aneta baghdasaryan

Սանդուղքի էֆեկտն ու ես

-Եթե մի քիչ էլ նայես մութ մատերիայի նմանվող սև թեյիդ, ինչ-որ պահի ինքն էլ քեզ կնայի,- կասեր Նիցշեն, եթե հիմա ինձ տեսներ։

Բարեբախտաբար կողքիս ոչ մի փիլիսոփա էլ չկա, ու ես կարող եմ հանգիստ շարունակել «հիանալ» թեյի միջի արտացոլանքովս։ Արտացոլանքը նայում էր ինձ, և այստեղ ոչ մի փիլիսոփայություն էլ չկար։ Հոգնածությունը մի քանի ժամ առաջ կատարվածը ջնջել էր այս օրվանից, կարծես թե այն երբեք էլ չէր եղել։ Թեյի բաժակը երկու կողմից գրկած ձեռքերիս ափերն այրվում էին դրա՝ միևնույն ժամանակ և՛ հաճելի, և՛ անտանելի տաքությունից։ Ցանկանում էի խեղդվել այդ թեյի մեջ, որ գոնե այս պահին մոռանամ ամեն ինչ ու էլ ոչ մի բանի մասին չմտածեմ։ Բայց պետք էր ընդամենը մի պահ մտածել այլևս չմտածելու մասին, և ուղեղն այդ պահից սկսած ամեն ինչ կանի, որ միայն ու միայն մտածես։

-Այսպես անիմաստ նստելու փոխարեն գոնե խմի այդ թեյը,- կասեր նույն Նիցշեն, որը շարունակում է չլինել այս սենյակում։

Բաժակը մի կողմ դրեցի ու ավելի հարմար տեղավորվեցի բազմոցի անկյունում, գլուխս հենեցի ինչ-որ փափուկ կետի։

-Լավ, ինչի՞ չհակաճառեցիր, ինչի՞ չընդհատեցիր, որ ասես, որ ունես բոլոր հարցերի պատասխանը։ Էդ ձևական քաղաքավարության կանոններն էլ հենց փչացրին ամեն ինչ։ Սպասում էիր՝ վերջացնի միտքը, նոր պատասխանե՞ս, իզուր։ Դե հիմա այսպես նստիր ու կատաղիր ինքդ քեզ վրա, որովհետև էլ ոչ մի բան չես կարող փոխել։

Վստահ եմ՝ դու էլ ես կյանքում գոնե մեկ անգամ այսպիսի մտքեր ունեցել։ Երբ որևէ մեկի հետ վիճել ես ու չես կարողացել պատասխան տալ ինչ-որ հարցի․ ուղղակի ի վիճակի չես եղել դիմացինիդ ասածին պատասխանել, ապացուցել քո արարքը, արդարանալ, կամ ուղղակի խոսել։ Հաստատ պատահել է։ Ու այդ ամենից հետո տուն տանող ճանապարհին՝ ավտոբուսում կանգնած, դու միևնույնն է, շարունակում ես մտածել այդ դեպքի մասին ու փորձում դրան ճիշտ լուծում տալ, բայց արդեն ուշ է։

Իրականում այս երևույթն անուն ունի՝ «սանդուղքի էֆեկտ», որը համարժեք է ռուսերեն «задним умом крепок» ասացվածքին։ Այսինքն՝ որևէ անախորժ իրավիճակի ժամանակ մարդն ի վիճակի չի լինում նույն պահին խոսել կամ արտահայտվել, և միայն դրանից հետո՝ չափազանց ուշ, նրա մոտ առաջանում են հանճարեղ պատասխաններ։ Իսկ «սանդուղքի էֆեկտ» անվանումն առաջացել է դեռևս Ֆրանսիայում, երբ փիլիսոփա Դենի Դիդրոն պետական գործիչ Ժակ Նեկկերի առանձնատանը ճաշելիս նկատողություն է ստանում, որին պատասխանելու փոխարեն պարզապես լռում է։ Եվ միայն տան սանդուղքով իջնելիս է կարողանում պարզ և խելամիտ դատել իրավիճակն ու մտքում տալ անթերի պատասխաններ։ Հենց այստեղից էլ եկել է սանդուղքի գաղափարը, որն էլ հետագայում դարձել է կայուն արտահայտություն։

Իմանաս դու սա, թե չէ, միևնույնն է՝ շարունակելու ես նմանատիպ իրավիճակներում ոչինչ չանել, որ հետո ափսոսես չարածիդ ու չասածիդ համար։ Կամ հակառակը․միգուցե նման դեպքեր քիչ են պատահել քեզ հետ, որովհետև դու միշտ վստահ ես եղել քո արածի ու ասածի վրա։ Չեմ կարող հստակ ասել։ Ու չեմ էլ ուզում։ Չեմ ուզում խորհուրդ տալ կամ էլ խրատել։ Ոչինչ էլ չեմ ասի, որովհետև սուտ է։ Սուտ է մի մարդու այս ամենն ասել ու համոզել, որ նա անի հակառակը։ Ի՞նչ է փոխվելու նրա կյանքում, այս ամենն իմանալուց հետո։ Անվանի նա այս ամենը սանդուղքի, ավտոբուսի կամ էլ պատուհանի էֆեկտ, միևնույնն է, շարունակելու է մնալ նույն մարդը, շարունակելու է լռել, երբ պետք է խոսել, ամոթից չիմանալ՝ ինչպես արձագանքել իրեն ուղղված հարցերին։ Չի անի ոչինչ, որ հենց լքի տարածքն ու լինի ինքն իր հետ, ուշքի գա, սկսի մտորել ու ջղայնանալ։ Մտքում կառուցել իդեալական սցենար լավագույն ավարտով, որի մասին կիմանա միայն ինքը։

Ձեռքս տարա դեպի թեյի բաժակը, էլ տաք չէր։ Հավես չունեմ նորը սարքելու։ Եթե այսքան անիմաստ բաների մասին չմտածեի, միգուցե հասցնեի տաք թեյից գոնե մի քանի կում անել։ Ալարում եմ նորը պատրաստել։ Սարքելու եմ ու նորից մոռանամ, էլի սառի։ Գոնե Նիցշեն այստեղ լիներ, միասին կթեյեինք։