Ռուբիկի խորանարդը առաջիկա շաբաթվա համար

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

2013 թվականի ամառն էր։ Այդ ժամանակ ես տարված էի մարդկության մի հրաշալի գլուխգործոցով, ավելի կոնկրետ, Ռուբիկի խորանարդով, կամ ինչպես շատերն են ասում՝ «կուբիկ-ռուբիկով»։ Ընդհանրապես, ինչ որ բանով տարվելը ինձ մոտ սեզոնային է։ Եթե ինչ որ բանով տարվեցի, առ ու փախի։ Էնքան կզզվացնեմ բոլորին, մինչև նոր թեմա չգտնեմ։ Լավ, ինչևէ, չշեղվեմ կուբիկից։ 

Առաջին հայացքից հասարակ խաղալիք, կարծես թե իրենից ոչ մի դժվարություն չներկայացնող, բայց հենց որ վերցնում ես ձեռքդ և փորձում ես հավաքել, այդ հասարակ խաղալիքը միանգամից դառնում է անհնարին մի բան։ Ի դեպ, այդ անհնարին թվալու շնորհիվ ես բազում գրազներ եմ հաղթել։

«Կուբիկով» սկսեցի հետաքրքրվել այն ժամանակ, երբ մեր մոտի խանութներից մեկում գտա օրիգինալ «կուբիկ», որը ի տարբերություն չինական կեղծիքների, երկրորդ շարժումից չէր կոտրվում։ Օգոստոսն էր, Ռուսաստանից եկած եղբորս հետ, ում նույնպես հետաքրքրել էր այդ խաղալիքի անվան տակ թաքնված, չգիտեմ էլ ինչպես անվանեմ, իրը, սկսեցինք տակն ու վրա անել համացանցը, մինչև որ չսովորեցինք հավաքել։ Կյանքում չեմ մոռանա առաջին անգամ հավաքելս։ Չգիտես ինչ շարժումներից հետո իմ ձեռքում էր հավաքված «կուբիկը»։ Դա ինձ համար իրոք մեծ ձեռքբերում էր։ Ի դեպ, այդ «չգիտես ինչ շարժումները» կոչվում են ֆորմուլաներ։ «Կուբիկը» լրիվ հավաքելու համար պետք է իմանալ դրանցից առնվազն տասը։ Բոլորը իմանալու և վարժվելու դեպքում «կուբիկը» կարելի է հավաքել 14 վայրկյանում։

Մենք մի շաբաթ ման էինք գալիս այդ ֆորմուլաների հետ, այդ թերթիկը, որի վրա գրած էր մեր  պարծանքը, տանում էինք գրեթե ամեն տեղ։ Մի շաբաթից մենք իհարկե սովորեցինք հավաքել «կուբիկն» առանց թերթիկի։

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Համացանցում այդ հրաշքի գաղտնիքը ման գալու ժամանակ մենք ծանոթացանք տասնյակ ուրիշ գլուխկոտրուկների հետ։ Իհարկե, ինչպես իսկական «քանքանչիներ», մենք փորձեցինք դրանք գտնել մեզ մոտ։ Ցավոք, մենզ հաջողվեց գտնել դրանցից մի քանիսը միայն, որոշ մարդկանց մոտ մենք ուղղակի տարօրինակների տպավորություն էինք թողում։ Դե ո՞ւմ ասես «Կներեք, կարո՞ղ ա դուք «կուբիկ-ռուբիկի» եռանկյուն տեսակը ունենաք: Էն որ սենց ֆռռացնում ես, խառնվում ա, հետո պիտի մի կերպ էլի գույները դնես իրանց տեղերը», չի զարմանա։ ճիշտն ասած, ես շատ էի նախանձում եղբորս, քանի որ գիտեի, նրանց մոտ՝ Ռուսաստանում, հաստատ կան այդ բոլոր գլուխկոտրուկները։

Քանքանչի ասացի՝ հիշեցի։ Չգիտեմ որտեղից, իմացել էինք, որ «կուբիկը» պետք է յուղել, որ լավ պտտվի։ Այդպես ես հրաժեշտ տվեցի իմ առաջին «կուբիկին»։

Հիմա, երբ անցել է 3 տարի, ես կարողանում եմ հավաքել միայն ստանդարտ խորանարդը, չնայած ունեմ 5 տեսակի գլուխկոտրուկ։

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Եվ վերջում, կիսվեմ Ռուբիկի խորանարդի մասին մեկ-երկու հետաքրկիր փաստով։

1. Եթե աշխարհի բոլոր խորանարդները դնենք իրար հետև, կստանանք մի գիծ, որը կձգվի հյուսիսային բևեռից մինչև հարավայինը

2. Ռուբիկի խորանարդը կարող է գտնվել 43 252 003 274 489 856 000 տարբեր դիրքերում։ Այդ դիրքերը հերթով ստանալու համար, պտտելով խորանարդի կողմերը 1 պտույտ/վայրկյան արագությամբ, մարդուց կպահանջվի 1400 տրիլիոն տարի։

Հասկացա՞ք, թե իրականում ինչ մեծ բան է այդ հասարակ խաղալիքը։

Արձակուրդները մեկ շաբաթով էլ են երկարացրել, իսկ դրսում ցուրտ է: Ի՞նչ եմ առաջարկում. Փորձեք հավաքել այս կախարդական խորանարդը: Ոչ միայն շատ լավ ժամանց է, այլև իսկական մարզանք է մեր արդեն բթացող ուղեղների համար: