Anushik Mkrtchyan

Ջրահարսերի ժամանակաշրջանը

Ես իրավունք չունեմ դժգոհել իմ մանկությունից: Այն անցել է հիանալի: Մանկություն ասելով ես նկատի ունեմ մինչև այն տարիքը, երբ խաղում ենք մանկական խաղեր: Իսկ եթե ասեմ, որ մանկական խաղեր խաղացել եմ մինչև 11-12 տարեկա՞նը: Իսկ հիմա, եթե 11 տարեկան աղջկան հարցնեմ, թե խաղո՞ւմ է «Տուն- տունիկ», «բժիշկ-բժիշկ», «խոհանոց», կարծում եմ նա ինձ վրա կծիծաղի:

Իմ մանկության և ոչ միայն մանկության, այլ մինչև այսօր իմ կողքին է ընկերուհիս՝ Նաիրան: Մենք ծնված օրվանից միասին ենք: Մենք տարբերվել ենք մնացած բոլոր ընկերուհիներից: Մենք ժամերով նամակներ էինք գրում, նկարում, զարդարում և փոխանցում իրար:

Ուզում եմ մի երկու բան պատմել ձեզ մեր մանկությունից:

Եթե ասեմ, որ մենք գնում էինք, մտնում մեր տան հարևանությամբ գտնվող առվակի մեջ և… Եվ ուզում էինք դառնալ ջրահարս: Հավատում էինք, որ կդառնանք:  Տարիներ անց, երբ քույրս էր արդեն այդ նույն տարիքի, հիշեցի սա և ասացի.

-Սյուզ, գիտե՞ս, որ մտնես առվակի մեջ, կդառնաս ջրահարս:

-Հա, հա, հա,- ծիծաղեց նա,-Ցնդե՞լ ես: Ի՞նչ ջրահարս:

Տխրեցի:

Մանկությունը մի ժամանակաշրջան է, երբ չես նախանձում: Մենք անկեղծ ուրախանում էինք, որ մեր ընկերոջը նոր «մեքենա» կամ «տիկնիկ»  են նվիրել: Չէ՞ որ միասին էինք դրանցով խաղալու:

Մանկությունը մի շրջան է, երբ մայրիկի բարձրակրունկ կոշիկները հագնելը մեզ երջանիկ էր դարձնում: Մեզ երջանիկ էր դարձնում «մեծ» լինելու միտքը, իսկ այսօր մենք առավոտից երեկո այդքան երազած բարձրակրունկ կոշիկներով ենք, բայց թաքուն երազում ենք ջրափոսերի մեջ ոտաբոբիկ վազվզելու մասին: