vahan chobanyan

Սահման փնտրողները

Եվս մեկ օր մոտեցավ իր ավարտին կամ գուցե նոր սկսվեց, չգիտեմ։ Ես արդեն մի քանի ամիս է՝ չգիտեմ՝ երբ է սկսվում օրը և երբ է այն ավարտվում՝ առավոտյան ինն անց կե՞ս, երբ գնում եմ համալսարան, թե՞ գիշերը տասին, երբ գնում եմ աշխատանքի։ Ու չեմ գտնում նաև այն սահմանը, որը բաժանում է ուսանողական կյանքը աշխատանքայինից։ Ու իմ նման շատ ուսանողներ ամեն օր այդ սահմանն են փնտրում ու ցույց տալիս, թե գտել են, բայց մենք հո լա՞վ գիտենք, որ խաբում ենք, խաբում նույնիսկ ինքներս մեզ, բայց մինչև ե՞րբ։ Մինչև սպառված հասնում ենք տուն, որտեղ մեզ սպասում է հայելին, որի հետ ամենաշատ ժամանակն ենք անց կացնում։ Մեզ էլի սպասողներ կան, բայց նրանց թողել ենք այն հեռավոր գյուղերում, որոնք լքելով եկանք այստեղ, որ մարդ դառնանք։

Հիմա մի փոքր ավելի մանրամասն իմ առօրյայի մասին։ Պայմանականորեն ընդունենք, որ օրս սկսվում է ինն անց կես` համալսարան գնալով։ Դասի գնում եմ աշխատանքի վայրից, ավելի ճիշտ՝ վազում եմ, որ հնարավորինս քիչ ուշանամ։ Դասի հասնում եմ ուշացած։ Առաջին սպասելիքները արդարացվում են. դասախոսը թողնում է ներս մտնել, ու քանի որ ուշացած ուսանողը զրկվում է «արտոնություններից», հնարավորինս արագ ու անաղմուկ տեղավորվում եմ։ Դրանից հետո շատ ավելի կարևոր ու դժվար անելիք կա. անտեսել գիշերը քնած չլինելու փաստը ու չտրվել սեղանին պառկելու հրապուրանքին։

Գիշերն աշխատողի համար իրերը կորցնում են իրենց հիմնական նշանակությունը։ Հազիվ ներկա-բացակայի ժամանակ աչք կպցնելով մի քանի դասաժամ անց կացնելուց հետո գալիս է տուն գնալու երանելի պահը։ Ապրում եմ հանրակացարանում ու օգտվում հանրակացարանի ընձեռնած լավ ու վատ բոլոր պայմաններից։ Չգիտեմ՝ ոնց հասնում եմ կանգառ, գտնում ինձ՝ Մասիվ հասցնելու պատրաստ ավտոբուսը ու նետի նման ցցվում մեջը։ Մոռացա ասել, որ ես բիստրոների «աստվածային» ուտելիքների երկրպագու եմ ու մինչև կանգառ հասնելը հասցնում եմ ստամոքսիս հանդեպ մեղք գործել։ Հասնում եմ տուն բավականին հոգնած։ Ինչպես արդեն ասացի, ինձ սենյակում սպասում է միայն հայելին։ Հայելու մեջ գտնելով ինձ լիովին սպառված՝ որոշում եմ պառկել։ Պառկում եմ, բայց չեմ քնում, որովհետև էդպես չեն քնում, էդպես ուղղակի խաբում են օրգանիզմին, որ փորձի հանգստանալ, որովհետև մի երկու ժամից պիտի աշխատանքի գնա։ Իսկ մի երկու ժամից զարթուցիչն ինձ ուշքի է բերում առանց մեծ ջանքերի, որովհետև ես քնած չէի, որովհետև էդպես չեն քնում։

Ու այսպես ամեն օր, ու այսպես իմ նման շատ ուսանողներ սահման են փնտրում, ուսանողական ու աշխատանքային տարիներն իրարից բաժանող սահմանը…