Սելմա Լագերլյոֆ. Կարմրավզիկը

Սա պատահել է արարման առաջին օրերին, երբ Աստված ստեղծում էր երկինքն ու երկիրը, բույսերն ու կենդանիները և բոլորին անուններ էր տալիս:

Եթե մենք շատ բան իմանայինք այն ժամանակների մասին, ապա ավելի լավ կհասկանայինք Աստվածային խորհուրդը և շատ բաներ, որոնց իմաստը հիմա չենք կարողանում հասկանալ…

Եվ այսպես, մի անգամ Տեր Աստված նստել էր դրախտում և գունավորում էր թռչունները: Երբ հերթը հասավ փոքրիկ կարմրակատարին, ներկերը վերջացան, և նա կարող էր անգույն մնալ: Սակայն վրձինները դեռ չէին չորացել: Այդ ժամանակ Տերը վերցրեց վրձինները և մաքրեց թռչնակի փետուրների վրա: Ահա թե ինչու է կարմրակատարը այդքան խայտաբղետ:

Հենց այդ ժամանակ էլ ավանակը ստացավ իր երկար ականջները, որովհետև չէր կարողանում հիշել իր անունը: Ավանակը մոռանում էր իր անունը դրախտի մարգագետիններում մի քանի քայլ անելուց հետո, և երեք անգամ վերադարձավ ու հարցրեց, թե ինչ է իր անունը: Ի վերջո Աստված համբերությունը կորցնելով բռնեց նրա ականջներից ու մի քանի անգամ կրկնեց.

-Ավանակ է քո անունը: Հիշիր. ավանակ, ավանակ…

Եվ այս ասելիս, Աստված թեթևակի քաշում էր ավանակի ականջներից, որպեսզի լավ լսի և մտապահի իր անունը:

Այդ նույն օրը պատժվեց նաև մեղուն: Դեռ նոր էր Աստված ստեղծել մեղվին, թռավ նեկտար հավաքելու: Կենդանիներն ու առաջին մարդիկ, մեղրի քաղցր հոտն առնելով, որոշեցին համտեսել: Բայց մեղուն ոչ մեկի հետ չէր ուզում կիսվել, և սկսեց բոլորին իր փեթակից հեռու քշել իր թունավոր խայթոցով: Տեր Աստված տեսնելով սա, կանչեց իր մոտ մեղվին և այսպես ասաց.

-Դու ինձնից հազվագյուտ շնորհ ստացար. մեղր հավաքել` աշխարհի ամենաքաղցր բանը: Բայց ես քեզ իրավունք չտվեցի մերձավորների հանդեպ այդքան ագահ ու չար լինել: Ուրեմն հիշիր: Սրանից հետո, հենց խայթես մեկին, ով կուզի համտեսել քո մեղրը, կմեռնես:

Հզոր ու գթասիրտ Աստծո կամքով այդ օրը շատ հրաշքներ կատարվեցին: Իսկ մայրամուտից առաջ Աստված ստեղծեց մի փոքրիկ մոխրագույն թռչնակ:

-Հիշիր, քո անունը կարմրավզիկ է,-ասաց Տերը թռչնակին, նստեցնելով իր ափի մեջ և բաց թողնելով:

Թռչնակը սավառնեց այսուայն կողմ, հիացավ երկրի գեղեցկություններով, որտեղ բախտ էր վիճակվել ապրելու, և ցանկացավ ինքն իրեն էլ տեսնել: Եվ տեսավ, որ ինքը ոտքից գլուխ մոխրագույն է, անգամ վզիկն է մոխրագույն: Կարմրավզիկը պտույտ էր գալիս չորս կողմն ու անընդհատ նայում իր արտացոլանքին ջրի մեջ, բայց ոչ մի կարմիր փետուր չէր տեսնում:

Թռչնակը վերադարձավ Աստծո մոտ:

Տերը նստած էր բարեհամբույր ու հեզ: Նրա ափերի միջից դուրս էին թռչում թիթեռնիկներ ու թևածում գլխի շուրջը: Աղավնիները ղունղունում էին ուսին նստած, իսկ ոտքերի շուրջ ծաղկել էին վարդեր, շուշաններ և երիցուկներ:

Փոքրիկ թռչնակի սրտիկը վախից ուժգին տրոփում էր, սակայն օդում մի քանի պտույտ գործելով, նա զգուշորեն ավելի էր մոտենում, և վերջապես իջավ Աստծո ձեռքին:

Եվ Աստված հարցրեց, թե ինչու է վերադարձել:

-Ես ընդամենը մի բան էի ուզում քեզնից հարցնել,-պատասխանեց թռչնակը:

-Ի՞նչ ես ուզում իմանալ,-հարցրեց Աստված:

-Ինչո՞ւ է իմ անունը կարմրավզիկ, երբ ես կտուցից մինչև պոչս մոխրագույն եմ: Ինչո՞ւ կարմրավզիկ, երբ ես ոչ մի կարմիր փետուր չունեմ:

Թռչնակն իր սևուկ աչուկներով աղերսող հայացքով նայեց նրան, ապա թեքեց գլուխը: Նա տեսավ շուրջը ճեմող հրեղեն, ոսկեփայլ փասիանների, կարմիր փարթամ փետուրներով թութակների, կարմրակատար աքաղաղների, էլ չասենք խայտաբղետ թիթեռների, ոսկեգույն ձկնիկների և ալ կարմիր վարդերի մասին: Եվ թռչնակը մտածեց, որ իրեն անգամ մի կաթիլ կարմիր գույնն էլ պարանոցին հերիք կլիներ, որպեսզի դառնար գեղեցիկ թռչուն ու արժանի իր անվանը:

-Ինչո՞ւ եմ կարմրավզիկ կոչվում, եթե ոտքից գլուխ մոխրագույն եմ,-դարձյալ հարցրեց նա, ակնկալելով, որ Աստված կասի. «Ախ, սիրելիս, ես մոռացել եմ գունազարդել քո պարանոցի փետուրները: Մի րոպե սպասիր, ես հիմա ամեն ինչ կուղղեմ»:

Բայց Աստված լուռ ժպտաց և ասաց.

-Ես քո անունը կարմրավզիկ եմ դրել, և դու միշտ այդ անունն ես կրելու: Սակայն ինքդ ես վաստակելու կարմիր փետուրները քո պարանոցին:

Եվ Աստված պարզեց ձեռքն ու դարձյալ բաց թողեց թռչնակին:

Կարմրավզիկը պտույտներ գործեց դրախտում, մտքերի մեջ ընկավ: Ինչ կարող է անել իր նման փոքրիկ թռչնակը, որպեսզի վաստակի կարմիր փետուրները:

Եվ միայն մի բան մտածեց. մասուրի թփերի մեջ հյուսել իր բույնը: Նա հանգրվանեց փշերի մեջ, մասրենու թփի ճիշտ մեջտեղում: Թռչնակը հույս ուներ, որ մի օր ծաղկաթերթերը կփակչեն իր կոկորդին և իրենց գույնը կփոխանցեն իրեն:

Տիեզերքի ամենաերջանիկ այդ օրից անցան անթիվ անհամար տարիներ:

Կենդանիներն ու մարդիկ վաղուց թողել էին դրախտն ու ցրվել աշխարհով մեկ: Մարդիկ սովորեցին հող մշակել, նավարկել ծովերով, կառուցել հսկայական տաճարներ ու այնքան մեծ քաղաքներ, ինչպիսիք էին Թեբսը, Հռոմը, Երուսաղեմը:

Եվ ահա եկավ այն օրը, որին նույնպես վիճակված էր հավերժ հիշվել մարդկության պատմության մեջ:

Այդ օրն առավոտյան կարմրավզիկը նստել էր Երուսաղեմի պարիսպներից դուրս գտնվող բլրին աճած մասրենու փշերի մեջ հյուսված իր բնի մեջ:

Նա իր ձագուկներին էր պատմում արարման հրաշափառ օրվա մասին և թե ինչպես էր Աստված անուններ տալիս իր արարածներին: Այս պատմությունն իր ձագերին էր փոխանցում յուրաքանչյուր կարմրավզիկ, սկսած այն առաջին թռչնակից, ով լսել էր Աստծո խոսքն ու թռչել նրա ձեռքերի միջից:

-Եվ ահա տեսնում եք,-իր խոսքն ավարտեց վշտահար կարմրավզիկը,- ինչքան տարիներ են անցել այդ օրից, ինչքան վարդեր են բացվել, ինչքան ձագեր են դուրս թռել իրենց բների միջից, իսկ կարմրավզիկը մնացել է նույն փոքրիկ մոխրագույն թռչնակը: Նրան այդպես էլ չի հաջողվել կարմիր փետուրների արժանանալ:

