anahit aperyan

Ջնջեցի

-Ջնջեցի:

-Ի՞նչը:

-Ամեն ինչ:

Նա՝ այդ չքնաղ էակը, երբ քայլեց աշխարհ՝ մարդկանց ճանաչելու, լցված էր աննկարագրելի սիրով: Նրան ուղեկցում էի ես: Նա ուրիշ ոչ ոք չուներ: Թերևս ինձ այդպես է թվում: Նա հագել էր դեղին կիսաշրջազգեստ, տաք գուլպաներ, գործած վերարկու և տարօրինակ գլխարկ էր դրել: Իսկ ես, դե, ինչպես գիտեք, պատկերացրեք, ինչպես դուք եք կամենում:

Գարուն էր: Մարդիկ աշխուժացել էին: Փողոցներում այլևս սառույցը երեսը չէր փայլեցնում: Ուրախ տրամադրությամբ քայլում էինք: Ես թևանցուկ էի արել նրան, կարծես երեխա լիներ, ամեն ինչից զարմանում էր: Հաճախ անտանելի էր դառնում նրա այդ տարօրինակությունը, բայց համեստորեն ինձ զսպում էի, չէ՞ որ նա առաջին անգամ էր փողոց դուրս եկել: Գիտե՞ք՝ ինչն էր հետաքրքիր նրա մեջ: Նրա աչքերում ատելության, ափսոսանքի, թախծի մի նշույլ անգամ չկար: Նա բարևում էր յուրաքանչյուր անցնողին և ի պատասխան իմ կմճտոցների՝ ասում էր.

-Չէ՞ որ բարևն Աստծունն է:

Մի քայլ հետ էի կանգնում, ափսոսում, որ դուրս եմ հանել և կրկին տեսնելով նրա աչքերը՝ մտքերս ցրիվ էին գալիս, կրկին քայլում էինք հավասար քայլերով:

Կարմիր լույս էր. պետք էր սպասել: Այդ պահին մեզ մոտեցավ մի ծեր տատիկ: Ես փորձեցի շեղել նրա ուշադրությունը, որպեսզի խոսքով չտարվի, և մենք չուշանանք: Թե ուր էինք գնում` հետո կասեմ: Բայց ինչքան էլ բազում եղան չարչարանքներս, այնուամենայնիվ, չստացվեց: Ինձ մի պահ թվաց, թե ես այդտեղ գոյություն չունեմ, և դա ինձ անտանելի կատաղությամբ լցրեց: Կանաչ լույս էր: Ես բռնեցի նրա թևից, և սկսեցինք քայլել: Երկու քայլ չարած՝ նա շրջվեց և բարձր ձայնով ասաց.

-Հաջողություն, տատիկ, հուսով եմ՝ էլի կհանդիպենք:

-Լավ, լավ կհանդիպեք,- արձագանքեցի ես և շարունակեցի,- միայն թե արագ, ուշացանք:

Բայց ինչպես կարող էինք հասնել ճիշտ ժամանակին։ Ճիշտ են ասում, որ ինչքան մեծ սրտով ես ուզում հասնել ինչ-որ բանի, այնքան ավելի երկար ճանապարհով է կյանքը քեզ տանում: Մեզ վիճակված էր ևս 10 րոպե մնալ այդ ճանապարհին: Նոր էինք փողոցն անցել, երբ մեքենաների ներսից մարդկանց ձայներ լսվեցին.

-ժամանակ գտավ…

-Ինչ-որ մեկդ օգնեք, ուշանում եմ:

-Առավոտից միշտ թարսություններ են գլխիս գալիս:

Ես չհասկացա, թե ինչ է կատարվում: Թվաց, թե մարդկային առօրյա հոգսերով են տարվել կամ կենդանի է անցնում, որին չեն ցանկանում ճանապարհ տալ: Տխուր սրտով ու կատաղություն արտահայտող աչքերով շրջվեցի՝ ճանապարհս շարունակելու, բայց․․․ Ո՞ւր էր նա: Սկսեցի ցնորվածի պես շուրջբոլորս նայել, կարծես ինձնից մասնիկ էին կտրել: Այդ մարդկանց գոռում գոչյունները, սուլոցները, մարդկանց անտարբեր հայացքները ինձ մեքենայացրել էին, կարծես ինչ-որ անծայրածիր տափաստանում աշխարհից հոգնած մարդու քանդակ լինեի: Երբ ինձ կարգի բերեցի, հեռվում նշմարեցի նրան: Ուզում էի գոռալ, բայց չկարողացա:
Նա՝ այդ արարածը, օգնում էր տատիկին անցնել ճանապարհը:

Երբ ես, տարված իմ մտքերով, առանց նրան նայելու՝ առաջ էի շարժվում ու խոսում, նա մտքերով դեռ այն խղճուկ տեսք ունեցող տատիկի հետ էր:

Ճանապարհն անցնելու ժամանակ տատիկը ընկել էր:

-Արի՛, ես կօգնեմ քեզ,- ավելացրեց նա և հազիվ օրորվելով՝ տատիկին վեր բարձրացրեց ու վերցնելով նրա պայուսակը՝ հասցրեց ճանապարհի մյուս մայթը: Գիտե՞ք՝ ինչն է զարմանալի․ ո՞ւր էի ես: Մի՞թե ես էլ մյուս մարդկանց նման, որոնց փնովում եմ, անտարբեր էի դարձել:

Տեսնելով տատիկին նստած, իսկ նրան՝ դիմացը կանգնած՝ արագ մոտեցա: Գիտե՞ք՝ ինչ պատահեց: Նա կշտամբեց ինձ:

-Եվ այդ դո՞ւ ես ուզում ինձ ծանոթացնել մարդկանց հետ, ծանոթացնել աշխարհին, դու, որ ինքդ անգամ չես նկատում, թե ինչ է կատարվում չորսբոլորդ, ինչքան մեծ հիասթափություն, մի՞թե դժվար է մարդ մնալ մարդու մարմնում:

Եվ իրավ, նա ճիշտ էր, ես չգիտեի՝ ինչ պատասխանեմ: Ամոթից գլուխս կախել էի և փորձում էի ինչ-որ պատճառաբանություն գտնել: Չկարողացա: Իսկ ո՞րն է մարդու լավագույն զենքը ամենադժվարին և անհարմար պահին, եթե ոչ ծիծաղը: Զարմանալի էր, բայց կարողացա ժպիտ պարգևել և՛ նրան, և՛ տատիկին: Տատիկը, ձեռքերը մեկնելով և բռնելով իմը, ասաց.

-Մի բարկացիր, աղջիկս, չէ՞ որ բարությունը բոլորի մեջ չէ, որ մահացել է:

Ժպտացինք: Նա պայուսակից երկու շոկոլադ հանեց և մեկնելով մեզ՝ ասաց.

-Հիշի՛ր՝ բոլոր մարդիկ չեն, որ բարությանը իրենց հոգում ապաստան են տալիս:

Նա վերցրեց պայուսակը և հեռացավ մեզնից: Տեսնելով տատիկին այդպես աշխույժ՝ նրա աչքերը կրկին փայլեցին, և դիմելով ինձ՝ ասաց.

-Շա՞ տ ենք ուշանում:

-Այո, շատ, շատ, շատ, շատ…

-Լավ, բավական է, հասկացա, քայլեցինք, արա՛գ։

Անգամ ուշադրություն չդարձնելով, որ դերերով փոխվել ենք՝ արդեն նա էր ինձ հրամայում, սկսեցինք արագ քայլել։ Հեռվից նշան արեցինք ավտոբուսին, որ մեզ սպասի, և նստելով՝ ճանապարհ ընկանք: Ո՞ւր էինք գնում, հավատացեք, ես ինքս չգիտեի: Ինձ միայն հաջողվել էր նրան ներշնչել, որ ուշանում ենք: Ավտոբուսի մեջ, բնական է, կանգնած մնացինք, պատճառը թերևս կարող եմ չասել, արդեն պետք է, որ ճանաչեիք ու հասկանայիք, թե ինչ կաներ նա ավտոբուսի մեջ: Ծեր, թե մանուկ, նրա համար կապ չուներ: Նա ժպտում էր բոլորին: Երբ իջանք, եղանակը ցրտել էր, քամիները խառնվել և ծառերի չորացած փայտերով երաժշտություն էին հյուսում:
Փոքր-ինչ քայլելուց հետո որոշեցինք սրճարան մտնել: Կրկին փողոց պետք է անցնեինք: Ես սկսեցի մտքում աղոթել, որ ոչ ոք չսայթաքի, չխոսի, հանկարծ վատ չզգա: Ինքս ինձ հետ խոսում էի, երբ աչքերիս առաջ արտացոլվեց նրա պատկերը: Աչքերը կարծես փոխել էին իրենց գույնը, դեմքը փայլում էր ուրախությունից, թվում էր՝ ուր որ է կսկսի երգել: Բայց ի վերջո կանաչ լույսը վառվեց, և մենք սկսեցինք արագ քայլել: Խոսում էի, ծիծաղում, հարցեր տալիս և ինքս պատասխանում իմ հարցերին: Մտա սրճարան, նստեցի հեռու անկյունում՝ պատուհանի տակ: Մի կողմ դրեցի գլխարկս, հանեցի գործած վերարկուս և հանգիստ առնելուց հետո՝ ձեռքս տարա պայուսակիս, հանեցի հուշատետրս և վերջին, միակ ազատ էջում գրեցի. «Դու չկաս»։

Փոքր-ինչ հետ գնանք պատմությունը մութ անկյունում չթողնելու համար, ինչպես հաճախ ենք անում ինքներս մեր մտքերի հետ:

Հիշո՞ւմ եք՝ փողոցն էինք անցնում, ես մեկ ակնթարթով բաց թողեցի նրա ձեռքը, և նույն պահին այն բռնեց ուրիշը…

-Ո՞վ էր նա:

-Չգիտեմ, ես ջնջեցի ամեն ինչ…
18տ