arxiv

Սեղանի հեքիաթներ

Բրնձի ճանապարհորդությունը

Բրնձի հատիկները սովորականի պես պառկած էին տոպրակի մեջ: Նրանց մտքով չէր էլ անցնում, որ մայրիկս որոշելու է տոլմա եփել: Նա բրինձը դատարկեց սկուտեղի մեջ:

-Ախր, ի՞նչ մեղք ենք գործել: Այս ի՞նչ անեծք է,- փնթփնթաց մի ծերուկ՝ թրմփալով սկուտեղի հատակին:

Մայրիկիս պետքն էլ չէր: Նա մի կճեպ գտավ և փորձեց հանել բրնձի կույտի միջից:

-Իսկ ինձ ո՞ւր եք տանում,- բղավեց կճեպը, սակայն արդեն աղբի դույլի մեջ էր:

-Բարև ձեզ,- կիրթ ասաց նա կողքին բազմած պահածոյի դատարկ տուփին:

Երբ բրինձն արդեն մաքուր էր, մայրիկն այն լցրեց կաթսայի մեջ:

-Տիկի՛ն, վե՛րջ տվեք ձեր անմիտ արարքներին,- վրայի փոշին թափ տալով` դարձյալ բղավեց նույն ծերունին: Սակայն այդ պահին էլ բոլորի գլխին սառը ջուր լցրեցին:

-Հասե՛ք, փրկե՛ք, խեղդվում ենք:

Բայց սա դեռ բոլորը չէ: Փորձությունները գալիս էին մեկը մյուսի հետևից: Հիմա էլ մայրիկը բրնձի վրա միս էր լցնում:

-Այս անտաշ կինը կողերս ջարդեց,- տնքում էր բրնձի հատիկը:

Իսկ երբ մայրիկը նրանց սկսեց լցնել կանաչ պարկերի մեջ, բրնձի հատիկը մի քիչ աշխուժացավ:

-Սա ինձ արդեն ծանոթ է,- ասաց նա,- երիտասարդ տարիներիս արշավների շատ եմ գնացել, սա քնապարկ է:

Լավ է` չհարցնեք, թե ինչպես տոլման եփեցին: Բրնձի հատիկն այնպես էր ուռել, սիրտը բարկությունից պայթում էր:

Տոլման հանդիսավորությանբ տանում էին հյուրասենյակ:

Փնթփնթան բրինձն ինձ բաժին հասավ:

Գոռ Բաղդասարյան

***

Աղը

Նրան հանկարծ «աղ» չասեք, թե չէ՝ էլի կվիրավորվի: Ինքը պարոն Աղն է և հիմա բազմում է սպասքապահարանի ամենաբարձրադիր տեղում: Պարոն Աղն իր հարևանների հետ խոսել չի սիրում: «Շատ դատարկ ու զնգուն են հարևաններս: Եվ օգտակար էլ չեն,- մտածում էր ինքն իրեն,- այս ափսեներին նայեք: Ո՞ւմ են պետք, եթե ապուր չուտեն, նրանց ոչ ոք չի հիշի: Հետո շատ փնթի են, ամեն օր պիտի սրանց լողացնես: Իսկ ինձ այնքան խնամքով են պահում, որ ջրի կաթիլ անգամ չի կպնում»:

Եվ իր կարողություններից ուռած-փքված` մտավ պահարանի ամենամութ անկյունը: «Լավ է այստեղ մեն-մենակ նստեմ, քան սրանց հետ լեզու թրջեմ, մանավանդ, ջուրն էլ իմ թշնամին է»,- որոշեց նա: Երբ բոլորը սեղան նստեցին, պարոն Աղի մասին մոռացան: Ախր, փոքրիկ աղջիկը հո չէ՞ր կարող պահարանի մութ անկյուններն ստուգել:

Իսկ Պարոն Աղն արդեն զայրույթից քիչ էր մնում պայթեր:

-Այսօր ճաշն այնքան էլ համեղ չէ,- շատ զգույշ, որ մայրիկը չվիրավորվի, ասաց հայրիկը:

-Իսկապես, աղցանն էլ է անհամ,- նկատեց մայրիկը:

-Որտե՞ղ է աղը,- հարցրեց պապիկը,- դուք ոչ մի կերակուրի մեջ աղ չեք լցրել:

«Վերջապես»,- խորը շունչ քաշեց պարոն Աղը:

-Մյուս անգամ ինձ առաջինը կդնեք սեղանին,- մրթմրթաց նա ու գործի անցավ:

Փոքրիկ աղջիկն էլ ինքն իրեն մտածեց. «Ինչ կարևոր է աղը, առանց նրա ամեն ինչ անհամ է: Երևի, համը հենց ինքն է»:

Լավ է պարոն Աղը մտքեր կարդալ չգիտեր, թե չէ հետը խոսել չէր լինի:

Գևորգ Մանթաշյան

***

Շագանակը

Կար-չկար մի շագանակագույն շան ձագուկ կար: Նա շատ տխուր էր, որովհետև իրեն շագանակ էր զգում: Բոլոր շներն իրեն «շագանակ» էին ասում: Խեղճ շնիկը որոշել էր բարձրանալ շագանակի ծառը: Եթե ինքը շագանակ է, թող շագանակները իր ընկերները լինեն: Ոչ մեկն այլևս իրեն չի ծաղրի: Երբ շնիկը բարձրացավ ծառը, շագանակները հարցրեցին.

-Այս շունն ինչո՞ւ է եկել մեր ծառի վրա նստել:

Շունը զարմացած մտածեց. «Այս շագանակները շների ցեղն ավելի լավ են ճանաչում, քան իմ ընտանիքը»:

Եվ սուսուփուս ծառից իջավ:

Մուշեղ Բաղդասարյան

***

Փնթփնթան սփռոցը

Կար-չկար մի գեղեցիկ ու տարօրինակ մի սփռոց: Դե դուք ասեք, բա տարօրինակ չէ՞ր: Չէր թողնում իր վրա ուտելիքներ շարեն:

-Այս ի՞նչ խայտառակություն է, ո՞վ է այս լպրծուն հավը դրել իմ գեղեցիկ ծաղիկների վրա,- ճչում էր նա,-հազար անգամ եմ ասել. ես զզվում եմ հավի հոտից. հիմա յուղից լաքաներ կմնան ինձ վրա:

Ոչ ոք սփռոցի ձայնն իսկի չէր լսում, և շարունակում էին ուտելիքով լի ափսեները դասավորել սփռոցի վրա:

-Հիմա էլ ապուր են դնելու: Ապուրի ամաններից իմ դեմքը կնճռոտվում է,-բղավեց սփռոցն ու այնպես ձգեց երեսը, որ ափսեները շուռ եկան:

-Մայրիկ, սփռոցը կեղտոտ է, ուրիշ սփռոց փռի սեղանին,- ասացին երեխաները:

-Իսկապես, ինչ լաքաներ կան վրան, իսկ ես չէի նկատել,- զարմացավ մայրիկն ու անմիջապես հավաքեց գոռոզ սփռոցին:

Շուտով բոլոր հյուրերը հավաքվեցին, և ուրախ խնջույքն սկսվեց:

Միայն գոռոզ սփռոցն էր տխուր, չէ՞ որ կեղտոտ սպիտակեղենի զամբյուղի միջից ոչինչ չէր երևում:

Նարե Աղաբաբյան

***

Համբուրգերը

Հացը պառկել էր հացամանի մեջ ու մտածում էր: Նա երազում էր եգիպտական բուրգ դառնալ: Եվ քանի որ լսել էր, թե ինչպես են մայրիկներն իրենց բալիկներին հորդորում. «Կեր, որ մեծանաս»,-ինքն էլ սկսեց ուտել: Ուտում էր ինչ պատահի. Համ պանիր, համ մի երշիկ, համ կանաչի, հաճույքով լպստեց մանանեխի գդալը… Համ կերավ սեղանին դրված խորովածը, համ էլ՝ թթուն…

Համ, համ, համ… Ուռեց-տռզեց, բայց եգիպտական բուրգ չդառավ: Կերածը բկին կանգնեց, ու համբուրգեր դարձավ:

Լիլիթ Հովհաննիսյան

***

Նուռը

-Լռեք, ես ինչ-որ ձայն լսեցի,- ասաց նռան հատիկներից մեկը:

-Այդ հարևան սենյակում են բարձրաձայն զրուցում,- հանգստացրեց մեկ ուրիշ հատիկ:

-Ի՞նչ եք կարծում, մեզ ի՞նչն է այսպես տաքացնում, շոգից խեղդվում եմ:

-Երևի, մեզ գրկել են ինչ-որ տաք արարածներ:

-Այդ դուք եք շոգից խեղդվում, իսկ այստեղ շատ ցուրտ է,- դժգոհեց մի հատիկ, որը նռան խորքում էր նստել:

-Ինձ թվում է, մենք տաք ջրի մեջ ենք լողում, դրա համար էլ շոգում ենք,- ասես ընկերոջ փնթփնթոցը չլսեց կեղևին կառչած մի ուրիշ հատիկ:

