե՞լ ես ականջ դնել Երևանի սրտի ձայնին, ա~խր, նա քեզ, հե՛նց քեզ այնքան բան ունի պատմելու: Նա էլ է մարդու նման կենդանի օրգանիզմ, այն էլ ինչ օրգանիզմ: Նա էլ մարդու նման կարիք ունի, որ իրեն լսեն, ավելին՝ հասկանան: Դե ինչ, ուղղիր սխալներդ, լայն բաց արա ականջներդ, լսիր նրան, ա~խր, նա այնքան բան ունի պատմելու: