Սաք, լսո՞ւմ ես

Սաք, լսու՞մ ես։

Ո՞նց ես էդտեղ։ Գիտե՞ս, էն օրը եկել էինք ձեր տուն։ Ես, Կարինեն, Անին, Վանը։ Մեզ մի տղա միացավ, անունը չեմ հիշում, ոնց որ վիրտուալ ընկերներ եք եղել սկզբում: Բարի տղա էր երևում, հարցնում էր` դեռ Սիթիզենո՞ւմ ենք աշխատում, թե՞ չէ։ էդ օրը Սիթիզեն պիտի գնայի` դիմում գրելու, «հավի փթիրներից» էլ ոչ մեկս էնտեղ չենք)։ Հիշո՞ւմ ես, մի աղջիկ երեխա եկել էր Սիթիզենի շինհրապարակ: Տեսավ` ես եմ, ոչ թե դու, էնպես էր նեղվել: Ասում էր` բայց ես էն տղու համար էի եկել։ Դե լավ, մեղքս ի՞նչ թաքցնեմ, ինձնից ու աղջիկների մեծ մասից սիրուն ես։ Մի ամաչի, դու էլ գիտես։ Հա, ի՞նչ էի պատմում, գալիս էինք ձեր տուն։ Ճանապարհին մտանք Գրանդ Քենդիից միկադո առանք։ Վանն ասաց, որ ձեր տան ճանապարհին մենակ էդ Քենդին ա ու գրիլանոց ա։ Վերջին անգամ ձեր տուն էինք եկել, երևի հիշում ես, Մերին ու Վանը հավի գրիլ առան: Էդ փողերը կիսատ-պռատ հավաքեցինք, կես փողը իրենց վրա մնաց։

Իրարից ու քեզնից խոսելով հասանք տան մոտ։ Ձերոնք չգիտեին, որ գալու ենք, բայց չզարմացան: Մամադ ասաց, որ մեզ հիշում է։ Բերաններս կծմծելով տուն մտանք։ Կջղայնանաս, բայց չէի կարողանում ինձ պահել։ Առաջինը թղթից սարքած էն մեծ սիրուն կենդանիները տեսա, որ դու էիր սարքել, լրիվ մոռացել էի` ինչ տաղանդավոր ես ո ւ ինչ լավ ձեռք ունես։ Բայց սենյակդ աչք չէի կարողանում գցել սկզբում: Գիտեի, որ նայեմ, արդեն կարող ա ձենով լացեմ, բայց մամայիդ մոտ ամաչում էի, ինքն էլ, տատիկդ էլ շատ ուժեղ ու ձիգ են։

Մամադ սեղան դրեց։ Սիրուն չրեր էր սարքել։ Երևի մամայիդ ես քաշել ձեռքի շնորհքով։ Այսինքն, երևի չէ՝ հաստատ։ Հիշեցինք, ոնց էիր Սիթիզենում դիմակահանդեսի համար մամայիդ ստիպել կախարդի թիկնոց կարել ու ինչ լավ գավազան էիր սարքել։

Հետո ամենահամով ու լավ հոտով թեյը խմեցինք։ Սեղանից նորմալ օգտվել ենք, որ իմանայիր բան չենք կերել, հաստատ կջղայնանայիր։ Հիշու՞մ ես, ասել էիր` ռուսերեն քեզ համար գիրք կարդամ, հենց վերադառնաս: Հետո էլ, թե բա` բայց հաց կուտեմ, նոր կկարդաս, որովհետև եթե տանջվել, ապա միայն կուշտ փորով։ Հետո Ճամբարակից վիդեոներ նայեցինք, մամադ փաստորեն չէր տեսել: Խոստացանք ուղարկել: Լավ հիշեցի, հեսա կուղարկեմ։

Ճամբարակը գեշ տեսար: Լուրջ, ինքը խոր ձմռանն ա սիրուն, էդտեղից երևո՞ւմ ա։

Քիչ-քիչ արդեն էդքան դժվար չէր սենյակդ նայելը։ Աթոռիդ զինվորական վերարկուդ էր: Մամադ պատմեց, որ լվացքի փոշի ես ուզել, որ շորերդ ու սպիտակեղենդ լվանաս դրանով, որ տան հոտ գա: Շատ Սաքոյական ա հնչում)։  Գրքերդ մահճակալի կողքին շարված էին: Սիրում էիր գրքեր առնել ու չկարդալ: Դեն Բրաուն էլ ունեիր, չէ՞: Մի օր վերցնելու եմ, խոստանում եմ, խնամքով կկարդամ ու կվերադարձնեմ:

Ընկերդ քո իրերը բանակից ուղարկելուց ճմրթված գիրք էլ էր ուղարկել: Անունը չհիշեցի, բայց իհարկե, ինչ որ սարսափ ժանրի բան էր: Ոնց էլ կարդում էիր, դեռ զարմանում եմ։

Մամադ ասաց էլի նստենք, բայց ուշ էր:  Որոշեցինք գալ էնտեղ, ուր մարմինդ է: Վանը պատմեց, որ ասել ես` ինձ գանձ մի ասա. գանձը թաղած ա լինում: Չգիտեմ` ինչու ենք սենց բաներ հիշում, դրամատիկ երանգ ա տալիս, դու կհավանեիր։

Վանը մեծավարի մեզ բերեց մարմնիդ մոտ: Ծաղիկները մոտս էին: Սիրուն բացել, համաչափ շարել եմ, չբողոքես: Հետո Վանը ասաց խունկ ծխենք, բայց ոչ մեկս չպատասխանեցինք: Բոլորս էլ մտածում էինք, որն ա դրա իմաստը: Բարձր քննարկեցինք, շրջանառվեց մանրէներ սպանելու վարկածը, բայց ամեն դեպքում հասկացանք, որ ձևական բաներ ոչ դու ես սիրում, ոչ մենք, ու չծխեցինք։

Ինչ ընկեր ունես, չէ՞: Բոլորիս կյանքում մի Վան պետք ա։ Վանն էլ ա շատ կարոտում, գիտե՞ս: Ամեն ինչով ու ամեն հարցով ձերոնց կողքին ա: Լավ ես ընկերներ ընտրում։

Լսիր, տարօրինակ հարևաններ ունես: Հենց դիմացիդ հարևանի մոտ ճոճանակ նստարան կար, գերեզմաններ կային, որ նույնիսկ արձանը կար էդ մարդու։

Մի քիչ խոսեցինք, քննարկեցինք, թե մահվանից հետո ինչ ա լինում: Գրքի վերջին էջին մենակ դու ես հասել: Էս դեպքում բոլոր պատասխաններն ունես, բայց չես ասում, բայց ոչինչ, չենք նեղանում։

Չգիտեմ` էլ ինչ պատմեմ: Շատ ենք կարոտում, քեզնից «Պուխ» ածականը միշտ հետս ա: Ու քանի որ ամենալավ տարբերակը հաջորդ կյանքի գոյությանը հավատալն ա, կհանդիպենք հաջորդ կյանքում, փղիկ։