Ջերմությամբ լիքը մի փոքրիկ անկյուն

Լուսանկարը՝ Անահիտ Բադալյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բադալյանի

Հիմնական դպրոցն ավարտելիս՝ վերջին զանգիս ժամանակ, մի պահ հիշեցի անցածս ամբողջ ճանապարհը՝ առաջին զանգս, երկու պոչիկներս, մեծ ծաղկեփունջը, դպրոցական նստարանները, գրատախտակը, երկար դասամիջոցներն ու դասից ուշանալը, ուսուցիչներիս ու դպրոցը, ու կարծես զգացի, որ այս ամենն արդեն անցյալ է: Այդ զգացումն ուղեկցեց ինձ մինչև սեպտեմբերի մեկը: Սեպտեմբերի մեկին ես կրկին դպրոց էի գնում, բայց ամեն ինչ լրիվ ուրիշ էր: Այդ «ուրիշությունը» ես զգացի միայն այն ժամանակ, երբ հարազատ դպրոց տանող ճանապարհից թեքվեցինք ու անցանք փողոցը: Ինը տարի առավոտյան նույն ուղով եմ գնացել, հա, կիսաքուն, հոգնած, տխուր, ուրախ, շտապելով ու վազելով, բայց միշտ այդ նույն ճանապարհով եմ գնացել: Իսկ այս անգամ փոխվեց ճանապարհս, ու այդ ճանապարհի հետ փոխվեց ամեն բան:

Լուսանկարը՝ Անահիտ Բադալյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բադալյանի

Իմ նոր դպրոցը միջնակարգ է: Գտնվում է Կապանից ոչ հեռու: Ես առաջին անգամ էի այստեղ: Սկզբում, բնականաբար, անսովոր էր, ճանապարհի առաջին մասը մեքենայով անցնելուց հետո պիտի հաղթահարեինք մինչև դպրոց ձգվող «ոտքի ճանապարհը»: Ես հարմարվող եմ, ճամփան էլ ինձ համար դժվարանցանելի չէր: Վերջապես հասանք.

-Մամ, բա ո՞ւր ա դպրոցը:

-Ստեղ ա, հասանք…

Դպրոցի մուտքը նման էր մի սեփական տան դարպասի: Ես բացեցի դուռն, ու մենք մտանք ներս, քիչ քայլելուց հետո արդեն հասանք դռանը, որը բացելուց հետո ես պաշտոնապես կդառնայի Կապանի թիվ 4 դպրոցի աշակերտուհի:

Դպրոցս փոքր է, նման է մի սեփական տան, որն ունի շատ սենյակներ: Բայց դա էլ իր առավելությունն ունի, բոլորս իրար ճանաչում ենք, ու շփումը շատ հեշտ է: Ուսուցիչներն ու աշակերտները շատ լավն են, ջերմ, մարդասեր ու ինձ էլ շատ լավ ընդունեցին: Դպրոց մտնելուն պես տնօրենը ջերմագին ողջունեց ու բարի գալուստ մաղթեց: Դասարանում 4 աշակերտ ենք:

Լուսանկարը՝ Անահիտ Բադալյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բադալյանի

Ընկեր Ավետիսյանն է՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիս, համոզելուց հետո վերջապես կարողացա դասամիջոցին մի քանի լուսանկար անել նյութիս համար: Երեխեքն էլ, որ իմացան՝ նյութ եմ ուզում գրել, բացեցին տետրերն ու գրքերը և մտան դերի մեջ: Լավ են դուրս եկել, չէ՞:

Մյուս դասարանների երեխեքի հետ էլ ենք շատ մտերիմ: Ամեն դասամիջոցի գալիս, հավաքվում են մեր դասարանում, ու սկսում ենք բարձր-բարձր ծիծաղել ամենատարբեր բաների վրա:

Միջավայրը, թեև նոր էր, բայց ես կարողացա հեշտությամբ հարմարվել ու հիմա սիրով եմ դպրոց գնում: Այս փոքրիկ դպրոցը լիքն է ջերմությամբ ու անկեղծությամբ: