Ջուր չկա

“Exploring the world through the lens of camera” ծրագրի շրջանակներում

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Փոխանակման ծրագրով երեք օր բելգիացի երիտասարդների հետ ապրում էինք Կոտայքի մարզի Արզական գյուղում։  Հյուրընկալ ընտանիքների տներում, և առհասարակ, ողջ գյուղում անհանգստացնող առաջին բանը ջուրն էր։ Ավելի ճիշտ այն, որ ջուր չկար։ Ողջ Արզականը (ի դեպ, նաև Հայաստանի բազմաթիվ գյուղեր) խմելու ջուր ստանում է օրական 2-3 ժամ` առավոտյան և երեկոյան։ Գյուղացիներից միայն նրանք, ովքեր հնարավորություն ունեն  հորերով կամ բակերով ջուր հավաքելու, ունեն հնարավորություն նաև ջուր ունենալ ողջ օրը, մնացածը ստիպված են բավարարվել դույլերով հավաքված ջրով։  Սրանից հետո գյուղացիները ստիպված են ամենայն զգուշությամբ օգտագործել հավաքված ջուրը։

Գյուղի բնակիչները ջրի խնդրի վերաբերյալ ունեին  տարբեր տեղեկություններ ու կարծիքներ։

Առաջինն այն է, որ դեռ նախկին կառավարության շրջանից Արզականի` Աղվերանի հանգստյան գոտիներին մոտ թաղամասերի ջուրը վաճառվել է հանգստի գոտիներին, իսկ գյուղացիները մնացել են առանց ջրի։ Գյուղի մյուս ծայրամասի բնակիչներն ասում են, որ իրենց գյուղից ջուրը գնում է Երևան, իսկ իրենց մնում է փոքր քանակությամբ ջուր։ Որոշ թաղամասեր էլ երբեմն ստիպված են ջուր հավաքել մի քանի օրվա համար, քանի որ այդ թաղամասերում ջուր կարող է չլինել օրեր շարունակ։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Այս տարվա ջրի առավել սակավ լինելն էլ գյուղացիներից ոմանք բացատրում են նրանով, որ տարին իրենց շրջանում սովորականից ավելի չորային էր։

Բնական աղբյուրներ ունեցող Աղվերանում ջրի խնդրի մասին լսելը գուցե մի փոքր զարմանալի էր, սակայն այն միայն Արզականին չէ բնորոշ։  Հայաստանի որոշ գյուղերում խմելու ջրի խնդիրներն առավել ակնառու են, առավել հրատապ։

Ջրային ռեսուրսների առատությամբ «պարծեցող» երկրում նման «փոքրիկ» խնդիրներ ևս կան։