-Բավական է ձեր չիմացած բաների համար վիճեք,- չդիմացավ նռան կեղևը,- մեզ արևն է այդպես ջերմացնում: Դժգոհելու կարիք էլ չկա, եթե արևը ձեզ չտաքացնի, դուք չեք մեծանա:

-Իսկ արևն ի՞նչ է,- զարմացան հատիկները,- համեղ ու տաք գոլորշի՞:

-Ինչ էլ ասեմ՝ չեք պատկերացնի: Արևը տաք գունդ է:

-Նա՞ էլ է մեր ծառից կախված,- բոլորի անունից հարցրեց ամենաիմաստուն հատիկը, որը լսել էր ծառի մասին:

-Ըհը, ասում էի, չէ՞, որ չեք պատկերացնի,- հիմա, եթե ասեմ արևը երկնքում է, պիտի հարցնեք, թե ինչ է երկինքը:

-Իսկ դու արևին տեսնո՞ւմ ես,- նախանձով հարցրեցին հատիկները,- եթե տեսնում ես, այնպես արա, որ մենք էլ տեսնենք:

-Դե, լավ, հիմա կտեսնեք,- ասաց կեղևը, հավաքեց իր ուժերն ու պատռվեց:

Հենց այդ պահին պարտեզ մտավ Ծովինարը, տեսավ ճաքած նուռը և ուրախ բացականչեց.

-Վայ, նուռը ճաքել է, ես հիմա այն կդնեմ մեր տոնական սեղանին:

Աշխեն Գրիգորյան

***

Մանուշակը

Մանուշակն այնքան փոքրիկ ու քնքուշ էր, որ ձեռքը սեղանին էլ չեր հասնում: Հայրիկն աթոռի վրա մի բարձ դրեց և Մանուշակին նստեցրեց վրան: Աղջիկն այնքան երջանիկ էր, չէ՞ որ իրեն թույլ են տվել մեծերի հետ սեղան նստել: Հուզմունքից նույնիսկ ուտել չէր կարողանում: Երբ քրոջ ընկերները տեսան փոքրիկին, ժպտացին, Մանուշակն այնպես կարմրեց, որ մոռացավ, թե ինչ է իր անունը:

-Լեզու չունե՞ս,- ծիծաղեցին աղջիկները,-ի՞նչ է քո անունը:

Լավ է՝ իրեն ոչ ոք չնկատի, ինքն այնպես սուսիկ-փուսիկ կնայի բոլորին, կլսի, թե ինչ են խոսում: Իսկ համեստ մարդիկ, պետք է ձեզ ասեմ, ավելի շատ բան են լսում և իմանում: Այդ պատճառով էլ ոչ ոք չլսեց, թե ինչ են իրենց մասին մտածում ծաղկամանի մեջ դրած ծաղիկները:

-Այս տղան շատ անշնորհք է,-դժգոհեց զանգակը,- տոլման թափեց ծաղկաթերթերիս:

-Իսկ այս աղջիկն իր վրա է շաղ տվել մայրիկի օծանելիքը,- բարկացավ մեխակը,- հիմա իմ բույրը ոչ ոք չի զգա:

-Փրկեք ինձ այս անգութ տղայից,-ճչաց երիցուկը,- նա պոկում է իմ գեղեցիկ թերթիկները:

Մանուշակը հուզմունքից կարմրել էր.

-Բաց թող երիցուկը,- խնդրեց նա տղային:

Եվ, այ, քեզ զարմանք, տղան փոքրիկ Մանուշակին լսեց:

-Ինչ բարի ու լավ աղջիկ ես դու,- երախտագիտությամբ նրան նայեցին ծաղիկները և այնքան անուշ բուրեցին, որ նույնիսկ օծանելիքը գլխին լցրած աղջիկը բացականչեց.

-Ինչ լավ են բուրում ձեր ծաղիկները:

Մանուշակը ոչինչ չասաց: Չէ որ համեստ մարդիկ իրենց կատարած բարի գործերի համար երբեք գլուխ չեն գովում:

Մարիամ Միքայելյան

***

Արքայանարնջի գդալները

-Քանի անգամ եմ ասել՝ պատառաքաղով կեր,- բարկացավ մայրիկը, երբ Տիգրանիկը նրբերշիկը տարավ բերանը:

-Ես վայրի մարդ եմ, մայրիկ,- բացատրեց տղան,- տես, նոր եմ եկել անտառից, առաջին անգամ եմ պատառաքաղ տեսնում:

-Տիգրանիկ, տորթը գդալով կեր: Մի քեզ նայիր, վերնաշապիկիդ ու քիթմռութիդ նայողը կարող է իմանալ, թե ինչ կար տոնական սեղանին:

Իսկ Տիգրանիկն արդեն հովազ է, մռնչում ու թռչում է աթոռից աթոռ:

-Այս հովազը հիմա քեզ կուտի,- վախեցան ափսեները:

-Իսկ գդալներն ու դանակներն այնպես վիրավորվեցին, որ սուսուփուս մտան արքայանարնջի կորիզների մեջ:

-Չե՞ք հավատում, հապա կիսեք արքայանարնջի կորիզները և ուշադիր նայեք:

Անի Աղաբաբյան

***

Հացի կտորը

-Եկեք, գնանք ձնագնդի խաղալու,- առաջարկեց Նարեկը, և բոլորը դուրս վազեցին: Անին, որ դեռ ուտելը չէր վերջացրել, հացն առավ ձեռքն ու գնաց նրանց հետևից: Ձնագնդի խաղալով ուտել չի լինում, և Անին հացը դեն նետեց: Հացի կտորը շատ էր վիրավորվել:

-Ուրեմն, ես բոլորովին էլ սուրբ չեմ, ինչպես ասում են բոլորը: Չէ որ երեխաների համար խաղալն ավելի կարևոր է, քան ես: Այդ ժամանակ մի ծիտիկ տեսավ գետնին ընկած հացի կտորը և մոտ թռավ:

-Այսօր ճոխ սեղան կբացեմ և կհրավիրեմ բոլոր քույրիկներիս և եղբայրներիս:

Նա վերցրեց և տարավ-դրեց կերակրասեղանի վրա: Քիչ հետո բակն ուրախ ճռվողյունով լցվեց:

-Ուրեմն, ես այդքան էլ վատը չեմ,- խորը շունչ քաշեց հացի կտորը:

Սոնա Մադաթյան

***

Խոսող կոնֆետը

Մայրս կոնֆետը լցրել էր ափսեի մեջ և դրել սեղանին: Ես վազելով սենյակ մտա, մեկը վերցրեցի և նորից բակ իջա: Հենց ուզում էի ուտել, մեկ էլ մի ձայն լսեցի.

-Ինձ մի կեր, խնդրում եմ,- ասաց կոնֆետը:

-Բայց ես կոնֆետ այնքան եմ սիրում, որ ուզում եմ քեզ ուտել:

-Եթե դու ինձ ուտես, լավ չի լինի: Ավելի լավ է` ինձ ջրավազանը գցիր: Հետո կտեսնես, թե ինչ կլինի:

Ես մի քիչ տխրեցի, բայց արեցի կոնֆետի ասածը: Քիչ հետո, ջրի գոլորշիների հետ կոնֆետս էլ վեր բարձրացավ: Ես տխուր տուն վերադարձա և սկսեցի դասերս պատրաստել: Քիչ հետո անձրև եկավ, և երկնքից կոնֆետներ թափվեցին: Բոլոր ծառերի ճյուղերից գույնզգույն կոնֆետներ էին կախվել: Ի~նչ լավ է, որ ես խոսող կոնֆետին չկերա:

Ծովինար Տալյան

***

Խոզուկը

Նախատոնական օր է: Կենդանիները վիճում են, թե նրանցից ով կլինի ամենացանկալին ու կզարդարի տոնական սեղանը: Զանգուլակով հորթուկն ամենահպարտն է:

-Ես սնվել եմ ալպյան մարգագետինների կանաչով և կլինեմ սեղանի զարդը: Ինձնով բազում խորտիկներ կպատրաստեն:

Իսկ կչկչան հավը` ձայնը գլուխը գցած գովում էր իր` առանց դիօքսինի միսն ու ձուն:

Պակաս պարծենկոտ չէին նաև նապաստակն ու հնդկահավը: Միայն խոզուկն էր խռխռացնում ու խոճկորների հետ թավալ տալիս ցեխաջրում: Տոնն սկսվեց: Սեղանի ամենապատվավոր տեղում բազմել էր խոզուկը: Երեխաներն ուրախանում էին և ցույց տալիս նրա զարդարված գլուխը: Իսկ խոզուկը լայն բացել էր նռով ու կանաչիներով զարդարված բերանն ու ասում էր.

-Չէ, պարծենկոտի ճանապարհը շատ կարճ է: Խորտիկներից` ուղիղ ստամոքս, էն էլ առանց հիացմունքի: Իսկ ինձնով դեռ երկար կհիանան ու կափսոսան ձեռք տալ:

Նարե Գալստյան

2000թ.