Ձագուկները լայն բացեցին իրենց կտուցներն ու հարցրեցին. մի՞թե իրենց նախնիները ոչ մի սխրանք չեն գործել, որպեսզի վաստակեն այդ անգին կարմիր փետուրները:

-Մենք ինչ կարող էինք, արել ենք,-պատասխանեց մայրը,-բայց երբեք հաջողության չենք հասել: Ամենաառաջին կարմրավզիկը, հանդիպելով մի այլ թռչունի, իր զույգին, այնքան ուժգին սիրեց նրան, որ թվաց հրդեհ է կրծքի տակ բռնկվել: «Ախ,-մտածեց նա,-հիմա ես հասկանում եմ. Աստված կամենում է, որ մենք այնքան ջերմորեն սիրենք իրար, որպեսզի մեր սրտի մեջ ապրող սիրո հրդեհը կորմիր ներկի մեր փետուրները»: Բայց նա կարմիր փետուրներ չունեցավ, ինչպես նաև իրենից հետո եղած բոլոր մյուսները, ու նաև դուք:

Թռչնակները տխուր ծլվլացին, արդեն վշտանում էին, որ մնալու են առանց կարմիր փետուրների:

-Մենք հույս ունեինք, որ մեր երգը կարմիր կներկի մեր փետուրները,-շարունակեց մայր-կարմրավզիկը,- առաջին կարմրավզիկն այնքան գեղեցիկ էր երգում, որ ոգեշնչումից և հիացմունքից կուրծքը թրթռում էր, և նրա սրտում դարձյալ հույսն արթնացավ: «Ախ,-մտածում էր նա,- իմ հոգու կրակն ու բոցը. ահա թե ինչը կգունազարդի իմ կուրծքն ու վիզը»: Բայց նա դարձյալ սխալվեց, և սխալվեցին նաև իրենից հետո եկողները, կսխալվեք նաև դուք:

Դարձյալ լսվեց վշտահար ձագերի տխուր ձայնը:

-Մենք մեր հույսը դրել էինք նաև մեր խիզախության ու արիության վրա,-շարունակեց թռչնակը,- դեռ առաջին կարմրավզիկը հերոսաբար պայքարում էր այլ թռչունների դեմ, և նրա կուրծքը հրդեհվում էր ռազմատենչ խիզախությունից: «Ախ,-մտածում էր նա,-մարտի բոցն ու հաղթանակի ծարավը, որ այրում են սիրտս, ալ կարմիր կներկեն իմ փետուրները»: Բայց դարձյալ հիասթափություն ապրեց, ինչպես և դուք եք ապրելու:

Թռչնակները անվախ ծլվլում էին, որ իրենք էլ կփորձեն վաստակել կարմիր փետուրներ, բայց մայրը տխուր պատասխանում էր, որ դա անհնար է: Ինչի վրա հույս դնեն, եթե իրենց հիասքանչ նախնիները ոչնչի չհասան: Ինչ կարող են անել իրենք, եթե…

Թռչնակն իր խոսքը կիսատ թողեց, որովհետև Երուսաղեմի դարպասներից մի բազմամարդ թափոր դուրս եկավ, որն ուղևորվում էր դեպի իրենց բլուրը, որտեղ մասրենու մացառների մեջ թաքնված էր կարմրավզիկի բույնը:

Թափորի մեջ կային հեծյալներ, որոնք հեծնել էին հպարտ ձիերին, երկար նիզակներով մարտիկներ, մուրճ ու մեխերով զինված դահիճներ, սեփական կարևորության գիտակցումով շարժվում էին քահանաներ ու դատավորներ, անցնում էին դառնաղի արտասվող կանայք ու բազմաթիվ անգործ փողոցային թափառաշրջիկներ:

Փոքրիկ մոխրագույն թռչնակը նստել էր բնի մեջ ու ողջ մարմնով դողում էր: Նա վախենում էր, որ ամբոխը կտրորի մասրենու թուփը և կոչնչացնի իր ձագուկներին:

-Զգույշ մնացեք,-ասում էր նա անպաշտպան ձագուկներին,-պինդ կպեք իրար ու ձայն մի հանեք: Ուղիղ մեզ վրա է գալիս մի ձի: Ահա մի զինվոր է մոտենում: Այս ամբողջ վայրենի ամբոխը մեզ վրա է գալիս:

Եվ հանկարծ թռչնակը լռեց ու պապանձվեց: Նա ասես մոռացավ վտանգի մասին, որը սպառնում էր իրեն ու իր ձագուկներին:

Հանկարծ նա թռավ բնի մեջ ու ձագերին ծածկեց իր թևերով:

-Ոչ, սա շատ սարսափելի է,-ասաց նա,-ես չեմ ուզում, որ դուք դա տեսնեք: Նրանք խաչելու են երեք ավազակների:

Եվ նա լայն բացեց թևերը, ծածկելով ձագերին: Լսվում էին մուրճերի խուլ հարվածները, մահապարտների աղեկեզ աղաղակները և ամբոխի վայրի ճիչերը:

Կարմրավզիկը հետևում էր անցուդարձին, նրա աչքերը սարսափից լայնացել էին: Նա չէր կարողանում հայացքը կտրել երեք դժբախտներից:

-Ինչքան դաժան են մարդիկ,-ասաց նա իր ձագուկներին,-բավական չէ` խաչել են տառապյալներին, դեռ մեկի գլխին էլ փշե պսակ են դրել: Տեսնում եմ, որ փշերը մխրճվել են ճակատը ու արյունը հոսում է երեսն ի վար: Ու թեև ամեն ինչին, այդ Մարդն այնքան սքանչելի է, հայացքն այնքան հեզ ու խոնարհ է, որ անհնար է նրան չսիրել: Ասես մի նետ խոցի իմ սիրտը, երբ տեսնում եմ Նրա տառապանքները:

Եվ խղճահարությունը Խաչյալի հանդեպ ուժգին լցնում էր կարմրավզիկի սիրտը:

«Եթե ես արծիվ լինեի,-մտածում էր նա,-ես կհանեի մեխերը Տառապյալի ձեռքերի միջից և իմ ամուր ճանկերով հեռու կվանեյի նրան տանջողներից»:

Կարմրավզիկը տեսնում էր արյունը Խաչյալի երեսին և այլևս չէր կարողանում նստել իր բնի մեջ:

«Թեև ես փոքր եմ, և ուժերս չնչին են, բայց պետք է ինչ-որ բան անեմ այս դժբախտի համար»,-մտածեց կարմրավզիկը: Եվ նա դուրս թռավ բնի միջից, պտույտներ գործեց Խաչյալի գլխավերևում:

Մի որոշ ժամանակ նա պտտվեց գլխավերևում, չհամարձակվելով ավելի մոտ թռչել, քանի որ երկչոտ փոքրիկ թռչնակ էր, որը երբեք մարդուն մոտ չէր գնացել:  Բայց կամաց-կամաց նա համարձակություն հավաքեց, թռավ ուղիղ Խաչյալն ու կտուցով պոկեց փշերից մեկը, որը մխրճվել էր ճակատը:

Հենց այդ պահին նրա պարանոցին կաթաց Խաչյալի արյունը: Արյունն արագ տարածվեց ու ներկեց թռչնակի պարանոցի կրծքի նուրբ փետուրները:

Խաչյալը բացեց աչքերն ու շշնջաց կարմրավզիկին. «Իբրև պարգև քո գթասրտության համար դու ստացար այն, ինչի մասին երազում էր քո ցեղը արարման առաջին օրից»:

Հենց թռչնակը վերադարձավ իր բույնը, ձագերը ճչացին.

-Մայրիկ, քո պարանոցին ու կրծքին կարմիր վարդեր կան:

-Սա ընդամենը արյան կաթիլ է, որ կաթացել է թշվառ Տառապյալի ճակատից,-ասաց թռչնակը,-հենց լողանամ աղբյուրի մեջ կանհետանա:

Բայց ինչքան էլ լողանում էր կարմրավզիկը, կարմիրը չէր անհետանում նրա պարանոցից, և երբ նրա ձագուկները մեծացան, կարմիրը, իբրև արյուն, շողարձակեց նաև նրանց փետուրներին, և փայլում է մինչ օրս յուրաքանչյուր կարմրավզիկի պարանոցի ու կրծքի վրա: