Ջերմ հրաժեշտներ ու ջերմ վերադարձ

Վերադարձների արանքում գրված իմ հոդվածները երևի ինչ-որ չափով հոգեհարազատ պիտի դարձած լինեն քեզ, բարեկամս, այնուամենայնիվ, տարբեր ու նոր են էն զգացողությունները, որոնք փարատում են ինձ ամեն անգամ վերադառնալիս։ Ամեն անգամ Վենետիկի օդանավակայանում նստած ժամանակ մտաբերում եմ անցյալ գլորվող հերթական կիսամյակս: Նոր ձեռքբերումների, ընկերների, բացահայտած նոր քաղաքների ու ստացած նոր գիտելիքների մի անասելի արագ շրջանառություն է սկսում գլխումս, իսկ դրան հաջորդում է մի մեղմ ու թեթև ժպիտ՝ հոգնած, կիսափակ աչքերի ու գիշերը անհանգիստ քնած ու նյարդային դեմքի մկանների ուղեկցությամբ։ Օդանավակայանում ուշադիր պիտի լինել, պիտի բաց չթողնել գրանցման պահը, հետո ուղեբեռը կշռել, նախապես պիտի ինտուիցիաս աշխատեցնեմ լավագույնս, որ ճամպրուկիս տարողությունը չգերազանցի նախատեսված քաշը, որ ավելորդ խնդիրների չբախվեմ թռիչքիցս առաջ։ Պիտի մի քանի անգամ ստուգեմ՝ արդյո՞քչքի նստեցումն սկսվել է, թե՞ դեռ չէ։ Արանքում մամային գրեմ, որ կարգին է ամեն ինչ, տեղն է թե՛ հեռախոսի, թե՛ իմ մարտկոցը։

Սրանք տեխնիկականի մասին։ Ինչ վերաբերում է հոգեվիճակներին, էս անգամ ամեն ինչ շատ ուրիշ էր։ Քոլեջն առաջին անգամ էի երկար ժամանակով լքում։ Ու կան ընկերներ, որոնց էլ դժվար հանդիպեմ, որովհետև ինձնից մի կուրս բարձր էին սովորում ու ավարտեցին այս տարի։ Անկեղծ ասած, տարեսկզբին չէի մտածում, որ էսքան կտխրեմ նրանցից շատերին հրաժեշտ տալիս, բայց ինչ-որ պահի սիրտս կտոր-կտոր եղավ ավտոբուսի ապակուց այն կողմ առավոտյան ժամը 6-ին ինձ ճանապարհելու հավաքված մարդկանց թաց աչքերը տեսնելիս։ Գնահատված ու սիրված լինելու մի ուրիշ զգացում էլ գերմանացի ընկերուհուս՝ զարթուցիչիցս տասը րոպե շուտ սենյակս ներխուժելն ու խիստ տոնով«Արթնացիր, կես ժամից ավտոբուսը կգա» ասելն էր։ Ճամպրուկիս ծանրությունը ինձնից «խլած» եգիպտացի ընկերներիցս մեկն էր այդ օրվա իմ առաջին ժպիտներից մեկի առիթը։ Մենք նրան կատակով «հետաձգելու վարպետ» էինք կոչում, որովհետև իսկապես վարպետորեն հետաձգում էր բոլոր անելիքները։ Այդ օրը հետաձգել չկար, պիտի ճամպրուկս իջեցներ ներքև, ինձ համար ծանր կլիներ։ Ճամպրուկիս ծանրությունից ծանրն, ավաղ, այս հարազատացած մարդկանց հրաժեշտ տալն էր։ Բոլորին գրկելիս հուշերի մի բուրավետ ու կոկիկ փունջ էր գալիս աչքիս առաջ, օրերի մի գունազարդ կույտ, որոնցից ծնված հիշողություններով լցնել ու լուսավորել կարելի է մնացած կյանքս։

Հաջորդ տարի քոլեջն անսովոր կլինի, շատ տեղեր գուցե դատարկ թվան առանց սիրելի դարձած ընկերների ու շատ պաղպաղակներ՝ քիչ սառը ու քիչ քաղցր ավելի։ Բայց փաստ է մի բան․ ստացվեց ընկերանալը, սրտին ու հոգուն մտերիմներ գտնելը, նվիրվելու, ջերմություն ու հոգատարություն տալու արժանի մարդկանց մարդաշատ ամբոխի միջից «տնտղելը»: Ժամանակ պահանջվեց, ջանքեր, հոգի, սիրտ ու համբերություն, բայց ստացվեց: Իսկ դու պիտի հասկացած լինես արդեն, որ ես վստահում եմ ժամանակի զորությանը, հավատում եմ դրա ուժին ու կյանքում շատ բաներ իրենց տեղը գցելու գեղեցիկ ունակությանը: Այն նույն ժամանակին, որ կանգ էր առնում տունն ու տոլման կարոտելիս, ու թռչում էր էկոնոմիկայիս թեստի ժամանակ, ես հավատում եմ մի շատ տրամաբանական ու հիմնավոր հավատով։

Քոլեջի վերջին օրերն էլ ավելի հիշարժան էին, երկրորդ կուրսեցիների համար մեր կազմակերպած միջոցառման ժամանակ էլ «Մախմուր աղջիկ»-ն էի բեմադրել: Հպարտություն էր, տարբեր ազգերից իմ ընկերուհիների հետ հայկական էինք պարում, ու իրենք էլ էնքան սիրուն էին ու էնքան նուրբ: Հիմա մի քանի մարդ ավել գիտի «Մախմուր աղջիկ»-ը, մի քանի մարդ ավել է կարողանում նազանքով շարժել ձեռքերն ու համադրել այդ շարժումները հայկական երաժշտության հետ, մի քանի մարդ ավել գիտի հայկականի մասին: Իսկ դա հենց այն է, ինչը ես սիրում եմ ամենից շատ․ Հայաստանիս մասին հնարավորինս շատ տալն ու իմ հարստությունը կիսելը:

Կիսամյակն ավարտվեց, ավարտվեց և ուսումնական տարին, քննություններս սպասվածի պես բարեհաջող ընթացան, ժպիտներով ու մի քիչ հուզմունքով հրաժեշտներ տվեցի, տուն եկա, ու ջերմ էր օդանավակայանը այնպես, ինչպես սառն էր մի անգամ: Ջերմ էին փուչիկները, կեսգիշերին ինձ գրկաբաց դիմավորող ու ինձ մինչև երկինք կարոտած արցունքախեղդ հայացքները, տանը հատուկ ինձ համար պատրաստված ելակով տորթն ու Հայաստանը: Ջերմ էր Երևանը, որը միշտ դժվարացել եմ իմը համարել, որովհետև ինքս լավ չգիտեմ Երևանը ու մշտական չեմ ապրել երբևէ, բայց Հայաստանը լքելուց հետո հասկացա, որ շաբաթների ու ամիսների գումարն էլ բավական է, որ իմանամ՝ ինչքան իմն է Հայաստանում տեսած ու չտեսած ցանկացած անկյուն: Ջերմ էր տունը և ջերմ է հիմա: Ջերմ են նրանք, ում հանդիպել եմ, գրկել եմ, ովքեր հասցրել են դժգոհել նիհարելուցս ու ովքեր նկատել են, որ լցվել եմ փոքր ինչ, ովքեր աչքերիս մեջ հոգնածություն են գտել ու ովքեր տեսել են, թե, էսպես ասած, օրիորդացել, մեծ աղջիկ եմ դարձել: Ջերմ են ինձ սպասած բոլոր էն հոգիները, որոնց կարոտել էի անբացատրելի: Ջերմ է և հինգտառանոց իմ Կապանը, իմ փոքրիկ տունն ու իմ ամենասիրելին: Իմ մանկական գրադարանն ու էնտեղի գրադարանավարներն են ջերմ, ովքեր անցյալ տարի մեծագույն սիրով ինձ նվիրեցին Վարդգես Պետրոսյանի շատ ու շատ հատորներ: Ջերմ են տատիկիս աչքերը ու պապիկիս ժպիտը, որոնք աչքիս առաջ են եղել ամենակարևոր պահերին: Ու մամայի կողքին նստելն է ջերմ, կանաչիով, պանրով ու բիբարով լավաշ ուտելը ու լիմոնով թեյ խմելը: Կոկորդի ցավից պառկած լինելիս մամայի սարքած ազնվամորու թեյն է ջերմ: Տաքացնելու, վառելու, բուժելու, ժպտացնելու ու ծիծաղեցնելու աստիճան ջերմ է ամենը: Ու ջերմ է սիրտս, որի մասերը աշխարհի տարբեր ծայրերում են հիմա, հրաժեշտից թափված արցունքների հոսքի մեջ, շատ ու շատ թանկ ու հարազատ դարձած մարդկանց աչքերի ժպիտներում: Ջերմ, պինդ, տաք ու ամուր․․․