Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր

Ինձ անհանգստացնում է անտարբերությունը սահմանում ապրող բնակչի ու սահմանը պահող մեր զինվորների նկատմամբ: Քաղաքում ապրող մարդիկ երբեք չեն հասկանա մեզ, թե ինչ պայմաններում ենք ապրում` ամեն վայրկյան վախի, սարսափի, կյանքդ կորցնելու վտանգի տակ: Ես չեմ մեղադրում այն մարդկանց, որոնք մեզ չեն հասկանում, բայց կցանկանայի, որ անտարբեր չլինեին, հոգեպես ուժ տային: Մենք ունենք, իհարկե, շատ խնդիրներ, բայց երբ հասկանում ես, որ միայնակ չես, դա ուրիշ զգացում է: Օրինակ` շատ էի վիրավորվել, երբ երեխաների պաշտպանության օրը ոչ մի կազմակերպություն կամ անհատ անձ չեկավ մեզ շնորհավորելու: Շատ վիրավորական էր: Կուզենայի, որ գնահատենք սահմանում ապրող կամ սահման պահող մարդկանց: Եկեք գնահատենք…

Մերի Ավագյան


Ես սիրում եմ զբաղվել արվեստով և ֆուտբոլով, բայց ռմբակոծությունները մեզ չեն թողնում զբաղվել սիրած գործով, խաղալ: Թշնամին նույնիսկ չի թողնում այգեգործությամբ զբաղվել: Մեր դասարանում սկզբում տասնմեկ հոգի էինք, որից երեքը ռմբակոծության պատճառով հեռացել ենք գյուղից:
Թեև մենք ապրում ենք սահմանամերձ գյուղում, բայց չենք ցանկանում հեռանալ մեր գյուղից: Այս վերջերս մեր գյուղում շատ վատ դեպք է տեղի ունեցել. կրակոցից զոհվել է խաղաղ բնակիչը:

Էրիկ Վարդանյան

Ես ապրում եմ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Ինձ մտահոգում են կրակոցները: Մարդիկ ամեն րոպե սպասում են, որ պիտի կրակոց լինի: Ուրիշները կրակոց բառը չեն հասկանում: Տարբեր տեղերից մարդիկ գալիս ասում են, որ չվախենանք, ամեն ինչ լավ կլինի: Մարդիկ մտածում են, թե գյուղերից մարդիկ փախնում են, բայց չեն հասկանում, որ գյուղացիները իրենց կյանքի մասին են մտածում: Նույնիսկ վախենում են իրենց տանը գիշերել:

Գագիկ Աբազյան


Մեր գյուղում յուրաքանչյուր տարի դպրոցի երեխաները պակասում են, աշխատատեղեր չկան: Եթե առաջ այլ երկիր աշխատելու միայն տղամարդիկ էին գնում, հիմա ընտանիքներով են գնում: Բայց այս դժվար իրավիճակի մեջ կան նաև լավ կողմեր: Մեր գյուղին օգնում են մի շարք կազմակերպություններ: Վերջերս դպրոցը վերանորոգել են, մանկապարտեզի մոտ պաշտպանիչ պատ են սարքել: Հուսով եմ նաև ձեզ մոտիկից կճանաչեմ և կհարստացնեմ իմ գիտելիքները:

Հայկ Առաքելյան

Գյուղում լինում են կրակոցներ, երբ մարդիկ դրսում են, աշխատանքի վայրում: Սեպտեմբերի երկուսին կրակոցների հետևանքով ականներից մեկը ընկել է մեր տուն, դրա անունը «ականանետ» է, դա շատ մեծ զենք է: Տան մեջ պայթել է ականը: Վնաս շատ է եղել, բայց լավ է, որ այդ սենյակում ոչ ոք չի եղել:
Գյուղում կյանքը շատ հետաքրքիր է, բայց եթե կրակոցներ չլինեն, շատ լավ կլինի: Դպրոց գնալիս մենք վախենում ենք, որովհետև կարծում ենք, թե կրակոց կլինի: Դասի ժամանակ էլ ենք վախենում: Սահմանը շատ մոտ է թուրքերի դիրքին: Կրակոցների հետևանքով մահացել է 61-ամյա մի տղամարդ: Ականի բեկորը հարվածել է նրա սրտին, նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց նա մահացել է:

Անի Լալայան

Այստեղ շատ են լինում կրակոցներ, բայց մենք շատ հաճույքով ենք գալիս դպրոց:: Կրակոցների ժամանակ նաև զոհվել են խաղաղ բնակիչներ Պառավաքար և Բերդավան գյուղերում: Մեր գյուղում էլ է խաղաղ բնակիչ զոհվել: Հակառակորդը այնպիսի դիրքում է գտնվում, որ կրակում է մի քանի գյուղերի վրա` Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Պառավաքար, Մովսես և մի քանի այլ գյուղեր: Ես ամեն օր քնելուց աղոթում եմ, որ ավարտվի այս պատերազմը և խաղաղություն տիրի ամբողջ աշխարհում: Կրակոցների ժամանակ նաև մեր տունն է վնասվել: Այդ կրակոցների հետևանքով մենք գնում ենք ուրիշ գյուղ, բայց էլի հետ ենք գալիս: Ես երբեք չեմ հեռանա իմ հայրենի գյուղից: Հույս ունեմ ամեն ինչ շուտով կավարտվի:

Մանե Չոբանյան