anushik mkrtchyan

«Ջինիշյանը», հավես պահերը ու մենք

Այսօր էլ ուզում եմ խոսել ինձ պատահած ամենահիշարժան դեպքերից մեկի՝ «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի կողմից անցկացվող բանավեճերի ճամբարի մասին: Երեք օր, հա, կարճ ժամանակ էր, բայց ես այնքան շատ հիշողություններ ունեմ, որ եթե սկսեմ բոլորը պատմել, քեզ կթվա, թե երեք շաբաթ եմ էնտեղ եղել: Սա այն բացառիկ դեպքերից էր, երբ ուզում ես ժամանակը հետ տալ: Լավ, չխոսեմ իմ էմոցիաների մասին, այլ սկզբից ասեմ, թե ինչ բանավեճերի մասին է խոսքը:

Երևի դեկտեմբերն էր, լավ չեմ հիշում, երբ մեր դպրոցում սկսվեց բանավեճի դպրոցական փուլը: Երբ նոր էի լսում բանավեճին մասնակցելու մասին, ես անգամ պատկերացում չունեի, թե ոնց են բանավեճ անցկացնում: Բանավիճում էինք իրար դեմ: Ու ամեն անգամ անցկացվող բանավեճից հետո, երբ մեզ բացատրում էին ու սովորեցնում, մենք ավելի էինք ոգևորվում: Հետո արդեն բանավիճում էինք ուրիշ գյուղի, քաղաքի, դպրոցի աշակերտների հետ` պատկերացում չունենալով անգամ, որ մասնակցելու ենք հանրապետական մրցաշարին:

Խոսեմ անձնակազմի մասին: Բոլոր դատավորների, ժամապահների, կազմակերպիչների` այդ երեք օրվա ընթացքում մեզ տված գիտելիքը որոշիչ է լինելու մեզ համար հետագայում, ապագայում, վստահ եմ, պետք է գալու: Դատավորները, եթե սա կարդան, կասեն՝ քո` «վստահ եմ» ասելով մյուսներին չես ապացուցի, փաստեր են պետք: Հիմա ասեմ: Ես սովորել եմ խոսքս ճիշտ, հստակ ու գրագետ դարձնել: Սովորել եմ իմ ունեցած փաստերը օգտագործել արդյունավետ: Սովորել եմ հակապնդել այնպես, որ դիպուկ լինի: Դատավորներից Անժելան սովորեցրել է հակապնդել, այլ ոչ թե հակաճառել: Սովորել եմ լինել ինքնավստահ ու համարձակ, ինչը ելույթ ունենալիս կարևոր է: Չնայած այն բանին, որ բոլորս էլ ունենք մեր էթիկան, դատավորները մեզ նաև դա են սովորեցրել: Սովորեցրել են հեգնական վերաբերմունք ցույց չտալ դիմացինի հետ բանավիճելու ժամանակ: Սովորեցրել են լսել ընդդիմախոս թիմին` անկախ այն բանից, մենք նրանց դիրքորոշման հետ համաձայն ենք, թե ոչ:

Դատավորներն ու կազմակերպիչները անսահման համբերություն ունեցող մեր մեծ ընկերներից են, ու ինչպես ասում են բոլորը՝ անաչառ են: Նրանք ոչ թե քննադատում են քո սխալները ու այնպես անում, որ դու քեզ թերի զգաս, այլ օգնում են, որ դու քո սխալների վրա սովորելով` ավելիին հասնես: Մենք հասկացանք, որ էական չէ` դու պարտվում ես, թե հաղթում, կարևորը, որ նրանք քեզ սիրում են բոլորի չափ հավասար ու ասում, որ հաղթողներ ու պարտվողներ չկան:

Ինչպես ասում էր ընկեր Արտոն, սա էն եզակի դեպքերից է, երբ մենք կարող ենք ընկերներ ձեռք բերել տարբեր մարզերից ու մենք հիմա ունենք լավ ընկերներ:

Մի բան էլ ասեմ ու վերջ: Ամենահավես պահերից մեկն այն էր, երբ քեզ 17.am-ի շնորհիվ գիտեին, կամ ունեինք ընդհանուր ծանոթներ, որոնք 17-ցի էին: Ի դեպ, դա էլ է հպարտանալու տեղիք տալիս:

Քանի որ ես մեր սիրելի դատավորների ու կազմակերպիչների հետ չունեցա նկար, դրա փոխարեն կտեսնեք իմ արած լուսանկարը, որտեղ մեր դատավորներն են ու կազմապերպիչները, բայց ոչ բոլորը:

Շնորհավորում եմ բոլորիս, հատկապես` Արմավիրի թիմին` հաղթելու առիթով: Իսկ մյուս բանավիճողներին լիքը հաջողություններ եմ ցանկանում: