mariam avetyan

«Ջերմուկ» թերթը

Հարցազրույց «Ջերմուկ» թերթի գլխավոր խմբագիր Սեդով Բունիաթյանի հետ

Ես շատ էի լսել «Ջերմուկ» թերթի մասին և միշտ հետաքրքրել է, թե ո՞վքեր են ստեղծել, ինչպե՞ս են աշխատում և այլ հարցեր, քանի որ ամեն թերթ իր առաքելությունն ունի: Մի օր որոշեցի հետաքրքրվել և իմանալ ավելին: Ես հիշում էի, որ իմ ուսուցիչներից մեկը, ով սիրում էր զրուցել մեզ հետ, ասում էր, որ իր բանաստեղծությունները տպագրվում էին Վայքի թերթում: Մոտեցա տատիկիս, հարցուփորձ արեցի, իմացա, որ նրա անունն էլ է հայտնվել թերթի էջերում՝ որպես ավարտական քննությունները գերազանց հանձնած աշակերտ: Իմ հետաքրքրությունն ավելի մեծացավ: Ես գտա «Ջերմուկ» անունով թերթի գլխավոր խմբագրին՝ Սեդով Բունիաթյանին և նա սիրով պատասխանեց իմ բազմաթիվ հարցերին։

-Ինչպե՞ս եք դարձել «Ջերմուկ» թերթի գլխավոր խմբագիրը:

-Այդ ժամանակ ես կուլտուրայի բաժնի վարիչն էի և սիրում էի ստեղծագործել: Մի անգամ ինձ մոտեցավ Ջանիկ Ասլանյանը՝ թերթի գլխավոր խմբագիրը, և հրավիրեց աշխատել «Ջերմուկ» թերթում: Ես համաձայնվեցի և այդպես սկսեցի աշխատել այնտեղ: Սկզբում՝ 1964 թվականին, աշխատում էի որպես սրբագրիչ, այնուհետև որպես գրական աշխատող, բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, հետո դարձա գլխավոր խմբագիրը: Ջանիկ Ասլանյանը՝ գրող, երգիծաբան, հրաշալի անձնավորություն է, նա եղել է «Ջերմուկ» թերթի խմբագիրը 25 տարի: Ես փոխարինեցի նրան: Նրանից շատ բան եմ սովորել: Ընդհանրապես, «Ջերմուկ» թերթն ուներ առաջադեմ ու համագործակցող աշխատակազմ: «Ջերմուկ» թերթի գրական աշխատողը՝ Մարտին Միքայելյանը, Հայաստանի լավագույն արվեստաբաններից է:

-Մի քիչ պատմեք «Ջերմուկ» թերթի մասին: Ի՞նչ հաճախականությամբ էր տպագրվում, ի՞նչ նյութեր էիք հրատարակում և այլն։

-«Ջերմուկ»-ը շաբաթաթերթ էր: Այն ազատ չէր, ինչպես «Ասպետ» թերթը, որի խմբագիրը հիմա ես եմ: Տպագրվում էր շաբաթական 3 անգամ: Թերթն ուներ մեծ թղթակցական անձնակազմ: Շրջանի բոլոր գյուղերից մարդիկ մեզ էին ուղարկում իրենց հոգսերի մասին նամակներ, և մենք տպագրում էինք նրանց մասին հոդվածներ: Շատ նամակներ էինք ստանում: Երբեմն ստանում էինք անանուն նամակներ, հետո նրանց տերերը գալիս էին, բողոքում, թե ինչո՞ւ իրենց հոդվածները չենք տպագրել: Թերթն աշխատեց շուրջ 40 տարի: Հետո լուծարվեց: Երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց, թերթը բախվեց լուրջ ֆինանսական խնդիրների հետ և ստիպված դադարեց գործել:

-Իսկ Դուք ի՞նչ թեմաներով էիք գրում:

-Գրում էի բոլոր թեմաներով: Խորհրդային Միությունում կյանքը եռում էր՝ խոտհունձ, այգու մշակություն, անասնապահություն: Ներկայացնում էինք լավագույն մարդկանց, գործարանների լավագույն աշխատողներին: Հիմնականում իմ ուղղությունը գրական-մշակութայինն էր, նախընտրելի թեման երևի երգիծականը: Ես ղեկավարում էի պոեզիայի բաժինը: Սիրում էի նաև գրել քննադատական թեմայով հոդվածներ: Դա շատ բարդ գործ էր այդ տարիների համար: Քննադատում էինք միայն լուրջ դեպքերում: Քննադատված անձը կամ ձեռնարկությունը ստանում էր լուրջ նկատողություն շրջկոմի կողմից: Լինում էին նաև դեպքեր, երբ նույնիսկ հեռացվում էին աշխատանքից: Սիրում էի նաև ակնարկներ գրել: Ինձ համար այդ տարիները շատ հրաշալի տարիներ էին, երբեք չեմ մոռանա:

-Ի՞նչ հաջողությունների էր հասել «Ջերմուկ» թերթը, ունե՞ր պատվոգրեր, մրցանակներ:

-Այո՛, իհարկե: «Ջերմուկ» թերթը հանրապետության շրջանային լավագույն թերթերից մեկն էր։ Թերթն ուներ շատ պատվոգրեր, որոնցից մեկը ստացել էինք ժուռնալիստների միության կողմից թերթի քառասունամյակի առթիվ: Թերթին նվիրվել էին շատ բանաստեղծություններ:

-Կուզենայի՞ք Վայքում կրկին մի այդպիսի թերթ լիներ:

-Իմ պայքարը հենց դրա համար է, որ Վայքն ունենա իր թերթը: Չնայած այդ գործը մեծ ֆինանսների հետ է կապված, սակայն դա էլ կարելի է հեշտորեն լուծել: Օրինակ, եթե կազմակերպվի բաժանորդագրություն, թերթ ստեղծելը շատ ավելի հեշտ կլինի: Տպարաններն էլ փակվել են. թերթերը հիմնականում տպագրվում են Երևանում:

-Ի՞նչ է տվել Ձեզ «Ջերմուկ» թերթում աշխատելը:

-Դա կյանքի մեծ փորձ էր: Շուրջս հայտնվեցին շատ հուսալի մարդիկ, որոնց վրա կարելի էր հենվել: Ինձ համար հեշտ էր դարձել մարդկանց հետ շփվելը: Մեծ ճանաչում էինք ձեռք բերել շրջանում: Անգամ, եթե հոդվածիս տակ գրում էի կեղծանունս, միևնույն է, բոլորը գիտեին, որ դա ես եմ գրել:

Մի անգամ ես մի գյուղապետի էի քննադատել: Հոդվածի տակ ստորագրել էի «Արթուր Արամի» կեղծանունով: Այդ կեղծանունը ես դեռ նոր էի ընտրել: Գյուղապետի հետ անձամբ ծանոթ էի: Նա իր գործում թերացել էր, ես էլ քննադատել էի, ոչ մի անձնական բան: Նա եկավ, լուրջ դեմքով մտավ սենյակս, զննեց ամբողջ սենյակը և հայացքը հառեց դեմքիս: Ես արդեն գլխի էի ընկել, որ նա կարդացել է իմ հոդվածը: Ես խախտեցի լռությունը և հարցրի, թե ի՞նչն է նրան բերել ինձ մոտ: Նա հոգոց հանեց, մի քայլ արեց առաջ և ասաց.

-Ընկեր Բունիաթյա՛ն, Ձեր թերթում Արթուր Արամի անունով մարդ աշխատո՞ւմ է:

Ես թեթև ժպտացի, բայց նա կարծես չնկատեց:

-Այո՛, աշխատում է, իսկ ի՞նչ է պատահել:

-Նա քննադատել է ինձ: Հոդվածի պատճառով ինձ շատ խիստ նկատողություն են տվել:

-Ահ, այդ Արթուրը, նրա բնավորությունն է այդպիսին: Ես նրա հետ լուրջ կխոսեմ:

Ես կանգնեցի և լուրջ դեմքով գլուխս թափահարեցի: Նա հանգիստ շունչ քաշեց և, հաջողություն ասելով, հեռացավ: Այդ դեպքից մի քանի ամիս անց իմ կեղծանվան մասին իմացան բոլոր ընթերցողները:

-Հետ նայելով՝ ի՞նչ կցանկանայիք փոխել թերթում, ի՞նչ թերություններ կային:

-Թերթում ամեն ինչ նկարագրվում էր թվերով կամ գրաֆիկներով: Կարդացողներին դա այնքան էլ հետաքրքիր չէր: Բացի այդ՝ միայն շրջանի նորություններն էին տպագրվում, և մարդիկ անտեղյակ էին դրսում կատարվածից: Չնայած այդ ամենին՝ առավելությունները ավելի շատ էին: