davit aslanyan

Սա ես եմ, սա դու ես…

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեզ ու մեր ծնողներին, որ չլքեցինք Հայաստանը: Ես գտնում եմ, որ Հայաստանը լքողը հայն է, բայց ոչ նրա սերունդը: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու եք դուք հայ: Ես մտածել եմ: Ու գիտե՞ք, թե ինչ կասեմ: Հայ հորից ու մորից ծնվելը դեռ շատ քիչ է հայ լինելու համար: Հայ է էն մարդը, ով փոքր ժամանակ մամայի ձեռքից բռնած նայել է հրապարակի շատրվաններին ու Բոչելլի է լսել: Հայ է էն մարդը, ով սիրում է մաքուր օդ, բնություն, ճշտապահություն, բայց միաժամանակ չի կարող ապրել առանց էս մեր քաղաքի կեղտոտ օդի:

Գիտե՞ք, էնքան բան ունենք մենք, էնքան հարուստ ազգ ենք: Էնքան բարի, արարող ու սիրունը սիրող ազգ ենք: Ուր ուզում եք գնացեք, որ հարկն ուզում եք բարձրացեք ու ինչ ուզում եք տեսեք՝ մայրամուտին Կասկադի վերևից Արարատին նայելուց լավ բան չկա: Մի՛ մոռացեք էս ամեն ինչը: Որովհետև շատերը մոռացան ու լքեցին երկիրը: Մոռացան, որ գետակի վրա թեքվել է ուռին, ու ոչ մեկը չուզեցավ մյուսին ասել․ «Վեր կաց, եղբայր իմ»: Ու մոռացան, որ անտանելի երթևեկությունից բացի՝ մենք ունենք Երևանի մետրոպոլիտենը` էն հրաշք տատիկներով, որոնց աչքերում 50-ականների Երևանն ա: Մոռացան մեր առաջին հանրապետությունը, ու որ մենք էինք, որ 1918-ին Կարսում օդանավակայան ունեինք:

Եթե ձեզնից ինչ-որ մեկը երբևէ ափսոսել է, որ մենք չունենք էն նեղլիկ սիրուն փողոցներից, ապա չի հիշում, որ չունենք, որովհետև էն ժամանակ դրանք աղքատ թիֆլիսցիների փնթի փողոցներն էին: Իսկ Երևանը ուներ լայն պողոտաներ և ոսկեգույն լույսերով սև քարե շենքեր:

Մենք չենք կարող էսպես հայրենիք պահել: Մենք մոռանում ենք, թե ինչ են նկարիչն ու ճարտարապետը, ու մենակ հիշում ենք գրողի տարած ֆինանսիստներին: Մենք մոռանում ենք, թե ինչ են կրակն ու կիթառը, ու հիշում ենք մենակ մեր ջեռուցումն ու մակբուքը: Մենք կտրում ենք ծառերը, կեղտոտում բնությունը ու մոռանում մեր տան ծորակներից հոսող Եվրոպայի ֆիլտրած ջրերից ավելի մաքուր ջուրը:

Մենք լսում ենք Հայաստանի հիմնը ու չենք էլ հիշում, որ մի Վարդուհի Վարդանյան ունեինք, որ երգում էր՝ երկիր իմ հայ: Գնում ենք «Բլեք սթարի» համերգին ու մեր մտքով էլ չի անցնում Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը»: Գնում ենք ցուրտ երկրներ, բայց չենք հասկանում, որ ցուրտ է, որովհետև իրենք Ռուբեն չունեն, որ երգի՝ ինչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է: Ո՞րն ասեմ է, ո՞րն ասեմ:

Սա ես եմ, սա դու ես՝ կանգնած, լքված քաղաքի պահակները դարձած…