Ջուրը կյանք է, չե՞ք հավատում

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

-Տի՜տ, տի՜տ…

-Տիկոյի զլի սիգնալն ա, վեդրոները բերեք:

-Մենակ վեդրոն քիչ ա, էն ֆլագեն էլ բերեք:

Մտածում եք, որ իսկական խառնաշփո՞թ է, բայց՝ ոչ: Մեր գյուղի յուրաքանչյուր տանը այս փոքրիկ երկխոսությանը կարելի է ականատես լինել, երբ կողքի փողոցից լսվում է ջուր բերող զլի «սիգնալը»:

Այդ «տի՜տ, տի՜տ» -ը ազդարարում է կյանք՝ խմելու ջուր:

Այո, դուք ճիշտ հասկացաք. մեր` Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, խմելու ջուրը գնում են դույլերով, ֆլագաներով, բաքերով և ինչով պատահի: Գյուղում խմելու ջուր չկա, ավելի ճիշտ մենք օգտագործում ենք արտեզյան ջուր, որը աղի է և խմելու ենթակա չէ:

Իսկ այդ զլերով 2 կամ 3 օրը մեկ գյուղ են բերում Թալինի ջուրը, որը գյուղացիները գնում են: Այդ մեքենաներին գյուղի բնակիչները ավելի շատ սպասում են ամառվա շոգ ամիսներին, որովհետև շոգի պատճառով վերցրած ջուրը չի հերիքում, և երբեմն ստիպված են լինում խնայել մինչև զիլը նորից գա:

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Ամռանը ջուրը հիմնականում շշերով դաշտ են ուղարկում, և դա էլ պատճառ է հանդիսանում, որ այն շուտ վերջանա: Դրա համար էլ զլի վարորդը՝ «ջրի Տիկոն», ամռանը ջուր է բերում ավելի հաճախ:

Այս գործընթացը սովորական է դարձել, բայց կողքից դիտողին այն հետաքրքիր կթվա: Ջուր բերող զլի վարորդը ազդանշանով շրջում է ամբողջ գյուղով ու կանգ է առնում այն բակերում, որտեղ մարդիկ են կանգնած դույլերը ձեռքին: Ամեն բակում կանգնում է, իջնում ջուր լցնում, վերցնում գումարն, ու այսպես շարունակ…

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Չգիտեմ, թե որքան կշարունակվի այս ամենը, թե որքան ժամանակ մարդիկ կշարունակեն սպասել զլի վարորդներին, բայց ես հույս ունեմ, որ կգա մի օր, որ մենք դույլը վերցնելու ու փողոց վազելու փոխարեն, պարզապես կբացենք ծորակը ու վերջ…