Ռինդ գյուղի դպրոցը

Լսե՞լ եք Վայոց ձորում գտնվող Ռինդ գյուղի, նրա բնակիչների ու դպրոցի մասին: Նրանց կարելի է անվանել հաղթական ու ուժեղ կամքի տեր ժողովուրդ: Գյուղը տեղափոխվել է այլ տեղից, իսկ մի քանի տարի հետո նորատունկ այգիները չորացել են: Նրանք մնալով իրենց գյուղում՝ սկսել են ամեն բան սկզբից և հասել արդյունքի: Այսօր այս պայքարող (հարցազրույցից կիմանաք, որ նաև տաղանդավոր) գյուղի աշակերտները դպրոցում շատ կարիքներ ունեն, որոնք խանգարում են իրենց՝ դպրոցում լիարժեք կրթություն ստանալու:

Լուսանկարը` Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը` Սերյոժա Բաբոյանի

Ավելի մանրամասն կարդացեք դպրոցի տնօրեն Աշոտ Թադևոսյանի հետ հարցազրույցում:

-Ես Ռինդ գյուղից եմ: Ութերորդ դասարանն ավարտելուց հետո տեղափոխվել եմ Երևան, սովորել եմ բուհում, աշխատել եմ, իսկ 1996 թվին վերադարձել եմ գյուղ, ընդունվել եմ աշխատանքի որպես գծագրության, աշխատանքի ուսուցման, մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Աշխատել եմ 8 տարի, որից հետո նշանակվել եմ դպրոցի տնօրեն ու մինչ օրս աշխատում եմ:

-Պատմեք խնդրում ենք մի փոքր գյուղի մասին:

-Մեր գյուղը 1966 թվին է այստեղ հիմնավորվել: Դրանից առաջ մի չորս կիլոմետր հեռու էր: Սողանքի պատճառով գյուղը նստվածք տվեց: Տեղահանեցին մեզ, մեր ժողովրդին ու եկանք էստեղ: Այն ժամանակ այս տեղանքը կոչվում էր Թափ: Եկան, էս Թափում գյուղ հիմնեցին:  1966 թվին հիմնվել է գյուղը, իսկ դպրոցը սկսել է գործել 1969 թվից: Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ: Անասնապահությունը շատ քիչ է զարգացած մեզ մոտ, որովհետև հանդամասերը շատ քիչ են: Ամբողջ Հայաստանը ծանոթ է մեր գյուղի բերք ու բարիքին: Սովետական ժամանակաշրջանում մեր գյուղը լավ ծաղկում ապրեց: Մեր գյուղի ոռոգման ջուրը Արփա գետից պոմպերով դուրս էր գալիս Աղավնաձոր, Աղավնաձորից  գալիս էր Ռինդ: Պատերազմի տարիներին պոմպերը շարքից դուրս եկան, ու գյուղը չորացավ: Մինչ գյուղի չորանալը գյուղը շատ հարուստ էր՝ ամեն տարի գյուղացիները մեքենաներ էին առնում, նոր այգիներ էին գցում: Սակայն գյուղը  ջրից զրկվելու պատճառով կանգնեց ծանր կացության առաջ: 5-6 տարի հետո մեր հոգևոր առաջնորդը  Նորավանքից  ինքնահոս խողովակներով ջուր բերեց գյուղ: Ջուրը բերեց, ու գյուղը երկրորդ շունչ առավ: Գյուղացիները նորից սկսեցին գյուղատնտեսությամբ զբաղվել: Մենք աշխատող ու արարող ժողովուրդ ենք, փորձում ենք հնարավորության սահմաններում երեխաներին անպայման ուսման տալ:

Լուսանկարը` Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը` Սերյոժա Բաբոյանի

Մեր գյուղը շատ խոչընդտների միջով է անցել: Հենց մի դեպք պատմեմ իմ ընտանիքից: Գյուղից դուրս ով հողամաս ուներ, կարողացել էր սարերից եկող ջրերով ջրել ծառերը: Իմ երեխաները արդեն դպրոցական էին ու տեսել էին, որ ուրիշները ծիրան էին վերևից բերում: Խմելու ջրով ոռոգվող մի փոքր ծիրանի ծառ կար: Ցոգոլ ժամանակ երեխեքը ուտում էին: Մեծ տղաս եկել ու հարցնում էր՝ պապա, մենք ինչի՞ ծիրանի ծառ չունենք: Դե ասում եմ, որ   ունենք, հեսա, ու ցույց եմ տալիս փոքր ծառը: Ասում ա՝ յա ՜, էդ ծիրանի ծառ չի, էդ ցոգոլի ծառ ա: Այսինքն, եթե գյուղի երկրորդ-երրորդ դասարանի երեխան  չգիտի ծիրանն ինչ է, ո՞նց կարող էինք ուսման մասին մտածել: Դրա համար մեր գյուղում միշտ ուսանողների թիվը պակաս է եղել: Համեմատած մյուս գյուղերի, մեր պայմանները մենք ենք ստեղծում: Իսկ իրենք արդեն պատրաստի պայմաններն ունեն, որոնք նպաստում են գյուղի զարգացմանը: Այսօրվա դրությամբ մեր գյուղը ոչ մի գյուղից հետ չի, դեռ շատերից էլ առաջ ենք: Ճիշտ է, շատերս բողոքում ենք, որովհետև բողոքելը հեշտ է, իսկ գործելը՝ դժվար: Իսկ ինչ-որ մեկը մտածում է՞, թե ինքը ինչ է արել, որ բողոքում է:

-Պատմե՛ք, խնդրում եմ ձեր դպրոցի մասին: 

-Մեր դպրողը ստեղծվել է 1969 թվականին: Իմ սովորելու ժամանակ դպրոցն ուներ 420 աշակերտ, իսկ այսօր՝ 144, որից  16-ը նախակրթարանում է սովորում: Տարեցտարի մեր շրջանավարտների թիվը պակասում է, բայց ցածր դասարաններում աճման միտում կա: 12-րդ դասարանում ունենք  8 աշակերտ, 11-ում՝ 9 աշակերտ, 10-ում՝  էլի այդքան, բայց առաջինում արդեն ունենք 15 աշակերտ, 2-րդում՝ 14 աշակերտ և 3-րդ ում՝ 16 աշակերտ, 4-րդ ում՝ 19: Այսինքն, աճը կա:

Այսօր մենք չունենք այնպիսի առարկա, որը չի պարապվում մասնագետ չլինելու պատճառով: Միայն մաթեմատիկայի ուսուցիչն է, որ գալիս է կողքի գյուղից:  Մեր բոլոր ուսուցիչները ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն: Մեր դպրոցում բարձրագույն, բայց ոչ մանկավարժական կրթություն ունեմ միայն ես: Ժամանակին եղել է, որ ֆիզիկայի մասնագետ չենք ունեցել: Հենց մեր սաներից  ուղարկել ենք սովորելու, ավարտել և վերադարձել է գյուղ և հիմա աշխատում է:

Լուսանկարը` Աստղիկ Հունանյանի

Լուսանկարը` Աստղիկ Հունանյանի

Չեմ դժգոհում, լավ ավանդույթներ ունի մեր դպրոցը: Մեր դպրոցը լավ  շրջանավարտներ է տվել հայրենիքին: Ունենք գրողներ, որոնք Ռինդի դպրոցն են ավարտել,  Վայոց ձորի հոգևոր առաջնորդն ու նրա եղբայրն էլ են մեր դպրոցը ավարտել, գործարար Սահակ Սարգսյանը, մեր գյուղապետը, նախարարությունում աշխատակիցներ, բոլորը ավարտել են մեր դպրոցը:

Բայց պահանջներն էլ ժամանակի հետ ավելանում են, իսկ դպրոցը միայն պետական ֆինանսավորմամբ չի  կարող ամեն ինչ անել: Եթե որևիցե բան ուզում ենք անել, պետք է գտնենք հովանավորներ և համագործակցենք նրանց հետ: Այսօր դպրոցում կավագործության խմբակ կա: Էլի հովանավորի միջոցով է հիմնադրվել: Երեխաները դասերից հետո անվճար բրուտագործություն են սովորում:

-Շրջանավարտների թվի նվազումը ինչո՞վ ա պայմանավորված:

-Դե այդ խնդիրը ամբողջ Հայաստանում կա: Ռինդն էլ է գտնվում Հայաստանում: Սոցիալական խնդիրները, որոնք կան Հայաստանում, Ռինդում  էլ կան, դրան գումարվում է նաև արտագաղթը: Եթե այսօր Ռինդի դպրոցում զգում են, որ մի երեխա իրոք տաղանդ ունի ինչ-որ գծով, ապա մեր դպրոցում դա մարում է ու կորում, որովհետև չունենք համապատասխան պայմաններ: Մեր ամբողջ գյուղում կարող է լինեն մեկ կամ երկու լավ մարզիկներ: Ի՞նչ անեն այդ երեխաները: Եթե մարզիկը 10-12 տարեկանից չսկսի պարապել, ո՞նց կարող է հետագայում լավ մարզիկ դառնալ: Ուրեմն երեխային պետք է տանել պարապմունքների: Կապ չունի՝ երգում է, նվագում է, թե պարում: Գյուղում չկան այդ պայմանները: Պետք է գնալ Եղեգնաձոր՝ 30 կիլոմետր: Դե ամեն ծնող չի, որ ի վիճակի է իր երեխային տանել-բերել: Այսօր մարդը հիսուն հազար աշխատավարձով ո՞նց ապրի, մի հատ էլ երեխային տա պարապմունքների:

-Ի՞նչ ձեռքբերումներ ու հաջողություններ  ունի դպրոցը:

-Ամեն տարի առարկայական օլիմպիադաներում մեր մարզում ամենաքիչը երկու-երեք առաջին տեղեր ենք բերում գյուղ: Հանրապետական օլիմպիադաներից գովասանագրերով հետ են գալիս: Մեր երեխաները մասնակցել են ասմունքի մրցույթին, հանրապետական փուլից նվերներով են հետ դարձել: Երեխաները ակտիվ ներգրավված են բոլոր տեսակի միջոցառումներին: Մեր մարզից մեր դպրոցի ռազմագիտության ուսուցիչն ու աշակերտներն են մասնակցել ռազմագիտության մրցույթին: Մեր գյուղի շրջանավարտներից 15 ուսանող անվճար համակարգում են սովորում: Հիմա սաներ ունենք, որ գիտական թեզեր են պաշտպանել,ուսուցիչ ունենք, որ ասպիրանտուրայում է սովորում: 150 աշակերտ ունեցող դպրոցի համար սա վատ ցուցանիշ չէ:

-Ի՞նչ խնդիրեր ունի դպրոցը:

-Բոլորս էլ գիտենք, որ սոված փորով երեխան չի կարող դպրոցում նորմալ սովորել:  Երեխաները սնվում են «Կայուն սնունդ» ծրագրի շրջանակներում: Քանի որ տեղը, հնարավորությունը շատ քիչ են, դրա համար էլ ստիպված  երկու-երեք հերթով են աշխատում, որպեսզի կարողանանք տեղավորել: Բնականաբար, եթե բուֆետի տարածքը մեծ լինի,  կարող ենք անցնել տաք սնունդի: Հիմա մեր  նպատակը ճաշարան կառուցելն է:

Լուսանկարը` Աստղիկ Հունանյանի

Լուսանկարը` Աստղիկ Հունանյանի

Մյուս կարևոր խնդիրը մարզադահլիճն է:  Հատակի մի մասը այս տարի փոխել ենք ու հենց հիմա էլ այդ աշխատանքներն են գնում: Հատկացված գումարով կարողացել ենք միայն մի մասը վերանորոգել, սակայն փտած հատակը վտանգավոր է երեխաների համար:

