Mariam Shahnazaryan

Սահմանին մերձ

Երևակայությունը մեզ հետ խաղեր է խաղում անընդհատ, բայց ամենքս փորձեցինք  վերադառնալ իրականություն…

Երազ էր այս պատերազմը. երազից ոնց արթնացանք` մենք էլ չիմացանք…

Տղաները այս ամենը միայն ֆիլմերում են տեսել, բայց սա արդեն իսկ վեր է նման ժանրից:

Կյանքը փոխվեց մի երկրի ոչնչով չբավարարվելու, մյուսին անընդհատ չարչարանքներ տալու, քարտեզին մի տարածք ավել ամրագրելու ու արյուն խմելու անհագ ցանկությամբ: Կյանքը փոխվեց՝ խլելով անմեղ կյանքեր, մոր բերկրանք ու ժպիտ: Դպրոցում ասում էինք՝ ներկայի ու ապագայի սահմանագծին ենք կանգնած, և ո՞վ էր նախատեսել կամ պատկերացրել, որ ապագայի սահմանը կարմիրով գծվելու է Սյունիքից մի փոքր հեռու, գյուղացու արդար քրտինքով ստեղծած դաշտի ու արոտավայրի հաշվին, դասարանի տղաների անգիր արած զենքերի արձակած ձայնից հետո:

Ապագան կերտողի՝ հայրենիքին տալու պարտքերը կրկնապատկում են, և այն տրվելու է հայրենասիրության զգացումը ավելի ու ավելի փառավորված ու արժևորված:

Գիշերներն արդեն տեղից վեր թռչելու անսովոր առիթներ են տալիս. սահմանին մերձ ենք. ինչ հեշտ է, չէ՞, հնչում: Սրտի թրթիռները արագ են զարկվում, մեզ ընկեր ենք ընտրել մղձավանջը, այն էլ՝ առանց մեր ցանկության: Վաղն էլի նոր օրերից մեկը կսկսի, վաղն էլի տնակի բաց պատուհանից ձյունախառն քամի կփչի, ու ձմռանը այս աշունը կհիշենք, գարնանը էլի կհիշենք, ու անվերջ այսպես կլինի:

Մայրիկն իր երեխային երբ օգնի ձմեռ նկարել, կարմիրն է միշտ մտքում լինելու, թղթին է տալու ամբողջ բարկությունը. առաջվանը չէ ամեն ինչ:

Հովհաննես Գրիգորյանն է, թերևս, ամենալավը ու այդ լավի մեջ ամենացավոտը ներկայացրել խաղաղություն բառը մեզ համար. ախր, այնքա՜ն էր երկար այդ բառը, որ այդպես էլ երբեք չտեղավորվեց մեր փոքրիկ հողակտորի վրա:

Կուզենայի, որ այսպիսի տողեր գրելու պատճառ երբեք չունենայի, որ խաղաղությունը թվացյալ ու այսքան աղմկոտ չլիներ: Աղմկոտ է. բոլորն իրենց ճիշտը ուսերին դրած քայլում են: Կներե՛ք, բայց լռությամբ պիտի պահենք խաղաղությունը. սպիները թաց են:

Խաղաղությունն անկարող է մաքրելու պատերազմից թողնված անունները մեր աչքերի, տառապող հոգիների: Մենք դժոխքից այսպիսի հրավերի չէինք սպասել. անսպասելի ելանք, անսպասելի ավարտվեց:

Սյունիքը միշտ կանգուն է ու կլինի, սահմանը պահողը արթուն է, սահմանին մոտ ապրողներս ամուր ենք կառչած մեր հողին, մեր փոքրիկ բարուրում պահած հայրենիքին: Իմ գյուղը` Խնձորեսկը, իր սարերի բարձրության պես միշտ վեհ է ու հպարտ, իմ գյուղի դաշտերում էլի վազելու ու քամու բերած հազարերանգ ծաղիկների բույրն ենք վայելելու. թող ինչքա՜ն ուզում է մոտենա սարսափը:

Հ.Գ Թուղթն ու գրիչը ամենահասկացող ընկերներս են, իսկ Թումանյանը ժամանակին ամեն ինչ ասել է, և, այո՛, ողբի հայրենիքը պիտի դառնա լույսի՜ ու հույսի՜, իսկ հանուր կյանքի արշալույսին՝ նո՜ր ու հզո՜ր: