Sargis Melkonyan

Ռոմանտիկայի և ռեալիզմի սահմանին

Երբ սկսում է վերջանալ աշունը, գալիս է մի եղանակ, երբ անկախ քո կամքից, վերցնում ես մեկ բաժակ տաք թեյն ու նստում լուսամուտագոգին՝ գիրք կարդալու:

«Բակում ամայի լռություն էր, որին կարոտ են աշխարհի բոլոր քաղաքաբնակները, և որից զզված են բոլոր գյուղերում…» կարդում ես պետրոսյանական տողերը, մի պահ հպարտանում, որ Աշտարակից է եղել, փակում գիրքն ու նայում այգուն: Ձյան մանր փաթիլներ, մի քանի կաթիլ անձրև, մի քիչ քամի և թափվող տերևներ: Երբեմն մարդիկ սրան ռոմանտիկա են անվանում: Բայց ռոմանտիկան չի տարածվում խորանարդաձև ու տաք սենյակից դուրս, այն միայն սենյակի ներսում է մնում, որովհետև դրսում ցուրտ է, իսկ ցուրտը սպանում է ռոմանտիկան: Սա գյուղ է, որտեղ ռոմանտիկան միայն քո մտքում գոյություն կարող է ունենալ, իսկ առօրյա գործերը կարող են սպանել ամեն ինչ, եթե… Եթե հանկարծ թույլ տաս:

***

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները լավագույն ժամանակն են լուսամուտագոգին նստելու, գիրք կարդալու և մի բաժակ տաք թեյ խմելով դրսի տեսարանով հիանալու համար: Թափվող տերևներ, անձրևի կաթիլներ, չվող թռչուններ, խամրած արևի շողեր, և ձյուն: Բայց տան միայն մի կողմից է այս տեսարանը: Մյուս լուսամուտներից երևում են ջուր կրող, անվերջ մեքենա վերանորոգող, փայտ կտրող, ցրտից վախենալով բերք հավաքող, բարակ վերնաշապիկը հագին խանութ վազող, մեքենայի արագ ընթացքից ամբողջովին թրջված և շատ շուտով գրիպով տառապելու դատապարտված մարդիկ:

***

Տաք թեյը կարծես վերջանում է: Գրքի ավարտին մի քանի էջ մնաց: Արևը ուր որ է մայր կմտնի: Իսկ դու դեռ կմնաս լուսամուտագոգին նստած, որովհետև հոգնել ես ձմռանը նախապատրաստվելու նույն գործերն անընդհատ, ամեն տարի, ամեն անգամ անելուց: Որովհետև դու չես ուզում դուրս գալ խորանարդաձև ու տաք սենյակից, որովհետև այստեղ դու ստեղծել ես աշխարհը՝ քո աշխարհը:

***

Վառարանում կրակը հանգչում է, իսկ դու ստիպված ես հեռանալ փայտ կոտրելու, որովհետև հյուսիսից եկող ձմեռը շատ բաներ է ստիպում, և դու պարտավոր ես ենթարկվել… Որ ապրես…