Գույքի ձեռքբերման խնդիր չունենք, որովհետև այս տարի ամբողջ դպրոցի սեղան-աթոռները թարմացրել ենք: Մեր հին սեղան-աթոռները «Հայ դպրոցի»-ի օգնությամբ կարողացել ենք վերանորոգել:

Քիմիայի լաբորատորիա դպրոցում ընդհանրապես չունենք, իսկ ֆիզիկայի լաբորատորիան անցած տարի ամբողջությամբ «Գիտելիք» համալսարանից ինքս եմ բերել: Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների դարում ենք ապրում, բայց շատ քիչ հնարավորություններ դպրոցն ունի: Ճիշտ է, այս տարի մենք հնդկական մի կազմակերպությունից 10 համակարգիչ ենք ստացել իրենց սեղաններով, բայց դրա հետ մեկտեղ դպրոցին նաև պակասում են այլ կարևոր սարքավորումներ: Դրանց անհրաժեշտությունը ևս կա, բայց կարիքներն էլ կարելի է դասել ըստ առաջնահերթության:

Ասում են՝ Արենի գյուղում ու Մալիշկայում  ավելի շատ ուսանողներ կան,  քան Ռինդում: Համաձայն եմ, բայց եթե այսօր ռնդեցին չի կարողանում իր երեխայի ցամաք հացի հարցը լուծի, ո՞նց կարող է սովորելու մասին մտածել:

Շատ ցավոտ հարց է նաև ջեռուցման խնդիրը: Մենք էլեկտրական վառարաններով ենք դասասենյակները տաքացնում: Դպրոցի վերանորոգման ժամանակ  ամեն սենյակում մի վարդակ են դրել, մալուխը բարակ է, ու եթե մենք միացնում ենք վառարանները, վարդակը հալվում է: Իսկ մեկ վառարանով անհնար է տաքացնել մեծ դասասենյակները: Մեզ ասում են՝ գիշերը միացրած թողեք, բայց դա էլ հրդեհավտանգ է: Առավոտյան դասերն սկսելուց 3 ժամ առաջ միացնում են, բայց դասասենյակներ կան, որ ձմեռը +13 աստիճան է լինում, այնինչ մեզանից պահանջում են 18 աստիճան ջեռուցում՝ նվազագույնը: Մենք ունենք ջեռուցման համակարգ, որը աշխատում է դիզվառելիքով և բնական գազով: Ընդհանուր շինարարությունն ավարտվել է 2007 թվին, ու մենք հենց մի անգամ փորձարկել ենք ջեռուցման համակարգը, ու վերջ: Դիզվառելիք գնելու գումար չկա:

-Իսկ եթե նկարագրեք ձեր երազանքների դպրոցը: Ինչպիսի՞ն կլինի այն:

-Իմ երազած դպրոցում և՛ ուսուցիչը, և՛ աշակերտը, որ գալիս են դպրոց,  չպիտի մտածեն, որ գալիս են աշխատանքի կամ պարտավոր են: Ամեն մեկն իր գործը պետք է անի սիրով:  Ուսուցիչը չմտնի դասարան՝ աշխատավարձ ստանալու համար, աշակերտը, որ գա դպրոց չասի՝ մնամ տանը, մաման կխոսի, գնամ դպրոց՝ դասատուն, որովհետև դաս չեմ արել: Աշակերտը սիրի դպրոցը, անգամ անհամբեր սպասի դպրոցի բացվելուն, որ դաս սովորի: Հիմա էլ են սպասում, բայց ոչ թե գալիս են սովորելու համար, այլ ժամանակ անցկացնելու:

-Կուզենայի՞ք վերջում  ինչ-որ բան ավելացնել:

-Այն, որ դուք՝ պատանի թղթակիցներդ այսօր մեր դպրոցում եք, արդեն շատ գովելի է: Մեր զրույցը չորս պատերից դուրս է գալու, ու ես շատ ուրախ կլինեմ, որ Ռինդ գյուղի ու նրա դպրոցի մասին բոլորը իմանան:

Հարցազրույցը վարեցին՝ Նոնա Պետրոսյանը, Աստղիկ Հունանյանը